Wednesday, November 28, 2007

ԴՐԱՄԸ, ԴՈԼԱՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Ես տնտեսագէտ չեմ։Այս գրութիւնն էլ տնտեսագիտական վերլուծութիւն չէ։
Սա պարզապէս իմ` որպէս շարքային քաղաքացու տեսածներն են ու մտքերը այն ինչի մասին, որն այսօր կատարւում է Հայաստանի տենտեսութիւնում

Ներկայիս Հայաստանում օրէցօր հայկական դրամն արժեւորւում է արտարժոյթի, յատկապէս ամերիկեան դոլարի նկատմամբ։ Պարզ է, որ ցանկացած հայի, յատկապէս հայրենաբնակի, այս փաստը պիտի ուրախացնի։ Արժեւորւում է հայկական ազգային դրամը։ Դա լաւ է, որովհետեւ նշանակում է ուժեղանում է երկրի տնտեսութիւնը։Սակայն առաջին հայեացքից։

Արժեւորումը, ըստ իս, իրական կարող է լինել այն ժամանակ, երբ դրա հետ զուգընթաց արժանանան ապրանքների գները։ Սակայն ոչ միայն դա չի կատարւում, այլ տեղի է ունենում ճիշտ հակառակը` թանգանում են ապրանքները։

Բերեմ երկու օրինակ։

Լաւաշ հացը Հայաստանում արժի կիլոգրամը 500 դրամ։ Ամերիկեան դոլարը 450 դրամ էր, մէկ կիլօ հացը 450 դրամ էր։ Ամերիկեան դոլարը դարձաւ 285 դրամ, հացի գինը չիջաւ։ Մի դէպքում հացը կիլօն մօտ մէկ դոլար է, մի ուրիշ դէպքում մօտ երկու դոլար։ Մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը։ Դրամն արժեւորուել է, ուրեմն հացը պիտի արժանանայ ու լինի օրինակ կիլօն 350 դրամ։ Յամենայնդէպս կատարուեց ճիշտ հակառակը` հացը թանգացաւ ու ներկայիս կիլօն 500 դրամ է։

Երկրորդ օրինակը։

Ենթադրենք մի մարդ իր մէկ սենեականոց բնակարանն ուզում է վաճառել։
Այդ ժամանակ մէկ ամերիկեան դոլարն արժի 400 դրամ։ Բնակարանն արժէք է դնում քսան միլիոն դրամ։ Նշանակում է բնակարանն արժի յիսուն հազար դոլար։ Ամերիկեան դոլարը արժեզրկւում է։ Ներկայիս մէկ դոլարն արժի 300 դրամ։ Բնակարանը չի արժանանում։ Նոր պայմաններում, բնակարանի գինը անփոփոխ պահելով, այսինքն առանց այն թանգացնելու, բնակարանն արժի վաթսուն վեց հազար դոլար։

Մի անգամ կատակով ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել։ Եթէ այս ընթացքը շարունակուի ու մենք թերեւս մօտ ապագայում ականատես լինենք այն փաստի, որ մէկ հայկական դրամն արժի մէկ ամերիկեան դոլար, Հայաստանի Հանրապետութիւնում ժողովուրդը պարտաւոր կը լինի մէկ կիլօ հացը գնել հինգ հարիւր դոլար, եթէ ի հարկէ մինչ այդ այն էլի չի թանգացել։ Կամ երկրորդ օրինակի պարագային մօտ ապագայում մէկ սենեականոց բնակարանը պարտաւոր կը լինենք գնել քսան միլիոն ամերիկեան դոլարով։

Բերածս օրինակները թւում են անհեթեթ ու չափազանցուած։ Ընդունում եմ։ Սակայն առնուազն վերջին տարիների փորձը հակառակը չի ապացուցել։ 2001 թուականին մէկ ամերիկեան դոլարն արժէր 580 հայկական դրամ։ Այսօր այն 300 դրամ է։ Անցնող վեց-եօթ տարիների ընթացքում ոչ միայն ոչ մի բան չի արժանացել, այլ ընդհակառակը։ Մինչդեռ առպակաս ներմուծուող ապրանքների պարագային պիտի այդպէս չլինէր, սակայն իրականութիւնն այդ չէ։

Ճիշտ հէնց այս պատճառով էլ հայկական դրամի արժեւրումը ուրախալի է առաջին հայեացքից։ Մի քիչ մտածելն ու իրական կեանքն ապրելը մարդու հասցնում է որոշ եզրակացութիւնների, ինչպէս արժեւորման արհեստական լինելն ու այն` որոշ շրջանակների ձեռ տալն ու այլն։

Լաւ մնացէք։

No comments: