Sunday, January 14, 2007

ՁԻՒՆՆ ՈՒ ԵՐԵՒԱՆԸ

Երեւանում ձիւն է տեղում։

Թէ ինչպէս է վիճակը այլ երկրների ձիւնառատ քաղաքներում՝ չգիտեմ, բայց այն որ ամենաթեթեւ ձիւնով իսկ Երեւանը դառնում է անդամալոյծ՝ հաստատ գիտեմ։ Խափանւում է հասարակական երթեւեկութիւնը, պողոտաներում առաջանում են խցանումներ, ու անկախ այն բանից որ ինչով ես երթեւեկում՝ ոտքով, անձնական մեքենայով, սակակառքով (taxi) թէ երթուղայինով, միեւնոյնն է ճամբորդութիւնդ յղի է վտանգներով։

Կանգնած եմ երթուղայինի կանգառում ու սպասում եմ մեքենայի։ Մօտակայ խաչմերուկում խցանում է առաջացել։ Ճանապարհային ոստիկանի նշոյլ անգամ չկայ։ Մէկ էլ մի ինչ որ երթուղայինի վարորդ հանճարեղ միտք է յղանում՝ դուրս գալ ճանապարհից ու գնալ մայթով։ Եւ առատ ձեան պայմաններում, երբ մարդն էլ է սահում, մեքենան էլ, շունն էլ, կատուն էլ ու նոյնիսկ բեւեռային արջն էլ, մէկ էլ վարորդը քշում է մայթի վրայ։ Մայթը բարձր է պողոտայի ասֆալտից ու ընդդիմանում է մեքենավարին։ Մեքենան յետ է գնում։ Լսւում է յետեւի մեքենայի շչակի ձայնը։ Բայց երթուղայինի վարորդն անդրդուելի է ու ¨կրկին փորձիր¨ լոզունգին հաւատարիմ՝ կրկին քշում է մայթի վրայ։ Երկու-երեք փորձ ու ահա ստացուեց։ Բարեբախտաբար արկած չպատահեց, բայց արի ու տես որ միւս մեքենավարներն էլ հանճարեղ վարորդի գիւտ արած ուղով գնալու ցանկութեամբ՝ սկսում են քշել մայթի վրայով։

Հետիոտն մարդիկ, որոնք կամ իմ նման կանգնած են կանգառում, կամ էլ քայլում են մայթով՝ չգիտեն ինչ անել ու որտեղ գնալ, որովհետեւ ոչ պողոտայում տեղ ունեն, ոչ էլ մայթում։

Հետաքրքիրն այն է, որ ամէն տարի քաղաքային իշխանութիւնը ձեան տեղումից յետոյ յայտարարում է, որ այս տարի անակնկալի եկանք, քանզի չէինք սպասում, որ այս եղանակին ձիւն կը գայ։ Սա նշանակում է, որ մեր քաղաքային իշխանութիւնը չի սպասում, որ ձմրանը Հայաստանում ձիւն է գալու։ Հետաքրքիր է իմանալ, որ Երեւանի քաղաքապետ՝ Երուանդ Զախարեանը, որը համաձայն Forbes ամսաթերթի հայկական տարբերակի Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց շարքում է դասւում, ինչպէս է կարողացել այդքան գումար վաստակել, երբ չգիտի, որ ձմրանը Հայաստանում ձիւն է գալիս, իսկ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է։

Դժուարութիւնը՝ դժուարութիւն, բայց ինչ էր որ լինի գեղեցիկ է ձիւնով ծածկուած Երեւանը։

Բարեւներով՝

No comments: