Wednesday, April 4, 2007

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ՝ ՆԱԽԱՆՁՈՒԹԵԱՆ ԱՌԻԹ

Երեկ Հայաստանի Արտաքին Գորոց նախարար՝ Վարդան Օսկանեանը Երեւանում հիւրընկալել էր Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին Գործոց նախարար՝ Սէրգէյ Լաւրովին։

Նրանց հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ Օսկանեանը ի զարմանս ներկաների ելոյթ ունեցաւ ռուսերէնով։ Եւ յետոյ էլ որպէսզի փաստի, որ իր ելոյթը անգիր չի արել, այլ իրօք սովորել ու ելոյթ ունենալու մակարդակի տիրապետում է ռուսերէնին, թղթակիցների ռուսերէնով հնչած հարցերին պատասխանեց ռուսերէն։

Օսկանեանը 52 տարեկան է եւ այս տարիքում որոշել է սովորել ռուսերէն ու սովորել է։
Օսկանեանն իմ կարծիքով այն եզակի նախարարներից է, որը լաւապէս տիրապետում է իր ոլորտին եւ այն տպաւորութիւնն ունեմ, որ նա իրօք զբաղուած է՝ անընդհատ ճամբորդութիւններ, հանդիպումներ, բանակցութիւններ եւ ... մի նոր լեզու սովորել։ Նա տիրապետում է անգլերէնին, ֆրանսերէնին, արաբերէնին եւ հայերէնին։ Իսկ այժմ էլ ռուսերէն։

Այդ առումով "կեցցէ" պիտի ասել նրան։

Ես, անկեղծ ասած, նախանձեցի նրան։ Յոյսով եմ այդ բարի նախանձը իմ վրայ դրական կազդի։

Լաւ մնացէք։

No comments: