Tuesday, July 1, 2008

ԶԱՔԵՒՈՍԻՆ ՊԱՀԷՔ

Ասում են մի օր Հայաստանի եւ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականներն իրար հետ մրցութիւն են ունենում։ Խաղից առաջ Հայաստանի հաւաքականի մարզիչը խաղացողներին ասում է, որ “խաղի ընթացում միայն Բրազիլացի Պելէին ուշադիր եղէք, նրան պահէք, ուրիշ տեղից վտանգ չկայ”։

Սկսում է խաղը ու հինգ րոպէ անց Հայաստանի հաւաքականի կենտրոնական պաշտպան Զաքեւոսը գոլ է խփում սեփական դարպասը։

Բրազիլիա 1 - Հայաստան 0

Հայաստանի մարզիչը տղաներին ասում է, “ոչինչ, կը պատահի, դուք միայն Պելէին պահէք”։

Անցնում է եւս հինգ րոպէ ու կրկին Զաքեւոսը հարուածում է գնդակին ու կրկին գոլ է խփում Հայաստանին։

Բրազիլիա 2 - Հայաստան 0

Մարզիչը յորդորում է խաղացողներին, որ “բան չկայ, բարձր պահէք ձեր հոգեկանը եւ ինչպէս ասել եմ, միայն Պելէին ուշադիր եղէք, վտանգն այնտեղից է”։

Եւս հինգ րոպէ ու Զաքեւոսը երրորդ անգամ բացում է հաշիւը՝ կրկին ի շահ հակառակորդի։

Բրազիլիա 3 – Հայաստան 0

Այստեղ արդէն մարզիչը բոռում է` “Տղաներ, Պելէին բաց թողէք, Զաքեւոին պահէք”։

Ինչու՞ այս գրութիւնը։

Ընդամէնը մի քանի օր առաջ Մոսկուա կատարած իր այցի ժամանակ, ոչ աւել,ոչ պակաս այսպիսի յայտարարութիւն է անում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ՝ Սերժ Սարգսեանը.-

“Թուրքական կողմն առաջարկում է ձեւաւորել մի յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրի պատմական փաստերը։ Մենք դէմ չենք այդպիսի յանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կը բացուի սահմանը մեր պետութիւնների միջեւ։ Այլապէս այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց։” (“Երկիր” կայք էջ,Երեքշաբթի, Յունիսի 24, 2008)

Հայաստանի Հանրապետութեան Նախագահը համաձայն է Հայոց “Ցեղասպանութեան” կապակցութեամբ պատմական փաստերն ուսումնասիրող յանձնախումբ կեանքի կոչուի։

Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը կասկածում է Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ մտածում է, որ հարցը ուսումնասիրման կարիք ունի։ Ինչպէս ասում են՝ կենացները քաղցրանում են։

Բացայայտ ու կոպիտ խախտումներով Նախագահի աթոռին նստած Սերժ Սարգսեանը, այս անգամ, մեղմ ասած, կրակի հետ է խաղում, որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը, այն հարցը չէ, որ հայ ազգը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, դրա շուրջ ընդունի որեւէ սակարկութիւն եւ այս անգամ կարող է իրապէս փլուի նրա գահը։

Եթէ Նախագահը դրանով փորձում է շօշափել հայ հանրային կարծիքը, սխալ ձեւ է ընտրել։

Իսկ եթէ նա իշխանութիւնը պահելու դիմաց խոստումներ է տուել արտաքին ուժերին, էլի սխալուել է, որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, շատ ու շատ ազգերի ու պետութիւնների համար փաստուած իրողութիւն է, իսկ Հայ ազգի համար, կրկնեմ, անսակարկելի։

Եզրակացութիւնը մէկն է՝ ժամանակն է տղաներին ասել՝ “Պելէին բաց թողէք, Զաքեւոսին պահէք”։

1 comment:

Արաբո said...

Ես որպես հայ ազգի ներկայացուցիչ ահավոր ինձ վիրավորված եմ զգում Ս.Սարգսյանի կողմից արված հայտարարությունից։ Իմ կարծիքով Սարգսյանը այս անպատասխանատու հայտարարությամբ ոչ միայն խորը վիրավորանք է հասցրել հայ ժողովրդին այլ նաև վտանգի մեջ է դրել Հայաստանի թե ներքին և թե արտաքին անվտանգությունը։ Դաշնակցությունը պետք է անպայման շատ հստակ ձևով իր դիրքորոշումը հայտնի այս հայտարարության վերաբերյալ որպիսզի սրանից հետո այլևս այսպիսի հայտարարությունների ականատեսը չլինենք, որ մեր նախագահը կամ որևէ պաշտոնյա արևմուտքին դուր գալու համար պատրաստ լինի անգամ իր ժողովրդին արհամարել և դավաճանել։