Sunday, March 4, 2007

"ԴՈՒՔ ԳՆԱՑԷՔ, ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ" (2)

Անցեալ ուրբաթ օրը վերջացրի Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ` Արտաշէս Շահբազեանի անտիպ վէպը՝ "Դուք գնացէք, ես մնում եմ" վերնագրով։ Վէպը կարդացել եմ էլեկտրոնային տարբերակով։

Այն մի քանի ընկերների պատմութիւն է, որոնց մի ոտը Խորհրդային կարգերում է, միւս ոտը՝ նոր՝ յետ-խորհրդային կարգերում։

"Կեանքը պէտք է մէկ ժամանակի մէջ ձգուէր, ապրուէր ու աւարտուէր մեզ համար։ Այլապէս ի՞նչ ստացուեց մէկ ոտքով նախորդ կեանքում ենք, իսկ միւսը երկարել՝ ուզում ենք շարունակել այս կեանքում։ Այնինչ այստեղ ամէն ինչ ուրիշ է, նոր արժէքներ են հաստատում իրենց կենսունակութիւնն արեւի տակ, իսկ երեկուայ ճշմարտութիւնները դարձել են խիստ յարաբերական։ Սկսւում է իրերի կայսրութեան դարաշրջանը։"

Կարծում եմ հէնց այստեղ էլ պիտի փնտրել վէպի գլխաւոր գաղափարը։ Մարդիկ, որոնք ոչ այն է` խորհրդային շրջանում են ապրում, եւ ոչ այն է` ծնուել ու մեծացել են յետ-խորհրդային` ասել է դրամտիրական շրջանում։ Հետեւաբար անորոշութիւնների մէջ են։ Ծնուել ու մեծացել են Խորհրդային շրջանում ու մէկ էլ յայտնուել նոր-ազատական կարգերում։ Ինչպէ՞ս ապրէն իրենց համար նոր, անհարազատ միջավայրում։

Երկխօսութիւններն ու մտորումների նկարագրութիւնը լաւապէս բացայայտում են վէպի հերոսների անհատականութիւնն ու նկարագիրը։

Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, այն տխուր վէպ է, տխուր կենսագրութիւններ, տխուր կեանք։

Նախադասութիւնները պարզ են ու դիւրըմբռնելի։

Ծաւալը 150 էջ է։

Հետաքրքրուեցի հեղինակ մեր ընկերոջից, որ արդեօք հերոսների կերպարները վերցուած են իրական կեանքից թէ ուղղակի գրողի երեւակայութեան արդիւնք են։ Պատասխանեց, որ եւ մէկը, եւ միւսը։

Գրքի ընդմիջից կարելի է ծանօթանալ հեղինակի խոհափիլիսոփայական մտորումներին, խառնուածքին ու ապրումներին։

"Թեթեւն ու ծանրը կեանքից չէ, ամէն մարդ իր կշեռքով է քաշ սահմանում։ Այն ինչ մէկի համար լինելիք բան է, մէկ ուրիշը դրանից ողբերգութիւն է սարքում։ Ինչպէս եւ հակառակը, երբ հեքաթային ամրոցներ են կառուցում ու ծխով լցուած փուչիկի պէս կախում են երկնքից։ Իսկ երբ անհողեղէն պատրանքները բախւում են իրականութեան կոշտ պատին յայտնի է թէ տուժող կողմը որ մէկն է լինում։"

Շուտով "Նորք" հանդէսում կը հրատարակուի վէպի մի մասը։ Այն որպէս առանձին գիրք հրատարակուած չէ։

Շնորհաւորում եմ ընկերոջը եւ մաղթում նորանոր յաջողութիւններ։

No comments: