Saturday, March 10, 2007

ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինչու՞ ենք գիրք կարդում (ինչպէս նկատում էք, որպէսզի տխուր պատասխաններ չստանամ, չեմ հարցնում` առհասարակ գիրք կարդում ենք թէ ոչ)։

Գիրք ենք կարդում երկու պատճառով.-
1.- Գիտելիք ձեռք բերելու համար։
2.- Հաճոյք ստանալու համար։

Սկսենք երկրորդից։
Հաճոյք մարդ կարող է ստանալ տարբեր բաներից։ Ասենք օրինակ երաժշտութիւն լսելուց, մի նկարչութիւն նայելուց, տեսաերիզ դիտելուց կամ էլ մի սրճարանում մի ընկերոջ հետ սուրճ խմելուց եւ այլն։

Նկարչութեան պարագային, օրինակ, հաճոյքը մեզ փոխանցւում է գոյների միջոցով առաջացուած պատկերի տեսքով։ Երաժշտութեան դէպքում համադրուած ձայների միջոցով եւ այլն։

Գրքի դէպքում բառերի ու բառերից կազմուած նախադասութիւնների միջոցով արտայայտուած մտքերի։
Կարդում ենք մի սիրային պատմութիւն։ Հաւանական է, որ այդտեղ մեր գիտելիքին բան չաւելանայ, բայց գրքի հերոսի հետ ապրում ենք նրա ապրումները, ուրախ ու տխուր պահերը եւ հետեւաբար հաճոյք ենք ստանում։

Գիրք ենք կարդում նաեւ գիտելիք ձեռք բերելու համար, իսկ գիտելիքով արդէն սկսում ենք ձեռք բերել ճանաչողութիւն եւ ժամանակի ընթացքում ընդլայնել մեր մտահորիզոնն ու խորացնել մեր ճանաչողութիւնն աշխարհից։

Սովորում ենք այն ինչի մասին, որը մեզ հետաքրքրում է։ Մէկը կարդում է պատմութեան մասին, միւսը բնութեան, երրորդը օդանաւի, չորրորդը ճարտարապետութեան եւ այլն։

Հէնց այնպէս ինչպէս կարելի է հաճոյք ստանալ ոչ միայն գիրք կարդալով, այլ նաեւ այլ բաներով, հէնց այդպէս էլ կարելի է գիտելիք ձեռք բերել ոչ միայն գիրք կարդալով, այլ նաեւ այլ բաներով , ինչպէս օրինակ հեռուստացոյցով կամ համացանցի միջոցով։

Հետեւաբար հնարաւոր է, որ ապագայում գիրքն առհասարակ դուրս գայ մարդու կեանքից փոխարինուելով այլ բաներով։

Այս կապակցութեամբ յիշում եմ Այզակ Ասիմովի պատմուածքներից մէկը, որը կարդացել եմ շատ տարիներ առաջ "The fun they had" անունով (Հաճոյքը, որ նրանք ունէին)։
Մի քոյր ու եղբայր իրենց տան գետնափորում գտնում են մի բան, որի մասին պատկերացում չունի քոյրը, իսկ եղբայրը գիտի այնքանը, որ դրան գիրք են ասում եւ նա դա մէկ անգամ տեսել է իր մեծ մօր ձեռքում։

Յամենայնդէպս ինչ էլ որ լինի ապագայում, այսօր գիրքը դեռ մնում է մեր կեանքի անբաժանելի մասը եւ առնուազն այժմ չի կարող փոխարինուել այլ բաներով։

Հիմա եկէք հարց տանք ինքներս մեզ.-
Ինչքա՞ն գիրք ենք կարդում մենք ներկայիս (ամէն օր կամ շաբաթուայ ու ամսուայ կտրուածքով)։ Ընթերցանութիւնը մեր կեանքում ինչքա՞ն տեղ ունի (խօսքը գիրք կարդալու մասին է եւ ոչ թէ թերթ)։
Ընտանիքի ամսեկան ծախսերի մէջ ինչքա՞ն գումար ենք յատկացնում գրքին։
Վերջին անգամ ե՞րբ ենք այցելել գրախանութ։

Մէկ այլ հարց։ Քանի՞ գիրք ենք կարդացել մենք՝ մեր կեանքում։
Նոյնիսկ նրանք, ովքեր իրենց հմուտ ու վարժ գիրք կարդացող են համարում՝ կարող են հաշուել եւ մօտաւորապէս ասել քանի՞ գիրք են կարդացել իրենց կեանքում (խօսքը պարզ է` դասագրքի մասին չէ)։

Կարծում եմ այդ հաշուարկը հետաքրքիր եզրակացութիւնների կը բերի ամէն մէկիս։

Եկէք այլ բան հաշուենք։

Եթէ մենք հիմիկուանից ամիսը մէկ գիրք կարդանք, մէկ տարուայ ընթացքում կարդացած կը լինենք 12 գիրք։ 10 տարուայ ընթացքում կարդացած կը լինենք 120 գիրք։

Գրախանութ մտե՞լ էք։ Տեսե՞լ էք այնտեղ ինչքան գիրք կայ։ Տասնեակ, կը ներէք հարիւրաւոր, էլի կը ներէք հազարաւոր գրքեր կան, որոնք արժանի են կարդալու։

Եւ ի՞նչ է ստացւում։ Որ եթէ մենք ամիսը մէկ գիրք կարդանք՝ 10 տարուայ ընթացքում ընդամէնը 120 գիրք կարդացած կը լինենք։

Guardian-ը 2002 թուականին կատարել է մի հարցախոյզ, որով փորձել է ճշտել աշխարհի բոլոր ժամանակների լաւագոյն 100 գրքերը (նման հարցախոյզներ կատարել են (ու պարբարաբար կատարում են) նաեւ այլ թերթեր ու հաստատութիւններ)։ Ամիսը մէկ գրքով այդ 100 գիրքը կարդալու համար 10 տարի ժամանակ պիտի յատկացնել։

Իսկ իրօք հարիւրաւոր ու հազարաւոր գրքեր կան, որոնք արժանի են կարդալու թէ հաճոյք ստանալու եւ թէ գիտելիք ձեռք բերելու նպատակով։

Ընթերցասէր մնացէք։

Յ.Գ. (1) Անպայման փորձէք հաշուել, որ ձեր կեանքում մինչեւ հիմա քանի գիրք էք կարդացել։

Յ.Գ. (2) Վերջերս կարդացի մի մտաւորականի հետ կատարուած հարցազրոյց, որտեղ նա ասում էր, որ մէկ շաբաթուայ ընթացքում մէկ-երկու գիրք է կարդում։ Անկեղծ ասած՝ շատ նախանձեցի։

Յ.Գ. (3) Այս արտայատութիւնները ձեզ ծանօ՞թ են՝ "Դէ գիտես այնքան գործ ունեմ", "Շատ եմ ուզում կարդալ, բայց ժամանակ լինու՞մ է", "Երեխաները չեն թողնում", "Դասերս այնքան շատ են"։

No comments: