Thursday, April 5, 2007

ՓՈՂԻ ՈՒԺԸ ԿԱՄ ԻՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ (1)

Ընկերներիցս մէկը (Ս.Թ.) Իրանական Նոր տարուայ արձակուրդները Հայաստանում անցկացնելու նպատակով եկել է Հայաստան։ Նա ինձ պատմեց իր հօր տան պատմութիւնը, որը պատահել է նրան վերջին ամիսների ընթացքում եւ որը ուղղակի նման է իմ հայրական ու Նոր Ջուղայում (Իրանի Սպահան քաղաք) ապրող բազմաթիւ այլ հայերի տան պատմութեանը։

Գրում եմ նախ իմ հայրական տան պատմութեան մասին։
Մեր տունը Նոր Ջուղայի հին տներից էր՝ 317 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Մուտքից ներս մտնելիս տունը երկյարկանի էր։ Յետոյ բակն էր՝ խաղողի եւ այլ ծառերով։ Բակից յետոյ նորից սենեակներ։

Պատմութեան մէջ մի քիչ յետ գնալով ասեմ, որ երբ հայերը հաստատւում են Նոր Ջուղայում` տուն ու տեղ են դնում մեծ տարածութեամբ այգիների մէջ։ Յետոյ ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով այդ այգիները բաժանում են փոքր մասերի։ Յետոյ էլի փոքր մասերի ու արդէն հիմա Նոր Ջուղայում հին մեծ տուն ասելով հասկանում ենք մի քանի հարիւր մետրանոց տներ, որոնց թիւը օրէցօր պակսում է։ Այդ տները քանդում են ու դրանց տեղ կառուցում մեծաւ մասամբ բազմայարկ նոր շէնքեր։

Հայրս որոշեց մեր տունը վաճառել եւ գնել նոր բնակարան։ Սակայն առաջին իսկ պահին պարզուեց, որ մեր տունը՝ ինչպէս շատ ու շատ հայերի տները, գտնւում է "Մշակութային ժառանգութեանց պահպանման կազմակերպութեան" ցուցակում։

Առ ի տեղեկութիւն գրեմ, որ Իրանում գոյութիւն ունի վերոյիշեալ անունով պետական կազմակերպութիւն, որն իբրդէ զբաղուած է երկրի մշակութային ժառանգութեանց պահպանման "սրբազան" աշխատանքնով։ Այդ կազմակերպութիւնը գրանցում է այն կառոյցները (տուն, կամուրջ եւ այլն) , որոնք մշակութային արժէք ունեն եւ չի թոյլատրում դրանք քանդել։

Նմանատիպ տները շատ դժուար է վաճառել, որովհետեւ ո՞վ է պատրաստ գնել մի տուն, որը չի թոյլատրւում քանդել։ Պարզ է, որ շինարարական գործարարութեան առումով շահաւէտն այն է, որ գնես հողը եւ հողի վրայ կառուցես բազմայարկ շէնք ու վաճառես յարկաբաժինները։ Սակայն եթէ չե՞ն թոյլատրում այն քանդել։

Հինգ տարի շարունակ՝ 1990-1994 թուականների ընթացքում, հայրս անընդհատ, իսկ ես երբեմն, այդ կազմակերպութեան ճանապարհին էինք։ Ուզում էինք ստանալ տեղեկանք այն մասին, որ մեր տունը մաս չի կազմում երկրի մշակութային ժառանգութեանը։ Բայց ի զուր։ Այդ ընթացքում էլ անընդհատ գնորդ էր գալիս, մէկը չէր հաւանում, մէկն էլ որ հաւանում էր՝ չէր գնում, որովհետեւ տունը մշակութային ժառանգութիւն էր։

Վերջը, ինչպէս մեր վիճակում գտնուող այլ հայերի ջախջախիչ մեծամասնութիւնը, յոգնած այդ ճանապարհը գնալ-գալուց ու օգուտ չստանալուց, որոշեցինք տունը վաճառել` ինչքան էլ այն գնեն։ Տունը վաճառեցինք իրական արժէքից անհամեմատ աւելի արժան գնով (ինչպէս մեր նման շատ ու շատ հայեր)։

Այն գնեց մի պարսիկ մեծահարուստ։ Մի քանի ամիս անց մեր արդէն վաճառուած տունը հաւասարուեց հողին։ Մէկ տարի անց նրա տեղում շէնք էր կառուցուած։

Ինչպէ՞ս պատահեց սա։ Կաշառք ու ծանօթութիւն։ Հայերի տներով հարստանալու քաղաքականութիւն։ Խօսքը մէկ-երկու պարագայի մասին չէ, այլ բազմաթիւ։
Հարցը յստակ է։ Ինչպէ՞ս բացատրել Նոր Ջուղայում գոյութիւն ունեցող երկրի մշակութային իբրդէ ժառանգութիւնների կանգուն մնալը՝ մինչեւ այն ժամանակ, երբ հայերի ձեռքում են ու նրանց մէկը միւսի յետեւից քանդուելը՝ ընդամէնը մի քանի ամսուայ ընթացքում, երբ արդէն վաճառւած են պարսիկներին։

Այդպիսով փող էին աշխատում մեծահարուստներն ու կաշառակեր պաշտօնեաները։

Լաւ մնացէք։

No comments: