Friday, June 4, 2010

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՆՔ

Մեքենայիս տակից ձայն էր գալիս։ Տարայ արհեստաւորի մօտ։ Միասին գտանք տեղը, այսինքն այն աշխատամասը, որից ձայն էր գալիս։ Մեքենայիս տակում երկաթէ մի պաշտպանիչ շերտ կայ, որի մէջ մի հաստ երկաթէ մաս կայ, որոնց արանքում ռեզին կայ։ Ռեզինը մաշել էր ու այդ երկաթէ երկու կտորները իրար քսուելով ձայն էին հանում։

Ի՞նչ անել։ Տրամաբանութիւնն ասում է, որ պիտի նոր ռեզին դնել հնի տեղ եւ ամրացնել։

Արհեստաւորն ասաց, որ մի առաջարկ ունեմ, որ գիտեմ չէք ընդունի, հետեւաբար մի այլ առաջարկ կանեմ։ Առաջին առաջարկս այն է, որ այս երկու երկաթէ կտորներն էլ հանենք՝ դէն քցենք, որովհետեւ դրանք ձեր մեքենայում կարեւոր դեր չունեն։ Իսկ քանի որ գիտեմ դուք դա չէք ընդունի, առաջարկում եմ ներսի երկաթէ կտորը հանենք՝ դէն քցենք։ Այսինքն այլեւս ռեզին չդնենք երկու երկաթների արանքում, այլեւ մէկը դէն քցենք։

Պատասխանեցի, որ ոչ առաջին առաջարկն եմ ընդունում, ոչ էլ երկրորդը։ Մենք պիտի ռեզին դնենք երկու երկաթների արանքում, այն ամրացնենք ու ամբողջութեամբ յետ դնենք տեղը։

Եւ ահա հետաքրքիր էր արհեստաւորի պատասխանը։

- Դուք կարծու՞մ էք ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն։ Ես այսինչ համալսարնն եմ աւարտել եւ այնինչ տեղում եմ աշխատել եւ լաւ հասկանում եմ։

- Ես չեմ կարծում, որ ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն, ուղղակի վստահ եմ ու համոզուած եմ, որ աւելի շատ խելք ունեն։

- Ինչու՞։
- Շատ պարզ պատճառով։ Մենք խելացի հայերս մի լուցկու փայտ չենք կարողանում արտադրել, իսկ ես եւ դուք, այսինքն էլի խելացի հայերս ոչ միայն վարում ենք անխելք ճապոնացիների արտադրած մեքենան, այլեւ այս պահին մտածում ենք ինչպէ՞ս վերացնել մեքենայում առաջացած թերթութիւնը։ Եւ քանի որ լուծում չենք գտնում, որոշում ենք հեռացնել աշխատամասը։

- Ձեր կարծիքով ո՞վ մեքենայ արտադրեց խելացի է։
- Ոչ, ով Մերսեդէս Բենց ու Նիսան ու Միցուբիշի ու այդ որակի մեքենաներ արտադրեց խելացի է։
- Բայց ես ձեզ հաւատացնում եմ, որ մեքենայում շատ աշխատամասեր կան, որոնք գործարանները անտեղի են տեղադրում։ Դրանց չլինելը ոչ մի խոչընդոտ էլ չի առաջացնում։ Ես այն ժամանակ, երբ աշխատում էի այնինչ գործարանում...
- Ես ձեզ յարգում եմ, բայց այս մեքենան ճիշտ այնպէս ինչպէս ճապոնացիները արտադրել են պիտի վերանորոգուի։ Կարո՞ղ էք։
- Գոնէ թոյլ տուէք ներսի երկաթէ դէն քցեմ։
- Ընկեր ջան, ներսի ու դրսի չունի, գործարանը ի վերջոյ մի բան մտածել է։
- Ի զուր, ինչու ինձ չէք հաւատում, սխալ են մտածել...

Շարունակե՞մ։

Այս մտածելակերպը համատարած է։ Այս արհեստաւորը մեղաւոր չէ, սա համատարած մտայնութիւն է, որին մենք բախւում ենք ամէն օր ցանկացած ոլորտում։ "Աշխարհում միայն մենք ենք ու ամերիկացիներն ու մէկ էլ ... հա աւստրիացիները", ի հարկէ նրանք մեզնից յետոյ...

Եւ լուծումը կրթադաստիարակչական ոլորտում արմատական բարեփոխումներն են։ Իսկ մինչ այդ...

Լաւ մնացէք։

No comments: