Monday, March 5, 2007

"ՄԵԾ ՄԱՅՐՍ"

Անցեալ շաբաթավերջին կարդացի Ֆեթհիյէ Չեթինի "Մեծ մայրս" յուշագրական գիրքը։

Չեթինը իրաւաբան է, ապրում է Ստամբուլում։ Նա Հրանտ Դինքի փաստաբանն էր (եւ է)։

Ֆեթհիյէ Չեթինը գրքում պատմում է իր մեծ մօր կեանքի պատմութիւնը, որի ընտանիքի մեծ մասը ցեղասպանութեան ժամանակ կոտորուել են, իրեն առեւանգել։ Մայրը (Չեթինի մեծ մօր մայրը) մի կերպ հասել է Հալէպ ու տարիներ անց կարողացել միանալ Ամերիկայում ապրող ամուսնուն։

Իսկ մեծ մայրը, որն առեւանգման ժամանակ փոքր աղջիկ է եղել, պարտաւորուել է ընդունել մահմեդականութիւն եւ հետագային ամուսնանալ թուրքի հետ ու ... Ու տարիներ անց իր կեանքի ողբերգութիւնը պատմել թոռանը։

Չեմ գրում մանրամասնութիւնը, որպէսզի այն չկրոցնի հետաքրքրութիւնը կարդալ ցանկացողների համար։

Անկեղծ ասած նման գրքեր չեմ կարողանում կարդալ, հոգեկան վատ ապրումներ եմ ունենում, հետեւաբար առհասարակ փորձում եմ խոյս տալ այդ գրքերից։

Սակայն համոզուած եմ, որ նման ճակատագրերի մասին կարդալը կամ դրանց մասին լսելը՝ անխուսափելի է ցանկացած հայի համար, այն մեր պատմութեան մէկ մասն է։

Գիրքը մտորումների տեղիք է տալիս գլխաւորաբար երկու առումով.-
Նախ կարդալով մի հայի ողբերգութեան մասին մէկ անգամ նորից սկսում ես մտածել՝ ինչու՞ թոյլ տուեցինք տեղի ունենար ցեղասպանութիւնը եւ ի՞նչ պիտի անենք, որպէսզի մէկընդմիշտ ապահովենք մեր ազգի անվտանգութիւնը։

Եւ ապա մէկ անգամ նորից ընթերցողի ուղեղում ծառանում է հետեւեալ հարցը՝ ո՞վ է հայը։

Գիրքը 130 էջ է։

Խորհուրդ կը տամ կարդալ։

Գինն է 2200 դրամ։

Մնացէք պայքարունակ։

Յ.Գ. Անցեալ շաբաթուայ ընթացքում երկու գիրք կարդացի, երկուսն էլ հայերի մասին, երկուսն էլ՝ տխուր։ Ի՞նչ էք մտածում։

No comments: