Tuesday, April 10, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (3)

"...Չէր պատկերացնում աւելի ստորացուցիչ բան, քան սիրոյ համար վճարելը"։ (էջ 179)

"Ֆրորենտինօ Արիզան իր մանկութիւնից յիշեց կնքահօր՝ ընտանեկան բժշկի արտայայտութիւնն իր մշտական փորկապութեան մասին."Աշխարհը բաժանւում է նրանց, ովքեր կարող են քաքել եւ նրանց, ովքեր չեն կարող"։ Այս դրոյթի վրայ հիմնուելով՝ բժիշկը մարդկային բնաւորութեան մասին մի ամբողջ տեսութիւն էր հնարել, որ աւելի ճշգրիտ էր համարում, քան աստղագիտութիւնը"։ (էջ 180)

"... Վերջապէս հասկացաւ, որ հնարաւոր է կնոջ հետ ընկեր լինել ու չպառկել հետը"։ (էջ 185)

"... Սէրն, անկախ ամէն ինչից, բնածին տաղանդ է։ "Կամ ծնուած օրուանից գիտես, կամ այդպէս էլ երբէք չես իմանայ""։ (էջ 185-6)

"... Ֆլորենտինօ Արիզան եկել էր այն համոզման, որ աշխարհը լի էր երջանիկ այրիներով։ Նա դրանց տեսել էր իրենց ամուսնու դիակի մօտ վշտից խենթացած պաղատելիս, որ իրենց էլ կենդանի թաղեն նոյն դագաղում, որ ստիպուած չլինեն դիմագրաւելու ապագան առանց նրա, սակայն երբ սկսում էին աստիճանաբար հաշտուել նոր վիճակին, տեսել էր նաեւ, թէ ինչպէս են փիւնիկի պէս յառնում մոխիրներից"։ (էջ 200)

"Հասարակական կեանքի նպատակը սարսափը յաղթահարելն է. ամուսնական կեանքի նպատակը՝ ձանձրոյթը յաղթահարելը"։ (էջ 209)

"Նրանք հէնց այն էին, ինչ որ պատկերացնում էր. ճիշտ ինչպէս քաղաքները, որ նրա համար ոչ թէ աւելի լաւը կամ վատն էին, այլ պարզապէս այնպիսին, ինչպիսին ստեղծել էր իր սրտում"։ (էջ 209)

"Այն ժամանակ Ֆերմինա Դազան սկսեց գիտակցել, որ անձնական կեանքն` ի տարբերութիւն հասարակականի, յեղյեղուկ ու անկանխատեսելի է։ Նրա համար երեխաների եւ մեծահասակների միջեւ եղած տարբերութիւնն իրականում այնքան էլ պարզ չէր, սակայն ի վերջոյ` նախապատւութիւնը տալիս էր երեխաներին, որովհետեւ նրանց դատողութիւններն աւելի վստահելի էին"։ (էջ 218)

"Նա կատարեալ ամուսին էր. երբէք յատակից ոչինչ չէր բարձրացնի, ոչ մի լոյս չէր հանգցնի, ոչ մի դուռ չէր փակի։ Երբ վաղորդեան մութնուլուսին հագուստի վրայ պակաս կոճակ լինէր, կասէր` "Մարդ պէտք է երկու կին ունենայ. մէկը՝ սիրելու համար, միւսը` կոճակ կարելու""։ (էջ 219)

"Նրա կամակորութիւնից յոգնած՝ Ֆերմինա Դազան խնդրեց, որ իր ծննդեան առթիւ մի արտասովոր նուէր անի իրեն, որ գոնէ այդ օրն ինքը ստանձնի տնային հոգսերը։ Նա հաճոյքով համաձայնեց եւ արշալոյսին, իրօք, սկսեց զբաղուել տնային տնտեսութեամբ։ Սքանչելի նախաճաշ մատուցեց, բայց մոռացել էր, որ կինը խաշած ձու չի ուտում եւ կաթով սուրճ չի խմում... Առաջին վայրկեանից հասկացաւ, որ բացարձակապէս չգիտէ, թէ ինչը ուր է գտնւում, մանաւանդ՝ խոհանոցում... Ժամը տասին ճաշի վերաբերեալ դեռ ոչինչ չէր որոշուած, որովհետեւ տան մաքրութիւնը աւարտուած չէր, ննջասենեակը չէր յարդարուած, լողարանը չէր շփուած, մոռացել էր դնել զուգարանի թուղթը, սաւանները, մոռացել էր կառապանին ուղարկել երեխաների հետեւից եւ շփոթեց սպասաւորների պարտականութիւնները. խոհարարին կարգադրեց անկողինները յարդարել, իսկ սպասուհիներին ուղարկեց ճաշ եփելու"։ (էջ 220)

"Ֆլորենտինօ Արիզան գիտէր, որ իր երկրի հարուստները կարճատեւ հիւանդութիւններով չեն վարակւում։ Նրանք կամ անսպասելի մահանում են եւ անպայման` որեւէ մեծ տօնի նախօրէին, որպէսզի սգոյ պատճառով հնարաւոր չլինի տօնել, կամ էլ աստիճանաբար խամրում են երկարատեւ ու զազրելի հիւանդութիւններից, որոնց ամենամանրակրկիտ մանրամասները շուտով բոլորի սեփականութիւնն են դառնում"։ (էջ 230)

"Բայց երբ խոստովանեց, որ այդ օրը խոստովանահօր մօտ է եղել, քիչ մնաց կատաղութիւնից խելագարուէր։ Ակադեմիայում ուսանելու օրերից ի վեր նա համոզուած էր, որ եկեղեցու բոլոր սպասաւորները` կին թէ տղամարդ, զուրկ են հոգեւոր ձիրքերից ... Համոզուած էր, որ նախքան ամուսինը կը հասցնէր խոստովանութիւնն աւարտել, իր պատիւը արդէն ասէկոսէի առարկայ դարձած կը լինի"։ (էջ 248)

"Ես գրեթէ հարիւր տարեկան եմ եւ ականատեսն եմ եղել ամէն ինչի՝ անգամ երկնքում աստղերի դասաւորութեան փոփոխութեանը, սակայն այս երկրում ոչ մի բան չի փոխուել,- ասում էր նա։ -Այստեղ երեք ամիսը մէկ նոր սահմանադրութիւն, նոր օրէնքներ են ստեղծւում ու նոր պատերազմներ հրահրւում, սակայն մենք դեռ գաղութատիրութեան դարաշրջանում ենք մնացել"։ (էջ 264)

"Անհաւատարիմ, բայց ոչ դաւաճան"։ (էջ 268)

"Ոչ մի բան մարդուն այնքան բնորոշ չէ, որքան մեռնելու ձեւը..." (էջ 274)

No comments: