Friday, March 2, 2007

"ԴՈՒՔ ԳՆԱՑԷՔ, ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ" (1)

"Մի այսպիսի պատմութիւն կայ Գայանէ՝ ամերիկացի ֆերմերը երկու հնդկացիների մեքենայով տեղափոխում է մէկ ագարակից՝ միւսը։ Մեքենայի կանգ առնելու հետ հնդկացիները իջնում ու անմիջապէս պպզում են տեղում։ Երբ ագարակատէրը փորձում է նրանց ոտքի հանել հնդկացիները բացատրում են. "Մենք այնքան արագ եկանք, որ հոգիներս չհասցրեցին մեզ հետ գալ։ Սպասում ենք, որ գան՝ մտնեն մարմիններիս մէջ"։

"Հազարաւոր ու միլիոնաւոր մարդիկ, որոնք պէտք է, որ հանդիպեն, այդպէս էլ չեն հանդիպում, նրանք չեն անում այն, ինչ որ պէտք է անեն, չեն հասնում նրան, ինչ որ Աստծոյ նախախնամութեամբ նախատեսուած էր իրենց համար եւ չեն վշտանում կորցրածի համար, որովհետեւ չեն էլ երեւակայում թէ ինչ պիտի գտնէին։"

"Հայրդ յիշու՞մ ես ասում էր. "Այս երկնքի տակ ծնողի սէրն է, որ քանի մասի էլ բաժանես չի փոքրանում։" Բա ինչու՞ այդպէս չէ, ինչու՞ ոմանց այդ սիրուց այդքան շատ է բաժին հասնում՝ իսկ միւսներին՝ այդքան քիչ"։

"- Տատս ասում էր."Երջանկութիւնը դռան առաջ գցած գերան չի, նստես վրան ռուսի պառաւի պէս արեւածաղկի սերմ չրթես ու ոտքերդ թափ տաս` թիթեռի նման բան է, բռնեցիր` այդ պահին քոնն է, բաց թողեցիր` թռաւ-գնաց։"

"Մի երեխայ կաթի հետ պիտի խմի անհայրութեան դառը թուրմը։ Այդ թուրմը ողջ կեանքում կաթալու է նրա ուղեղի վրայ ստիպելով չարութեամբ նայելու բոլորին ու ամէն ինչին։ Վերջապէս մարդը սիրուց պէտք է աշխարհ գայ, որ աշխարհն էլ այս օրին չլինի։"

"Ամուսնուս պապը յայտնի ինժեներ է եղել-շարունակեց Գոհարը-նրա տղան մեծացել է մամայի բալա, այս մէկն էլ՝ որպէս հարազատ հօր տղան։ Սրանք ջերմոցային մարդիկ են, գնան իրենց գործարանը, ինժեներութիւն անեն, գան ճաշ ուտեն՝ նստեն հեռուստացոյցի առաջ։ Գործարանը փակում ես, հեռուստացոյցն՝ անջատում, դառնում են ափ ընկած ձուկ։"

"Միեւնոյն է հեքիաթը անհրաժեշտութեան ծնունդ է։ Հեքիաթը սլացքն է տենչանքի։ Ինչպէս կարելի է հեքիաթը բանտել։ Ինչպէս կարելի է սպանել հեքիաթները։ Ինչպէս կարելի է ապրել առանց հեքիաթի։ Խայտաբղէտ ճանապարհները, որոնցով շտապում ենք անցնել մեր կեանքը` անիմաստ ու անհանգրուան են լինելու՝ եթէ փարոսը հեքիաթը չէ։"

No comments: