Tuesday, April 8, 2008

ՄԷԿԸ ՀԱԶԱՐԻ՞ ԴԻՄԱՑ

Անցեալ Կիրակի օրը հրաւիրուել էի մասնակցելու մի ժողովի։ Գնացի։ Ժողովի ընթացքում վաստակաւոր մի ուսուցիչ հերթ վերցրեց խօսելու եւ իր խօսքն սկսեց հետեւեալ նախադասութեամբ՝ "Ընկերներ, մի մոռացէք, որ մենք այն ազգն ենք եղել, որ մեր մէկ զինուորը միայնակ դուրս է եկել թշնամու հազար զինուորի դէմ, ու յաղթել է"։

Եւ նայելով ներկաների աչքերին ու հաւանաբար փորձելով խօսքն աւելի ազդու դարձնել ու ներկաներին, ինչպէս Հայաստանում են ասում՝ դուխ տալ (քաջութիւն ներշնչել), շարունակեց՝ "այն էլ առանց զէնքի"։

Ես մի պահ, սուտ չասեմ, գլխապտոյտ ունեցայ։

Իսկապէս մենք ա՞յն ազգն ենք, որ մեր մէկ զինուորը միայնակ առանց զէնքի թշնամու հազար զինուորի դիմաց դուրս է եկել ու յաղթել է։ Ներեցէք ո՞ր թուականին։ Այդ կռիւը պատմութեան մէջ ի՞նչ անունով է յայտնի։ Ի՞նչ է եղել այդ զինուորի անունը։ Մէկը՞ հազարի դիմաց։

Մի կողմ թողնենք հայ ազգին, մարդկային առումով դա հնարաւ՞որ է (անշուշտ ի բացառեալ Հոլիւուդեան տեսաերիզների)։

Էլի եթէ չասէր առանց զէնքի, կը մտածէի կարող է մեր այդ մէկ զինուորը լէյզերով զէնք է ունեցել, բայց որ առանց զէնքի…

Սիրելիս, ախր այս ի՞նչ սնապարծութիւն է։ Ո՞վ է այդպիսի բան ասել։ Որտե՞ղ ես կարդացել։ Ախր ինչու՞ ենք ինքներս մեզ սուտ ասում ու յետոյ մեր ասած սուտի վրայ հիանում։

Եթէ անգրագէտ մարդը դա ասի, էլի հասկանալի է, բայց որ վաստակաւոր ուսուցիչը այդ հաւատքով սերունդներ է դաստիարակում, դէ արդիւնքն էլ այն է, որ մենք դարեր է դոփում ենք տեղում։

Սթափ մնացէք։

No comments: