Wednesday, April 25, 2007

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԱՍԻՆ

1.- Ապրիլի 23-ին ու 24-ին ուզում էի գրել ու անընդհատ չէր ստացւում՝ մի կողմից ժամանակի պատճառով, միւս կողմից էլ խառը մտքերի։ Յամենայնդէպս շատ բաներ կան, որոնց մասին ուզում եմ գրել։

2.-Ապրիլի 23-ին տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան կազմակերպած ջահերով երթը։ Բազմահազար երիտասարդներ մասնակցեցին երթին։ Այն, ինչպէս ընդունուած է ասել, արդէն կրում է աւանդական բնոյթ, այսինքն կրկնւում է ամէն տարի։

Իմ կարծիքով ջահերով երթը Հայաստանի Երիտասարդական Միութեան ամենայաջող աշխատանքն է ցարդ իրականացուած, որովհետեւ նախ երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, որոնք անպայման Հ.Ե.Մ.-ի անդամ չեն եւ սա նշանակում է, որ այն սկսել է կրել ժողովրդական բնոյթ ու դուրս է եկել միութենական շրջանակից*, երկրորդ տարէցտարի շատանում է երթին մասնակցողների թիւը, երրորդ ինքնատիպ աշխատանք է եւ ունի իւրայատուկ խորհրդաւորութիւն, պատկերացրէք երեկոյեան մթութեան մէջ բազմահազար մարդիկ վառուող ջահերով բարձրանում են դէպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, դա անբացատրելի զգացում է հաղորդում մարդու, չորրորդ քարոզչական տեսակէտից կարեւորութիւն է ներկայացնում, որովհետեւ ոչ միայն Հայաստանեան, այլ արտասահմանեան (ներառեալ թրքական) լրատուամիջոցներն են անդրդառնում դրան։

Այս տարուայ նորութիւնն այն էր, որ ջահերն իրար զօդելով պատրաստել էին "ՊԱՅՔԱՐ" բառի տառերն առանձին-առանձին, որոնք իրար կողքի, պարզ է արտացոլում էին "ՊԱՅՔԱՐ", ինչպէս նաեւ խաչի նշան, սակայն դրանք տեսնելու համար պիտի վերեւից նայուէր, որը հնարաւոր չէր շարքում քայլող մարդկանց համար։ "Ազատութեան" հրապարակում դա նկատեցինք, սակայն հնարաւոր չէր պատկերն ամբողջութեամբ տեսնել։ Յետոյ դա տեսանք հեռուստացոյցից։

Լաւ կը լինէր, եթէ ուղղաթիռով նկարահանուէր այդ ամբողջը եւ ուղիղ եթերում հեռարձակուէր, բայց դա առայժմ մեր ուժերից վեր է։

Ուշ վերադարձանք տուն եւ չկարողացայ գրել։ Լուսանկարները կը տեղադրեմ այս քանի օրը (ճիշտն ասած Dial up-ով կայքում լուսանկար տեղադրելու (Upload) համար պիտի նախ հոգեպէս դրան պատրաստուել)։

3.- Երեւանում Ապրիլի 24-ին ձիւն տեղաց։ Այն շարունակուեց նաեւ այսօր՝ Ապրիլի 25-ի առաւօտեան։ 2001-ից ապրում եմ Հայաստանում եւ չեմ տեսել, որ Ապրիլին ձիւն գայ, էլ ինչ մնացած Ապրիլի վերջերին ու էդ էլ ճիշտ 24-ին։

Դրա համար էլ առաւօտեան ժամերից մինչեւ ճաշից յետոյ ժամը 5:00-6:00-ը Ծիծեռնակաբերդը մարդաշատ չէր։ Ես այցելեցի ժամը 14։30-ի սահմաններում եւ հակառակ անցեալ տարիների` ոչ միայն կարողացայ արագ բարձրանալ մինչեւ յուշարձան, այլ նոյն ճանապարհով էլ վերադարձայ, մինչդեռ նման բան անցեալ տարիներում ոչ մի կերպ հնարաւոր չէր**։

Միշտ հիացած եմ եղել Ապրիլի 24-ին մարդկանց հոծ զանգուածների Ծիծեռնակաբերդ այցելութեան ձեւով։ Այն պայմաններում երբ որեւէ քարոզչութիւն որեւէ մէկի կողմից չի կատարւում, մարդիկ, ինքնակամ, գնում են Ծիծառնակաբերդ, լուռ, հանդարտ շարքերով եւ մի ճիւղ ծաղիկ դնում յուշարձանի մօտ՝ դրանով իրենց յարգանքի տուրքը մատուցելով 1,5 միլիոն զոհերի յիշատակին։ Արեւ լինի թէ երեկուայ նման ձիւն, միեւնոյնն է, մարդիկ գնում եմ Ծիծեռնակաբերդ։ Վաղ առաւօտուանից մինչեւ ուշ գիշեր։ Խաղաղ ու հանգիստ շարքերով։

* Յիշում եմ ժամանակին որոշ ընկերներ այն կարծիքին էին, որ սա Հ.Ե.Մ.-ի աշխատանքն է եւ հետեւաբար չպիտի թոյլ տալ ուրիշ միութիւններ մասնակցեն երթին կամ միայն Հ.Ե.Մ.-ի անդամները պիտի ջահ կրեն եւ այլն։ Ճիշտն ասած մինչեւ հիմա չեմ հասկացել այդ մօտեցման տրամաբանութիւնը։

** Ապրիլի 24-ին մշտական ուղին հետեւեալն է՝ բարձրանալ մարզահամալիրի աստիճանների մօտից (Կիեւեան կամրջի մօտ) մինչեւ յուշարձան եւ իջնել միւս ուղղութեամբ՝ դուրս գալով "Հրազդան" շուկայի մօտ։

No comments: