Saturday, November 10, 2007

ԶԳՈՒՇԱՑԷՔ ՈՒՂՏԻ ՉՈՔԵԼՈՒՑ

Հարկային պետական ծառայութիւնը ստուգումներ է սկսել Լեւոն Տէր Պետրոսեանի կողքին հրապարակով յայտնուած Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի մեծահարուստներից Խաչատուր Սուքիասիանին (յայտնի Գռզօ մականունով) պատկանող տնտեսութիւններում (բիզնէս) (տես այս լուրը

Դա իշխանութեան ճնշման լծակներից մէկն է, որը ցանկացած պահի կարող է գործադրուել մեծ թէ փոքր (նոյնիսկ մի կրպակ ունեցող) գործարարի վրայ։

Դժուար եմ տեսնում, որ այս (կամ այլ) ստուգումների հետեւանքով Սուքիասիանը կորցնի իր ողջ ունեցուածքն ու հաւասարուի հողին, սակայն յամենայնդէպս սա այն ուղտն է, որ ցանկացած պահի կարող է չոքել աստղաբաշխական գումարներ դիզած ցանկացած հայրենի մեծահարուստի դռան։

Քաղաքական շատ դիրքորոշումների (քաղաքական գործիչների, կուսակցութիւնների, գործարարների եւ այլք) շարժառիթը պիտի փնտրել ահաւասիկ այդ ուղտը սեփական դռան չոքած չտեսնելու մէջ։

Հետաքրքիրն այն է, որ Սուքիասեանը մամլոյ ասուլիսում յայտարարել է, որ պաշտպանել է ու կը պաշտպանի Տէր Պետրոսեանին։ Եթէ նկատի ունենանք, որ առնուազն այս պահի դրութեամբ Տէր Պետրոսեանը նախագահական ընտրութիւններում յաղթանակելու շանսեր չունի, ապա հարց է առաջանում` ի՞նչ է մտածում Սուքիասեանը։ Սկզբունքայի՞ն է։ Ունի՞ տեղեկութիւններ, որ զանգուածային լրատուամիջոցներով հրապարակուած չեն։ Ռիսկի՞ է դիմում։ Իրօք զզուե՞լ է ներկայ վիճակից։ Իշխանութիւնն աւելի շատ հնարաւորութիւններ է տուել միւս մեծահարուստներին ու նա դրանից նեղացա՞ծ է։

Ինչեւէ, կարծում եմ Հայաստանում շատերը պիտի զգուշանան սեփական դռանը այդ ուղտի չոքելուց։

Լաւ մնացէք։

No comments: