Thursday, January 11, 2007

ԻՆՉՈՒ ԱՅՍ ԿԱՅՔԸ

Ինչու այս կայքը։

1- Մի ժամանակ չգիտէի ինչ է համացանցը (Internet)։ Չափազանցութիւն չի լինի եթէ ասեմ, որ այսօր այն կեանքիս մի մասնիկն է դարձել։ Ամէն օր համացանցի միջոցով նամակներ եմ ստանում ու դրանց պատասխանում, այցելում եմ բազմաթիւ պաշտօնական ու անպաշտօն կայք էջեր՝ կարդում լուրեր, յօդուածներ, յուշեր, փնտրում եմ ինձ հետաքրքրող նիւթերի մասին տեղեկութիւններ։

2 - Վերջերս մի նիւթի մասին փնտրտուք կատարելիս մէկ էլ ամենայն պատահականութեամբ ծանօթացայ աշխարհի տարբեր երկրներում ապրող մի խումբ պարսիկների հետ, որոնք ունեն իրենց անձնական կայքերը, գրում են հազար ու մի նիւթի մասին ու իրար հետ կապի մէջ են։ Թէեւ նման անձնական կայք ստեղծելու գաղափարն իմ մտքում վաղուց կար, սակայն պիտի խոստովանեմ, որ մեծապէս ազդուեցի նրանցից (մի քիչ էլ նախանձեցի)։ Ոչ ես եմ նրանց ճանաչում, ոչ էլ նրանք ինձ, բայց նրանք որոշիչ դեր խաղացին այս կայքն ստեղծելու գործում։

3- Կարծում եմ ամէն մարդ գոնէ մէկ անգամ իր կեանքում փորձել է օրագիր պահել։ Սա օրագիր չէ դասական առումով, որովհետեւ օրագրում կարող ես գրել այնպիսի բաներ, որոնք չես ուզում բոլորն իմանան, ասենք օրինակ` ում ես սիրում կամ ինչ պատահեց այնինչ օրը այնինչ վայրում կամ ում ինչքան փող ես պարտք տուել եւ ումից ինչքան ես պարտք արել եւ այլն։ Այս կայքն այդպիսին չէ։

Օրագիրը նաեւ, ինչպէս անունից էլ պարզ է, պիտի գրել ամէն օր։ Այս կայքում կը գրեմ ժամանակ առ ժամանակ, առիթ առ առիթ։ Կարծում եմ առիթները քիչ չեն լինի։

4- Այս կայքը տարբեր հարցերի մասին բարձրաձայն կամ աւելի ճիշտը հրապարակային մտածելու փորձ է՝ համացանցի ընձեռած հնարաւորութիւնն օգտագործելով։ Փորձ է գրի առնելու յուշերս, տպաւորութիւններս ու մտքերս։ Գրել այն ինչի մասին, որոնք պատահել ու պատահում են ինձ եւ այն ինչի մասին, որոնք պատահում են մեր շրջապատում, որոնցում մենք դերակատար չենք, բայց որոնք ազդում են մեր կեանքի վրայ։

5- Ի վերջոյ այս կայքը փորձ է ստեղծելու միեւնոյն մտահոգութիւններն ունեցող համակարծիք ու տարակարծիք մարդկանց շրջապատ։ Մի տեսակ մտքերի փոխանակութեան միջավայր, նկատի ունենալով, որ մեր ինքնութիւնը, մեր տեսակէտները ձեւաւորւում են իրար հետ շփուելով, իրարից ազդուելով ու իրար մտքերից ու փորձառութիւնից օգտուելով։

Յոյսով եմ ստացուի։

Բարեւներով՝

5 comments:

Arabo said...

Ես ողջունում են ձեր այս քայլը, ձեզ ճանաչելով և իմանալով, որ դուք ինչպիսի գաղափարների տէր անձնաորութիւն եք՝ կարող եմ ասել, որ ոչ միայն ինձ համար այլ բոլոր երիտասարդութեան համար այս կայքը կարող է լինել շատ հետաքրքիր և օգտակար։

Սարգիս Մկրտչեան said...

Արաբօ, շնորհակալ եմ։

Anonymous said...

Հետաքրքիր է, ապրես. Հուսով եմ կշարունակես մտքերդ կիսել այս էջի միջոցով: այլապես էս կապիտալիստական աշխարհում 100 տարին մեկ է մարդ կարողանում սիրելի ընկերների հետ հանդիպել - զրուցել:

Արսեն

Սարգիս Մկրտչեան said...

Սիրելի՜ Արսէն, շնորհակալ եմ։
Շարունակութիւնը կապուած է նաեւ ձեզանից։
Յոյսով եմ կըստացուի։

Anonymous said...

Կներեք եթե կոպիտ հնչի, պատահական գտա այս բլոգը և զարմացա...հայերի մեջ շատ շատ քչերին եմ հանդիպել որ անկեղծ լինեն, պարզ, հասարակ...ինչպես դուք,
ում հանդիպել եմ...ապե ես..ապե դու, գոռոզ, մեծամիտ..
ոչ մեկի հետ չեմ շփվում, փորձում եմ հեռու մնալ, բայց դե ինչքան էլ հեռու մնաս էլի նոստալգիա կոչվող կարոտախտը խեղդում է, ինտերնետ մտնելուց նայում եմ հայերեն կայքեր...երբ կարդացի ձեր գրածները Երևանի մասին, ձեր զբոսանքների, կարծես ես լինեի ձեր փոխարեն, նոստալգիաս որոշ չափով թեթևացրիք...,
Շնորհակալություն