Tuesday, February 13, 2007

ՀԱՍՏԱՎԻԶՆ ՈՒ ՏՂԱՍ

Կոմիտաս պողոտայում կայ "Ճստիկ-Պստիկ" անունով մանկական հագուստի խանութ։

Կինս՝ տղայիս գրկած, ուզեցել է մտնել այդ խանութը։ Սառցակալած փողոցներում նոյնիսկ միայնակ քայլելը դժուար է, էլ ինչ մնացած մի երեխայ էլ գրկումդ։

1-1.5 մետր է հեռու եղել խանութի մուտքից, որ մէկ էլ մի Տոյոտա Պռադօ (Toyota Prado) փողոցից արագ մտել է մայթ ու մայթով քշելով պահել մանկական հագուստի խանութի մուտքի մօտ` պարզ է, վտանգելով անցորդների, ընդորում նաեւ կնոջս ու տղայիս կեանքը։

Մարդիկ իրար են նայել, նայել են մեքենային։ Ի՞նչ անել, ի՞նչ չանել։

Մեքենայից իջել է մի հաստավիզ ու լայնաբազուկ մարդ։

Ոչ ոք ոչ մի բան չի ասել։

Կինս էլ բան չասելով, շարունակել է քայլել ու մտել է խանութ։ Հետեւից այդ մարդը, որը պարզուել է՝ խանութի յաճախորդներից է ու եկել է գնումներ կատարելու։

Ու խանութ մտած-չմտած մարդը կնոջս ասում է.-
- Բա երեխային էսպէ՞ս դուրս կը բերեն։ Ինչու՞ ես քիչ շոր հագցրել։ Կը մրսի։ Բա՞ ձեռնոցը։
- Ձեռնոցը հագը չի պահում։
- Եաա՜, էդ էլ էլաւ պատասխան։

Կինս ապշած նայել է մարդուն։ Ի՞նչ ասի։

Փորձենք լուծել հանելուկը։
Հաստավիզը մի կողմից խախտում է կանոնը՝ վտանգելով մարդկանց կեանքը եւ միւս կողմից՝ մտահոգուած է մի անծանօթ երեխայի մրսել-չմրսելով, ընդորում ոչ միայն մտահոգուած է, այլ տիրոջ նման իրեն իրաւունք է վերապահում հարցաքննել երեխայի մօրը։

Մի կողմից մտածում եմ պիտի տխրեմ, որ մարդիկ կան, որ խախտում են օրէնքը ու միւս կողմից մտածում եմ պիտի ուրախանամ, որ մարդիկ կան, որ մտահոգւում են երեխաների կեանքով (թէեւ ի հարկէ այս դէպքում մարդը ճիշտ չի եղել)։

Մի կողմից մտածում եմ գնամ գտնեմ (ինչպէ՞ս) այդ հաստավզին ու ասեմ "ախր ով ես դու, որ քեզ իրաւունք ես վերապահում այդպէս խօսել ուրիշների կանանց հետ", ու միւս կողմից մտածում եմ, որ եթէ դեռ հաստավիզ-լայնաբազուկները հետաքրքրւում են անծանօթ երեխաների մրսել-չմրսելով, նշանակում է մեր երկրում ամէն բան դեռ կորած չէ։

Յամենայնդէպս կարծում եմ բախտ եմ բերել, որ հաստավիզը կնոջս չի ասել "Տուր ամուսնուդ հեռախօսահամարը` զանգեմ տեսնեմ սա ի՞նչ վիճակ է"։

Լաւ մնացէք։

No comments: