Friday, April 27, 2007

ՑՆՑԻՉ ՆՈՐՈՒԹԻՒՆ ԿԱ՞Յ

1.- Իրանում հոգեբանութեան, որպէս գիտութեան հիմնադիրներից մէկը` դոկտոր Մեսրոպ Բալայեանն է (եթէ չասեմ ուղղակի հէնց ինքն է հիմնադիրը)։

Թէեւ նա երբէք իմ դասախօսը չի եղել, բայց նրա հետ շատ մօտ յարաբերութիւններ եմ ունեցել։

Երբ իրար հանդիպէինք դոկտոր Բալայեանը կը հարցնէր "Ցնցիչ նորութիւն կա՞յ"։ Եւ հիմնաւորումն էլ այն էր, որ "Չեմ հարցնում նորութիւն կայ թէ չէ, որովհետեւ յամենայնդէպս մի բան կը լինի, խնդիրն այն է, որ ինչ ցնցիչ բան կայ"։

Դոկտոր Բալայեանի այս խօսքը միշտ յիշում եմ։

2.- Հայաստանում նախընտրական այս շրջանում ամէն օր մի նորութիւն կայ։ Սա է մի բան յայտարարում, նա է պատասխանում, սրա մեքենան են այրում, այնտեղ են մէկի վրայ կրակում, արդէն սրանք սովորական են դարձել։ Հետաքրքիրը ցնցիչ նորութիւնն է։

Ու ահա անցեալ շաբաթ օրուանից ուշադրութեան կենտրոնում է Հ.Հ. Ազգային Ժողովի նախկին եւ "Օրինաց Երկիր" կուսակցութեան նախկին ու ներկայիս նախագահ՝ Արթուր Բաղդասրեանի եւ Անգլիայի փոխ-դեսպան՝ Ռիչարդ Հայդի հանդիպման ձայնագրութեան բացայայտումը, որը հրատարակել է "Գոլոս Արմենի" թերթը անցեալ շաբաթ օրուայ համարում։

Նրանք հանդիպել են Երեւանի "Մարկօ Պոլօ" ճաշարանում։ Հանդիպման ընթացքում Բաղդասարեանը կոչ է անում անգլիացիներին ամէն կերպ փորձել ստուեր գցել Ազգային Ժողովի ընտրութիւնների վրայ ու վարկաբեկել Հայաստանը, որպէսզի ճանապարհ հարթուի դէպի իշխանափոխութիւն։ Հանդիպման ձայնագրութիւնը ուղարկուել է "Գոլոս Արմենի" թերթի խմբագրութիւն։ Երբ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը թերթի խմբագրութիւնից պահանջել է ասել թէ ձայնագրութիւնը որտեղից է ձեռք բերել, նրանք նշել են "Նոր ժամանակներ" կուսակցութեան նախագահ՝ Արամ Կարապետեանի անունը, այսինքն Կարապետեանն է նրանց տուել ձայնագրութիւնը, իսկ վերջինս էլ ի պատասխան Անվտանգութեան Ծառայութեան ասել է, որ ձայնագրութեան խտասալիկը գտել է իր տան մուտքի մօտ։

Թէ ով որտեղից է ձեռք բերել ձայնագրութիւնը կարծում եմ այս պահին երկրորդական նշանակութիւն ունի։ Առաջնայինը հետեւեալն է, որ Բաղդասարեանը հանդիպման ընթացքում այնպիսի բաներ է ասում Հայաստանի հասցէին, որ նրան անվարան կարելի է մեղադրել հայրենիքի դաւաճանութեան մէջ։ Ցանկացած "նորմալ" երկրում նմանատիպ արտայատութիւնների համար անմիջապէս մարդուն կը ձերբակալէին։

Սակայն մինչեւ այս պահը իմ տեղեկութեամբ ոչ Արթուր Բաղդասարեանն է որեւէ մէկի՝ ասենք "Գոլոս Արմենի" թերթի խմբագրութեան կամ Արամ Կարապետեանի ձեռից գանգատուել, ոչ էլ իրաւապահ մարմիններն են նրան կանչել հարցաքննութեան ու պատասխանատւութեան։

Մեծն Բրիտանիայի դեսպանատունն էլ հրատարակել է հաղորդագրութիւն, որտեղ հանդիպման արտայայտութիւնների բովանդակութիւնը չի հերքւում, պարզապէս ասւում է, որ գաղտնալսումը լաւ բան չէ http://www.panorama.am/am/politics/2007/04/26/despanatun/։

Ձայնագրութեան բացայայտման կապակցութեամբ մամուլում մի քանի վարկած է շրջանառւում, օրինակ 1) դա հէնց ինքը Բաղդասարեանի գործն է, 2) դա իշխանութեան գործն է, 3) դա անգլիացիների գործն է։

Այսօր էլ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրութիւնը քիչ առաջ ցուցադրուեց Հ1-ով՝ "Հայլուր"-ից յետոյ, Ռոբերտ Քոչարեանը ուսանողներից մէկի հարցին ի պատասխան ուղղակի դաւաճանութիւն որակեց Բաղդասարեանի այդ արարքը։

Յամենայնդէպս եթէ հանդիպման բովանդակութիւնը խեղաթիւրուած չէ (որի կապակցութեամբ ցարդ որեւէ մէկը հերքում չի տուել) ապա պիտի ասեմ՝ ողբամ այն ազգին, որի Ազգային Ժողովի նախագահը եղել է այդպիսի մէկը։

Լաւ մնացէք։

No comments: