Friday, September 26, 2014

ՋՈՒՐԸ ՄՆԱՑ ԿՈԿՈՐԴՈՒՄՍ...



Կարդացի ՀՀ նախագահի ելոյթը ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի ամբիոնից։
Անկեղծ ասած լաւ ելոյթ էր, տեղը տեղին։

Նոյն անկեղծութեամբ ասեմ, որ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների մասով նախագահի ասածը, ինչքան էլ ուրախալի, այդուամենայնիւ իմ վրայ նեղացած մարդու տպաւորութիւն թողեց (այն որ Հայաստանում ասում են` աբիժնիկ)։ Ճիշտ երեխաների կռիւը մանկապարտէզում` հիմա որ գնդակը չես տալիս, ես էլ չեմ խաղայ. նոյնն է` հիմա որ չես վաւերացնում, ես էլ արձանագրութիւնները մեր ԱԺ-ից յետ կը կանչեմ։ Ի՞սկ եթէ վաւերացնի… Թէ ստորագրութիւններն են դեռ տեղը, թէ արձանագրութիւններն իրենց ուժը չեն կորցրել ու թէ, իմ համոզմամբ, եթէ այսօր թուրքերը վաւարացնեն արձանագրութիւնները, Հայաստանը գիշերով ԱԺ-ի արտահերթ նիստ կը հրաւիրի ու կը վաւերացնի դրանք, որովհետև ոչ թէ հասկացել ու համոզուել են իրենց սխալի մէջ, այլ պարզապէս «քցուել» են։ Բայց դա դեռ մի կողմ թողնենք։

Կրկնեմ, որ լաւ է, որ նախագահն այդպէս ասաց, բայց ճիշտն այն էր, որ ի սկզբանէ չստորագրէր։ Ուրախ եմ, որ նախագահն այդպէս ասաց, բայց լաւն այն կը լինէր, որ մինչ այս պահը իր սխալը սրբագրած ու ստորագրութիւնը յետ վերցրած լինէր։

Բայց այս գրառումը դրա մասին չէ, այլ կոկորդումս մնացած ջրի։

Կարդացի ելոյթը։ Շարունակեցի այլ նորութիւնների հետ ծանօթանալ։ Մի բաժակ ջուր լցրի, որ խմեմ։ Սկսեցի խմել ու մէկ էլ…Սուրիկ Խաչատրեանը [վերա]նշանակուել է Սիւնիքի մարզպետ…Ջուրը մնաց կոկորդումս... Հանրապետական աւազակախումբը նոյնիսկ ջուր խմելու հնարաւորութիւն չտուեց։

Պատկերացնում էք, Լիսկան կրկին Սիւնիքի մարզպետ…

Այ քեզ բան։ Այս երկրում ուրիշ մարդ չկա՞յ։ Իրօք, որ հանրապետականները մարդու սովի վիճակում են յայտնուել։

Եւ նոր հասկացայ հանրապետականների «Դէպի ապահով Հայաստան» կարգախօսի ու Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի յայտարարութեան մէջ երեք անգամ տեղ գտած «ապահով Հայաստան»-ի իմաստը։ Մեղք ենք։ Սփիւռքահայերը` մի առումով, հայաստանցի հասարակ մահկանացուները` մէկ այլ առումով, իսկ մենք սփիւռքահայ հայաստանաբնակ հասարակ մահկանացուներս` բոլորովին այլ առումով։

Պինդ մնացէք։

No comments: