Friday, April 20, 2007

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՆ ՅԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Ներքոյիշեալ լուսանկարները վերաբերում են Երեւանի Կոմիտասի պաղոտային, այնտեղ, որտեղ ապրում ենք մենք։ Արաբկիր թաղամասը, որում գտնւում է Կոմիտասի պողոտան, մտնում է Երեւանի երկրորդ գօտու շրջագծում։ Այն բնակելի կամ առեւտրային տարածքների գնային առումով Կենտրոնից յետոյ համարւում է երկրորդ թանգարժէք թաղամասը Երեւանում*։

Ինչպէս լուսանկարներից երեւում է՝ պողոտայի մէջտեղը քանդած է։

Ի՞նչ է պատմութիւնը։ Նախապէս այդտեղ երկաթագիծ կար։ Մի օր իշխանութիւնը որոշեց երկաթագծերը հանել (ճիշտ-սխալ, լաւ-վատ` այլ նիւթ է)։ Մի քանի հատուածում հանեցին երկաթագծերը եւ մէկ էլ աշխատանքները կանգ առան։ Ինչու՞։ Պարզուեց, որ շինարարական աշխատանքների ծախսը հոգում է ԼԻՆՍԻ հիմնադրամը եւ քանի որ ԱՄՆ-ից գումարի մի մասը ուղարկել՝ մնացածը Քըրք Քըրքորեանը** չի ուղարկել (դիւանակալական (Bureaucratic) խոչընդոտների հանդիպելու պատճառով), ուստի իշխանութիւնը գումար չունի վճարելու շինարարարական ընկերութեանը, վերջինս էլ աշխատանքները դադարեցրել է։

Շուտով մենք նշելու ենք Կոմիտասի պողոտան յետպատերազմական վիճակի վերածման մէկ ամեակը։

Թէ անցնող մէկ տարուայ ընթացքում քանի դէպք է պատահել անցորդներին ու մեքենաներին՝ դուք գուշակէք։ Ես նշեմ միայն մի պարագայ՝ ճիշտ իմ տան դիմացը քանդել էին մեծ խորութեամբ մի փոս ու մի երեկոյ մի մեքենայ ընկաւ այդ փոսի մէջ, որը երբ դուրս բերեցին վերածուել էր երկաթի թափօնի։ Էլի փառք Աստծոյ մեքենավարը ողջ առողջ էր։

Անձամբ ինձ հետաքրքրում է իմանալ, որ ասենք եթէ մէկ էլ ԼԻՆՍԻ հիմնադրամը դադարեցնի Հայաստանին օժանդակելը, ի՞նչ կը լինի այս պողոտայի վիճակը։ Կամ երբ մեր իշխանութիւնը յայտարարում է, որ երկիրը տնտեսական երկնիշ աճ է արձանագրում ու "վագրային թռիչք" ունի, ապա ինչպէ՞ս է պատահում, որ մէկ պողոտայի վերանորոգումը չեն կարողանում իրականացնել մէկ տարուայ ընթացքում (էլի մենք՝ հայերս բախտ ենք բերել, որ Կոմիտասի պողոտան Տորոնտոյի Yonge պողոտայի երկարութիւնը չունի, որը 1700 կիլոմետր է, թէ չէ վստահաբար նորոգութիւնը դարեր կը տեւէր)։



Փառք ենք տալիս Աստծուն, որ ներկայիս ճանապարհն այսպէս է։ Իրականում ամիսներ շարունակ քանդուած տարածքը շատ աւելի խորն էր, մէկ-երկու ամիս է ինչ հող են լցրել ու քանդուած տարածքի մակերեսը մօտեցրել ասֆալտին։


Ինչպէս ներքեւի լուսանկարում տեսնում էք , նախատեսուել են յատուկ անցուղիներ, որտեղով հետիոտն մարդիկ կարող են անցնել պողոտայի մէկ կողմից միւսը։


Ինչպէս նկատում էք ճանապարհի երկու երկայնքում զետեղուած են ազդանշաններ, որպէսզի վարորդները զգուշանան վտանգից։


Կասեան պողոտան էլ Կոմիտասի օրն ընկաւ։


Միայն պողոտայի մէջտեղը քանդած չէ, ասֆալտն էլ է առլեցուն փոսերով, ներքեւի նկարում մեքենան ընկել է փոսի մէջ (կարծում եմ աւելի ճիշտ է այս պարագային փոսիկ բառը գործածել, որովհետեւ սա միւսների համեմատ բարիք է)***։




Շունն էլ է ելք որոնում։




* Այս նախադասութիւնը գրեցի ասելու համար, որ եթէ թանգարժէք ու հարուստ (??) թաղամասի վիճակն այս է, էլ վայ խեղճ ու աղքատ թաղամասերին։

** Հետաքրքիր է իմանալ երկքաղաքացիութեան օրինագծին դէմ քուէարկող կամ ընդհանրապէս չքուէարկող Ազգային Ժողովի պատգամաւորները Կոմիտասի վերանորոգուած պողոտայով անցնելու են, թէ ասենք իրենց ճանապարհը փոխելու ու այլ փողոցներով են գնալու։ Չէ որ պողոտան վերանորոգում է Հայաստանի Հանրապետութեան ոչ քաղաքացին։ Հետաքրիքր է նաեւ իմանալ, որ Քըրք Քըրքորեանը դիմելու է երկքաղաքացի դառնալու համար թէ ոչ։

*** Որոշ պարագաներում այս փոսերն այնքան խորն են (այս պարագային աւելի ճիշտ է ասել հոր), որ ակամայ մտածում եմ մարդ տնից դուրս գալիս իր հետ պիտի վերցնի հաց ու մի երկու տուփ պահածոյ, որպէսզի եթէ ընկաւ այդ հորերի մէջ, մինչեւ տնեցիներն իմանան ու այդտեղից մարդու դուրս բերեն, գոնէ սովածութիւնից չմահանայ։

No comments: