Sunday, April 27, 2014

ՄԱՐԴՈՒ ՍՈՎ

Երկրի վերջին երկու-երեք շաբաթների իրադարձութիւնները, նաև Նախագահի կողմից (վերա)նշանակուած նախարարներն ու ԱԺ-ի նախագահի նշանակումը (իբր ընտրութիւնը)` եկան հաստատելու Հանրապետական կուսակցութիւնում առկայ մարդու սովի մասին։

Ուզում են համոզել, որ Հայաստանի երիտասարդ Հանրապետութիւնը սպառել է որակեալ մարդուժը և, մեզ` սովորական քաղաքացիներիս անընդհատ պարտաւորեցնում են յիշել երկրի երեկը, որը թէև լաւը չէր, բայց, այդուհանդերձ, աւելի լաւն էր` քան այսօրը։

Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրման նախաշեմին, երբ Նախագահը այցելեց Սփիւռք` բացատրելու իր քայլը և, հանդիպեց սփիւռքահայերի ընդվզումին, մեր երկրի ճակատագրում, ցաւօք սրտի, դերակատար մի խեղկատակ` Գալուստ Սահակեան անունով, սփիւռքահայերին կոչեց "տականք"։ Այդ ժամանակ ես նրան մի բանաստեղծութիւն նուիրեցի։ Ահա յղումը։ Եւ հիմա այդ տականք խեղկատակը դառնում է մեր երկրի ԱԺ նախագահ։ Այդ համապատկերում դժուար չէ պատկերացնել Հայաստան-Սփիւռք փոխ-յարաբերութիւնների հետագայ ճակատագիրը։ Էլ չեմ խօսում այն քրտինքի մասին, որ ամօթից նստելու է հայերի ճակատին, երբ ամէն անգամ իրենց ԱԺ նախագահը հանդիպի արտասահմանեան պատուիրակութիւններին։

Տիգրան Սարգսեանի կառավարութեան նախարարները գրեթէ նոյնութեամբ վերանշանակուեցին։ Ստացւում է, որ խնդիրը Տիգրան Սարգսեանն էր…

Սերժ Սարգսեանը` Տիգրան Սարգսեանին տուն ուղարկելով լաւ առիթ ունէր յոյսի նշոյլ վերադարձնել հասարակութեանը` բարոյական նկարագրի տէր որակեալ մարդկանց պատասխանատու դիրքերի բերելով (որոնք հասարակութեան մէջ առկայ են, բայց իշխանութեան հետ կապ չունեն), սակայն նորանշանակ վարչապետից սկսած մինչև վերանշանակուած նախարարներով ու մինչև դրանց գլուխգործոցը համարուող ԱԺ նորանշանակ նախագահով` երկրի խորտակուող նաւը էլ աւելի մխրճուեց (ու կը մխրճուի) տիղմի մէջ։ Ու չի փրկի նոյնիսկ Յովիկ Աբրահամեանի գործնապաշտական քայլերը։

Ձուկը գլխից է հոտել։

Երկիրը կարելի է փրկել միմիայն ազգային մտածողութիւն ունեցող և բարոյական չափանիշներով առաջնորդուող ղեկավարներով։

Պինդ մնացէք։

No comments: