Friday, March 23, 2007

ՕԾԱՆԵԼԻՔԸ, ԳԻՐՔԸ, ԼՈԼԻԿԸ ԵՒ ԿՕՇԻԿԸ

Կոմիտասի պողոտայում Բարեկամութեան մետրոյից բարձրանալիս Փափազեանի խաչմերուկին չհասած աջի ձեռի վրայ կայ մի դեղատուն, որը նաեւ օծանելիք ու նման բաներ է վաճառում։ Ճիշտ այդ խանութի դիմաց՝ պողոտայի միւս մայթին կայ նուէրների խանութ։
Յունուարին դեղատնից գնեցի մի օծանելիք 15000 դրամ արժողութեամբ։ Միւս օրը նուէր գնելու նպատակով մտայ յիշեալ նուէրների խանութն ու ինչ տեսնեմ՝ նոյն օծանելիքը 10800 դրամ։ Այսինքն 4200 դրամ տարբերութիւն պողոտայի մի մայթից միւս մայթի միջեւ։ Այսինքն %46 տարբերութիւն։ Պիտի ընդունել, որ տարբերութիւն քիչ չէ։

Անցեալ շաբաթ Կոմիտասի պողոտայում մի գրախանութից գնեցի Մարկեզի "Սէրը խոլերայի ժամանակ" վէպը` 2000 դրամ (ի դէպ ներկայիս այդ գիրքն եմ կարդում)։ Մի երկու օր առաջ Աբովեան փողոցի գրախանութներից մէկում նոյն գիրքը տեսայ վաճառում են՝ 1500 դրամ։ Այսինքն %34 տարբերութիւն։ Պիտի ընդունել, որ 2000 դրամի մէջ 500 դրամի տարբերութիւնը շատ է։

Վերոյիշեալները կեանքիս մէջ՝ Հայաստանում, Իրանում թէ այլուր, պատահած "քցուելու" միակ դէպքերը չեն։ Ճիշտն ասած ասես-չասես այս տեսակ քցուելների հետ հաշտուել եմ։

Մի քանի օր առաջ կարդում էի տնտեսագիտութեան դոկտորայի մի ուսանողի յուշերը՝ Վիեննայից, որը գրել էր, որ իրենք (իր ընտանիքը) միշտ միրգ ու բանջարեղէն են գնում մրգի շուկայից, որը Վիեննայում յայտնի է "թուրքերի շուկայ" անունով։ Փետրուարեան մի օր լոլիկը շուկայում գնել է մէկ կիլօն 70 սենտ, գիշերը հիւր է ունեցել ու պարտաւորուել է գնալ իրենց տան մօտի մթերային մեծ խանութից (Super Market) գնել լոլիկ՝ այս անգամ կիլօն 3.2 Եւրօ։ Պատկերացնում էք 380 տոկոս արժէքի տարբերութիւն։ Գրողը եզրակացնում է, որ եթէ այդ բանը պատահէր օրինակ Իրանում` մարդիկ իրենց բախտին, աշխարհին, վարչակարգին եւ էլ ում ասէս կը հայհոյէին ու կասէին, որ այսպիսի բան աշխարհի ոչ մի անկիւնում չես տեսնի, որ իրենք դժբախտ են եւ այլն։

Լոլիկի պատմութիւնը կարդալուց յետոյ մի քիչ հանգստացայ։ Պարզուեց, որ միայն ինձ չեն քցում։

Մենք կարծում ենք, որ ինչ պատահում է Հայաստանում (աւելի ճիշտ է ասել Հարաւի չզարգացած երկրներում) իւրայատուկ է միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, որ մենք հայերս այսպէս ենք ու այնպէս, որ աշխարհի ուրիշ ոչ մի տեղ (կամ առնուազն զարգացած երկրներում) նման բան չես տեսնի եւ դժգոհել մեր բախտից եւ այլն։ Նման արտայայտութիւններ շատ ենք լսում, բայց իրականում այդ երեւոյթը միայն մեզ յատուկ չէ (ինչպէս տեսանք Աւստրիայում էլ այդպիսի բաներ պատահում են)։

Եզրակացութիւն (1)։ Նոյն ապրանքը նոյն քաղաքի տարբեր խանութներում՝ երբեմն նոյնիսկ իրար դիմաց կամ իրար կողքի, տարբեր արժէքներով վաճառելը իւրայատուկ չէ միայն մեզ։

Եզրակացութիւն (2)։ Ապրանք գնելիս պիտի ուշադիր լինել, սակայն ինչքան էլ մարդ ուշադիր լինի ի վերջոյ "քցուելու" հաւանականութիւնը կայ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Երեկ առաւօտեան կինս գնացել է Բարեկամութեան մետրոյի շրջակայքում գտնուող շուկան տղայիս համար տան կօշիկ գնելու նպատակով։ Փնտրել, փնտրել է ու գտել մի կօշիկ՝ 2500 դրամ արժողութեամբ։ Չի գնել։ Էլի է ման եկել ու մի քանի կրպակ այն կողմ՝ տեսել է նոյն կօշիկից վաճառում են 2000 դրամ։ Ոուրախ ուրախ գնել է մտածելով, որ ճարպիկ է, որ 500 դրամ չի "քցուել"։ Եւս մի քանի կրպակ այն կողմ ու ի՞նչ տեսնի։ Նոյն կօշիկից վաճառում են 1500 դրամ։ Հիմա կինս մի կողմից ուրախ է, որ 500 դրամ չի "քցուել" ու միւս կողմից տխուր է, որ 500 դրամ "քցուել" է։

Եզրակացութիւն (3)։ Շուկայում որեւէ ապրանք գնելուց յետոյ այլեւս այդ ապրանքի հետեւից ման մի եկեք, տեսաք էլ ուշադրութիւն մի դարձրէք։

No comments: