Friday, April 13, 2007

SONY CYBERSHOT DSC-H5


Այս թուային լուսանկարչական տեսախցիկը նոր եմ գնել՝ Sony CyberShot DSC-H5։ Համացանցով երկար փնտրեցինք (կինս ու ես) ու վերջը կենտրոնացանք Sony-ի վրայ (տեսախցիկի գնելն են ունի իր առանձին ու հետաքրքիր պատմութիւնը, որին կանդրադառնամ մէկ այլ առիթով)։

Այս (եւ մի քանի այլ) սարքաւորումներ գնելուս փորձառութիւնն ինձ բերել է այն եզրակացութեան, որ համացանցով շատ աւելի հեշտ եւ աւելի արդիւնաւէտ է նոր ապրանք ձեռք բերելու կապակցութեամբ ուսումնասիրութիւն կատարելն ու որոշում կայացնելը, քան ուղղակի խանութներ այցելելը։ Աւելի պարզ ասեմ։ Օրինակ ես թուային լուսանկարչական տեսախցիկների մասնագիտական յատկանիշների վերաբերեալ բաւարար տեղեկութիւն չունէի։ Փորձառութիւնս էլ ինձ ասում էր, որ նման սարքաւորումներ վաճառող խանութների աշխատակիցները կամ իրենք էլ մանրամասնութեամբ տեղեակ չեն սարքաւորումի գործառոյթներից ու պարզապէս ունեն ընդհանուր տեղեկութիւններ, որովհետեւ աշխատում են որպէս վաճառող եւ պարտաւոր են առնուազն այդքանն իմանալ, կամ տեղեակ են, բայց ինչ-ինչ պատճառներով (ասենք՝ զբաղուած են, որովհետեւ խանութում շատ յաճախորդ կայ, կամ այդ օրը անտրամադիր են, կամ էլ պարզապէս յաճախորդի դէմքը չեն սիրել) քիչ են բացատրութիւն տալիս կամ էլ ընդհանրպէս բացատրութիւն չեն տալիս։

Համացանցի պարագային հարցը լուծւում է։ Մարդ կարողանում է տեղեկութիւններ ձեռք բերել մի սարքաւորման մասին, որից ընդհանրապէս գաղափար չունի, իմանալ տուեալ սարքաւորման պարագային որ յատկանիշներն են առաջնային եւ որոնք են երկրորդական (որը շատ կարեւոր է, որովհետեւ երբեմն մարդ դէսից դէնից որոշ բաներ լսել է, որոնք համարում է ճիշտ, սակայն յետոյ պարզւում է, որ այդ տեղեկութիւնները կամ սխալ են կամ էլ ամբողջական չեն), յետոյ այն համեմատել նմանատիպ այլ սարքաւորումների հետ, եւ ի վերջոյ կողմնորոշուել։ Թերեւս միակ բացասական բանն այն է, որ համացանցի պարագային ուղղակի չես կարողանում շօշափել այդ սարքաւորումը։

Ի վերջոյ երկար-բարակ ուսումնասիրելուց յետոյ գնեցինք Sony DSC-H5։ Սրանով այսուհետ կը կարողանամ լուսանկարել այն ինչ կը հետաքրքրի ինձ ու դրանք տեղադրել կայք էջում՝ այն դարձնելով աւելի հետաքրքիր։ Բայց առաջին հերթին պիտի սկսեմ սովորել նրանից ճիշտ օգտուելու ձեւը։

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.digitalcamera-hq.com կայք էջը։

Լաւ մնացէք։


No comments: