Sunday, April 29, 2007

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այս օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում բաւականին հետաքրքիր իրադարձութիւններ են տեղի ունենում։ Մայիսի 12-ին կայանալու են Ազգային Ժողովի ընտրութիւնները եւ նախընտրական այս շրջանում օրէցօր թէժանում է պայքարը կուսակցութիւնների միջեւ։ Կուսակցութիւններ՝ յայտնի ու անյայտ, կազմակերպական լուրջ կառոյց ունեցող ու կուսակցութիւններ՝ ընդամէնը մի քանի հոգուց բաղկացած, գաղափարախօութիւն ու ծրագիր ունեցող ու կուսակցութիւններ՝ մի տեղից մի ինչ որ ծրագիր արտագրած։

Ազգային Ժողովի 131 աթոռներից 41-ը զբաղեցնելու են մեծամասնական ընտրակարգով ընտրուածները եւ հետեւաբար ականատեսն ենք նաեւ կուսակցութիւնների կողմից առաջադրուած կամ որեւէ կուսակցութեան չպատկանող անհատների միջեւ պայքարի։

Մամուլը յեղեղուած է սրա ու նրա հետ հարցազրոյցով, վերլուծական յօդուածներով եւ լուրերով։
Նոյնը հեռուստաընկերութիւնների պարագան է։ Որ հեռուստաալիքը միացնում ես, մէկը մի ինչ որ կուսակցութիւնից խօսում է իրենց ծրագրերի ու ինչ որ աւելի ճիշտ է՝ չծրագրերի մասին։ Խոստումներ, խոստումներ, խոստումներ։ Ժամանակի առումով պարզապէս հնարաւոր չէ բոլորը դիտել։

Կուսակցութիւնների ու անհատների կողմից քարոզարշաւի համար ծախսուող աստղաբաշխական գումարների մասին է խօսւում։ Ասում եմ աստղաբաշխական, որովհետեւ մեր նման ոչ հարուստ երկրում այդպիսի գումարներ ծախսելը պարզապէս՝ մեղք է։ Պատկերացրէք եթէ այսինչ անհատը՝ մէկ կամ մի քանի միլիոն դոլար է ծախսում ընտրութիւններում յաղթելու համար, հարց է առաջանում նախ` որտեղի՞ց այդ գումարը, այդ ի՞նչ "բիզնէսներ" են, որ այդպիսի շահոյթ են ապահովում, եւ ապա` դա նշանակում է, որ մարդը սպասելիք ունի ոչ միայն այդ գումարը պատգամաւոր եղած տարիների ընթացքում վերադարձնել իր գրպանը, այլ մի բան էլ շահել։

Մեր, ինչպէս բոլորի, տան դուռը օրը մի երկու կուսակցութեան քարոզիչ թակում են ու յանձնում են պատկան կուսակցութեան մասին ուղեցոյց գրքոյկներ, կամ հարցնում են "Դու՞ք քուէարկութեանը մասնակցելու էք", "Ու՞մ էք քուէ տալու" եւ նմանատիպ հարցեր։

Փողոցներում գովազդային վահանակների վրայ, պատերին, խանութների ապակիներին եւ էլ ուր ասես որմնազդեր են փակցուած։

Երգիչներն են խառնուել քարոզարշաւին ու մէկը երգում է այս կուսակցութեան համար, միւսը՝ այն, թերեւս չիմանալով, որ այդ պահին որոշակիօրէն որ կուսակցութեան համար է երգում։

Այս օրերին այս է վիճակը։

2.- Այս ճաշից յետոյ ընտանիքով զբօսոնում էինք "Ազատութեան" հրապարակում, երբ նկատեցի, որ համերգ է տեղի ունենում։ Մօտեցայ եւ տեսայ Rock երգի համերգ է` մասնակցութեամբ հայկական ու ռուսական խմբերի։ Սկզբում շատ մարդ չկար, մի երկու ժամ յետոյ երբ մենք թողեցինք հրապարակը մեծ թուով մարդիկ էին հաւաքուած։ Լուսանկարները շուտով կը տեղադրեմ։ Թէ դրանք ինչ խմբերի էին ու ինչու էր Ռոք երաժշտութեան համերգ տեղի ունենում, ճիշտն ասած, չիմացայ։

3.- Այսօր Արթուր Բաղդասարեանը ուժեղ պատասխան տուեց Ռոբերտ Քոչարեանին։ Այն առանձին տեսահոլովակով սփռուեց Հ1-ով (եթէ հեռարձակուել է այլ հեռուստաալիքներով՝ ես չեմ տեսել)։ Նա ի շարս այլ խնդիրների յայտարարեց, որ եթէ իշխանութիւնը աշխատում է, որպէսզի նա հրաժարուի 2008 թուականի նախագահական ընտրութիւններին մասնակցելուց, ապա սխալւում է, որովհետեւ նա իր թեկնածութիւնը առաջադրելու է եւ նաեւ ասաց, որ իր կեանքին վտանգ է սպառնում։ Ինչպէս ասում են՝ կենացները քաղցրանում են։

Լաւ մնացէք։

No comments: