Wednesday, April 11, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (4)

"Ուզում էր վերստին գտնել իրեն, դառնալ առջաուանը, վերականգնել այն ամենն, ինչից ստիպուած էր եղել հրաժարուել ստրկութեան յիսուն տարիների ընթացքում, որ, անկասկած, երջանիկ տարիներ էին եղել, սակայն ամուսնու մահուանից յետոյ իր անհատականութեան փշուրն անգամ չէր մնացել։ Ինքը մի ուրուական էր այդ օտար տան մէջ, որ մի գիշերուայ մէջ ամայացել, դարձել էր անծայրածիր ու ամայի, եւ որի միջով աննպատակ թափառելով հարց էր տալիս իրեն, թէ իրենցից որ մէկն էր աւելի մեռած՝ նա՞, ով մահացել էր, թէ՞ նա, ում թողել էր յետեւում"։ (էջ 277)

"Երբ լուսաբացին առաջին անգամ արթնացաւ որպէս այրի եւ աչքերը փակ քնելու համար աւելի յարմար դիրք որոնելով շրջուեց անկողնում, հէնց այդ պահին էր, որ նրա համար ամուսինը մահացաւ։ Որովհետեւ միայն այդ պահին անդրադարձաւ, որ տարիներ ի վեր նա առաջին անգամ էր տնից դուրս գիշերում։ Միւս անգամ, երբ այդ հասաւ գիտակցութեանը, սեղանի շուրջն էր, ոչ թէ այն պատճառով, որ իրեն մենակ էր զգում, որ ի դէպ` իսկապէս այդպէս էր, այլ այն տարօրինակ զգացողութեան, որ ճաշում էր մի մարդու հետ, որն այլեւս գոյութիւն չունի"։ (էջ 277-8)

"Անկախ ամէն ինչից, վճռեց ինչ ուզում է լինի՝ անպայման շարունակել ապրել՝ ամուսնուն յիշելով այնպէս, ասես նա չէր էլ մահացել"։ (էջ 279)

"Ֆլորենտինօ Արիզան միշտ մոռանում էր, թէեւ երբէք չի կարելի մոռանալ, որ կանայք հարցի թաքուն իմաստն աւելի շուտ են ընկալում, քան բուն հարցը"։ (էջ 285)

"... Մօր անկողնում քնած էր եղել. Նրա սնեակը թողել էր եղածի պէս եւ մի քանի անգամ չափից աւելի միայնակ չզգալու համար այնտեղ էր քնել, երբ մենակութիւնը նեղում էր"։ (էջ 286)

"Այդ ցնորքը պէտք է նրան սովորեցնէր, որ սէրը ազնուաշնորհ վիճակ է. ոչ թէ ինչ որ բանի միջոց, այլ ինքնին՝ ամէն ինչի սկիզբն ու վերջը, գերագոյն նպատակը"։ (էջ 291)

""Միշտ յիշիր, որ լաւ ամուսնութեան մէջ ամենակարեւորը ոչ թէ երջանկութիւնն է, այլ՝ կայունութիւնը"։ Այրիութեան սկզբնական միայնութեան մէջ հասկացել էր, որ դա ոչ թէ խղճուկ սպառնալիք էր, որ այն ժամանակ վերագրել էր նրա խօսքերին, այլ այն ճիւղը, որի վրայ խարսխուած էր եղել իրենց երկուստէք երջանկութիւնը"։ (էջ 297)

"Որովհետեւ հակառակ համընդհանուր կարծիքի՝ նա այնքան էլ կոկիկ չէր, այլ կոկիկ երեւալու սեփական յուսահատական մեթոդն ունէր, պարզապէս թաքցնում էր անկարգութիւնը"։ (էջ 299)

"Չեմ հաւատում Աստծուն, սակայն վախենում եմ նրանից"։ (էջ 301-2)

"Եթէ մեզ՝ այրիներիս համար մի առաւելութիւն է մնացել, այդ այն է, որ այլեւս ոչ ոք չի կարող մեզ հրամայել"։ (էջ 322)

"Իր ամուսնուց լաւ ամուսին չէր էլ կարող պատկերացնել եւ այդուհանդերձ՝ իրենց համատեղ կեանքը վերյիշելիս աւելի շատ դժուարութիւններ էր մտաբերում, քան հաճելի վայրկեաններ, չափից դուրս շատ անփոխհասկացողութիւն, անտեղի վիճաբանութիւններ, կուտակուած մաղձ ու բարկութիւն։ Յանկարծ հառաչեց. "Անհաւատալի է, թէ մարդ ինչպէս կարող է այդքան տարի երջանիկ լինել այդքան վէճերի ու պրոբլեմների մէջ եւ, գրողը տանի, չիմանալ՝ արդեօ՞ք սէր էր դա, թէ՝ ոչ"։ (էջ 327)

"Սէրը միշտ էլ սէր է. ամէն ժամանակ ու ամենուր, սակայն որքան մահը մօտենում է, այնքան սէրն աւելի ամուր է դառնում"։ (էջ 344)

"... Ոչ թէ մահը, այլ կեանքն է, որ սահման չի ճանաչում"։ (էջ 346)

No comments: