Monday, November 12, 2007

ՈՒՂՏՆ ՈՒ ԲԵՌԸ` ՄԻԱՍԻՆ

Այն որ Հայաստանի Հանրապետութիւնում ուղտը բեռով կարող է կորնել ու այդ մասին երկար տարիներ ոչ ոք չիմանայ, ահաւասիկ ապացուցում է այս լուրը։

Պատկերացնում էք երկրի Գլխաւոր դատախազութիւնից “Ղարաբաղ կոմիտէ”-ի 61 հատորանոց գործը կորնի ու ամբողջ 10 տարի (տաս տարի) ոչ մէկի մտքով չանցնի թէ որտե՞ղ է եւ ի՞նչ է եղել 61 հատորը։ Որպէսզի ընթերցողի ուշադրութիւնից չվրիպի ուզում եմ կրկնել, որ խօսքը մէկ էջի կամ մէկ թղթածրարի մասին չէ, այլ վաթսուն մէկ հատորի։

Երկրի Նախագահի հրամանով այդ հատորները Գլխաւոր դատախազութիւնից տեղափոխւում են Նախագահական նստավայր, յետոյ էլ Նախագահի տուն ու տաս տարի ոչ արդէն նախկին Նախագահն է ասում այդ հատորներն իմ մօտ են, ոչ էլ, որ աւելի կարեւոր է, Գլխաւոր դատախազութեան պատկան բաժինների պատասխանատուներն են յիշում (ու յիշեցնում), որ այդ հատորները չկան։

Իմ կարծիքով այդ հատորների մասին յիշեցին Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական դաշտ վերադառնալուց յետոյ (եթէ ի հարկէ ճիշտ է այս վերջին ձեւակերպումը)։ Աւելի ստոյգ թերեւս Տէր Պետրոսեանի աշխուժացումը պատճառ դարձաւ, որ ոմանք որոշեն կրկին մի հայեացք նետել այդ գործի վրայ ու մէկ էլ պարզուեց …գործը չկայ։

Յամենայնդէպս վհատուելու պէտք չկայ։ Համոզուած եմ դա միայն մեր երկրի խնդիրներից (Problem) չէ։ Օրինակ եթէ լուրերում ասեն, որ Պակիստանում կամ Զիմբաբուէում նման բան է պատահել ոչ ոք չի զարմանայ, դեռ մի կուշտ կը ծիծաղեն։ Սա Երրորդ Աշխարհի երկրների համընդհանուր խնդիրներից է։ Կառավարման (Management) համակարգը փչացած է։ Դրա համար էլ տեսնում ենք թէ ինչպէս Երրորդ Աշխարհի նոյնիսկ այն երկրներում, որոնք բնական հարուստ պաշարներ ունեն երկիրը չի զարգանում ու ամէն ինչ տեղատւութեան մէջ է, որովհետեւ ոչ ծրագրաւորում կայ ոչ էլ ճիշտ ու արդիւնաւէտ կառավարում։

Ինչեւէ թէեւ “ուղտը բեռով կորել է” ասացուածքը վերոյիշեալ դէպքի համար չեն ստեղծել, բայց այս պարագային իրօք դիպուկ է։

Լաւ մնացէք։

No comments: