Friday, September 12, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(4)

Երկու կին են անցնում մեր յետեւով։ Մէկն ասում է “Լաւ էլի ամօթ ա, հիւր էք հրաւիրում ձեր տունը յետոյ էսպէս էք անում, բա պատիւ կը բերի”։

Բայց նախ մենք չենք հրաւիրել, Սերժն է հրաւիրել։ Յետոյ չէ որ ազգի կէսը ներկայիս Նախագահին երկրի օրինաւոր Նախագահ չի համարում, չէ որ ասում են նա կեղծիքով է դարձել Նախագահ, զոռով։ Ու ցոյցեր են անում, ու դրա համար էլ Մարտի մէկ եղաւ։ Ուրեմն գոնէ ժողովրդի կէսի համար նա օրինաւոր Նախագահ չի, ուրեմն նրա հրաւէրն էլ ճիշտ չի։ Սա կէսի մասին։
Բայց մենք այդ կէսին այդ օրը չտեսանք։ Ընդհակառակը։ Այդ կէսի առաջնորդները իշխանական աթոռների համար մղուող իրենց կռւում, Սեպտեմբերի 5-ին նախատեսուող իրենց հանրահաւաքը յետաձգեցին՝ Գիւլի գալու առիթով, իսկ նոյն մարդիկ Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով երթ էին կազմակերպել դէպի Ծիծեռնակաբերդ, հազարաւոր մարդկանց մասնակցութեամբ, որին անձամբ ականատես եղայ Կիեւեան փողոցում։ Պարզւում է կէսի կարծիքով Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով ցոյց կարելի է կազմակերպել, իսկ Գիւլի գալուց մէկ օր առաջ՝ ոչ։

Երկրորդ կէսի մնացածի մասին ի՞նչ ասեմ, մէկին մի օր ասում են “հայրենիքի դաւաճան”, միւս օրը նշանակում են Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար, միւսը մէկ օրում մի քանի հարիւր հազար հոգանոց կուսակցութիւն է ստեղծում, որոնց կէսը Ազգային Ժողովի ընտրութիւնների օրն իրեն քուէ չեն տալիս։ Որտե՞ղ է գաղափարը, սկզբունքը, ծրագիրը։

Ի դէպ նշեմ, որ այս արտայայտութիւնը “բա ամօթ չի հիւրի դէմ այսպիսի բաներ”, “դէ ճիշտ չի էլի, հիւր ա ի վերջոյ” եւ այլն, շատ շատ եմ լսել վերջին օրերի ընթացքում, վերոնշեալ կնոջից սկսած մինչեւ տան ներկարար ու խողովակ քաշող, մինչեւ սա ու նա…

Ոչ ոք չի քննարկում այն հարցը, որ ինչու՞ ես հրաւիրել։ Դրա մասին խօսք անգամ չկայ։ Խօսքը պատշաճ կերպով ընդունել-չընդունելու մասին է։ Այսինքն այլ խօսքով բոլորը կողմ են հրաւէրին, պարզապէս հարցն այն է, որ յանկարծ մի բան չանենք ամօթ լինի, խայտառակուենք թուրք նախագահի մօտ։

Հայաստանի Հանրապետութիւնում առկայ անթիւ անսահման կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների միջից, փաստօրէն Դաշնակցութիւնը մնաց միակը, որն իր բողոքի ձայնը բարձրացրեց։ Միւսները ըստ երեւոյթին արձակուրդի մէջ էին։ Ոչ ոք ծպտուն չհանեց։ Ու տրամաբանութիւնը, աւելի ճիշտը տրամադրութիւնը մէկն է՝ սահմանը կը բացուի, լաւ կապրենք։ Մարդկանց թւում է, որ սահմանը կը բացուի, իրենք էլ միւս օրուանից կապրեն ինչպէս այնինչ Հոլիւուդեան աստղը։ Մնացածը հարիւր տարի առաջ պատահած բան ա, էլի։

1 comment:

Արաբո said...

Լրիվորեն համաձայն եմ ձեր նշումներին, բայց այստեղ մեր մեղքի բաժինն էլ կա։ Իմ կարծիքով Դաշնակցությունը իր ունեցած հանդիպումներում ժողովրդի հետ կամ մամուլի ասուլիսներում պետք է մանրամասն տեղեկացնի թե՝ սահմանի բացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության և անվտանգության վրա։ Արդյօք Հայաստանը շահելու է թե կորցնելու է այդ հարցում։
Իսկ ինչ վերաբերվում է մյուս քաղաքական ուժերի ծպտուն չհանելուն, պիտի ասսեմ, որ քաղաքական ուժ ասելը կամ դրանց կուսակցություն կոչելը շատ շռայլություն կլինի, նրանք անգաղափար և ոչ մի սկզբունքի հավատացող մարդկանց մի խումբ են, որոնք հավաքվել են միմիանց շուրջ զուտ ֆինանսական շահերից ելնելով, նրանց 80%-ի համար ոչ մի նշանակություն չունի Արցախի և հայ դատի հարցը, նրանք սահմանը բացելու մեջ միայն տեսնում են իրենց անհատական շահերը, ես ցավում եմ այդ մարդկանց համար և առավել ևս մեր համար,որ այդպիսիններն են մեր ապագա անելիքը որոշում։