Monday, March 19, 2007

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Յաճախ մեր զրոյցների ընթացքում հիացմունքով խօսում ենք 21-րդ դարում հաղորդակցութեան միջոցների գերզարգացութեան մասին։ Իրաւամբ էլ այդպէս է։ Հաղորդակցական միջոցների` յատկապէս համացանցի, ընձեռած հնարաւորութիւնները շատ շատ են ու օրէցօր էլ շատանում են։

Այդ զրոյցների ընթացքում էլ յաճախ մենք մեզ քննադատում ենք, որ յետ ենք մնացել աշխարհից, որ արդիական ձեւերից (Method) չենք օգտւում կամ դրանց չենք տիրապետում ու երբեմն դրանց նոյնիսկ ծանօթ չենք։ Սա էլ է ճիշտ՝ բայց ոչ այդքան խտացրած կերպով։

Երբեմն մտածում եմ, որ որոշներն ինչքան են մտածում մարդ արարածի հանգստութեան մասին` ամէն ինչ անում են, որ մարդը հեշտութեամբ ու ընդամէնը մի երկու կոճակ սեղմելով հասնի այն ամէնին՝ ինչ ուզում է։

Միաժամանակ պարզից էլ պարզ է, որ ուրիշների անձնական կեանքով հետաքրքրուելն ու դրանում խառնուելը ճիշտ չէ։ Դա հանրային ոլորտ չէ, որ ով ցանկանայ գլուխը բռնի ու ներս մտնի։ Ի վերջոյ կայ մարդու իրաւունք։

Սակայն արի ու տես թէ ինչպէս են գերզարգացած հաղորդակցական միջոցները ծառայում ոմանց՝ ներթափանցելու մարդկանց անձնական (ու անանձնական) կեանքի սահմաններից ներս։ Յատկապէս իրենց ժողովրդավար ու մտքի ու խօսքի ազատամարտիկ հռչակող եւ մարդու իրաւունքների մասին անվերջ խօսով գերմեծերը, որոնք միաժամանակ տիրապետում են հաղորդակցութեան գերզարգացած միջոցներին, լաւապէս օգտագործում են այդ հնարաւորութիւնները։

Օրինակ.-

1.- Gmail-ի տէրերը հեշտութեամբ կարող են իմանալ, որ ես ումից (ու ինչ) նամակներ եմ ստանում եւ ում (ու ինչ) նամակներ եմ գրում։ Նկատի պիտի ունենալ նաեւ, որ gmail-ի տարողութիւնը շատ է եւ եթէ ես նոյնիսկ որեւէ նամակ նետեմ աղբարկղը՝ մինչեւ այդ նամակն աղբարկղից էլ չջնջեմ, այն կը պահուի այնտեղ (նոյնը չէ օրինակ Yahoo-ի պարագային, աղբարկղ նետուած նամակը մի քանի օրից ինքնաբերաբար ջնջւում է (ի հարկէ սա չի նշանակում որ Yahoo-ի տէրերը սուրբ են))։

2.- Բաւական է, երբ բացում եմ իմ էլեկտրոնային նամակատուփը, մէկը (ասենք gmail-ի տէրերը) գրանցի իմ համակարգչի IP-ն։ Դրանից յետոյ նա կարող է իմանալ, որ ես երբ, ինչ եմ փնտրել համացանցում (ինչ տեղեկութիւններ եմ փորձել ձեռք բերել), ինչքան ժամանակ եմ յատկացրել այդ փնտրման համար եւ դրանով էլ եզրակացնի թէ դա ինչքան կարեւոր (կամ անկարեւոր) է եղել իմ համար։

3.- Google-ը մէկ ու կէս միլիարդ ԱՄՆ դոլար վճարեց գնելու համար Youtube-ը։ Այսօր շատերը հիացած են Youtube-ի ընձեռած հնարաւորութիւններով։ Իրօք էլ այդպէս է։ Սակայն իրականում տէրերը Youtube-ի միջոցով ձգտում են (կամ առնուազն ցանկութեան դէպքում կարող են) իմանալ, որ այսինչ IP-ով համակարգչից օգտուողը ինչ տեսաերիզներ է դիտում, ինչ նիւթերով է հետաքրքրուած, դրանց ինչքան ժամանակ է յատկացնում եւ ինչ տեսաերիզներ է տեղադրում Youtube-ում։ Սա էլ մէկ ու կէս միլիարդ դոլարանոց գործարքի իմ կարծիքով գլխաւոր պատճառը։

4.- Google- Talk-ի եւ Google Chat-ի միջոցով տէրերը կարող են իմանալ, որ երբ, ում հետ, ինչքան եմ խօսում եւ ինչի մասին։

5.- Google Alert-ի միջոցով կարող են իմանալ ինչ լուրերով կամ նիւթերով եմ հետաքրքրուած եւ ինչերն են իմ համար կարեւոր, որոնց ցանկանում եմ պահել ուշադրութեանս կենտրոնում։

6.- Blogger-ի՝ այսինքն հէնց այս էջի միջոցով կարող են իմանալ ինչեր են անցնում իմ մտքում, ես ինչ նիւթերի մասին եմ գրում, ընթերցողներին ինչ եմ ասում այսինչ կամ այնինչ հարցի մասին (օրինակ Google-ի, Gmail-ի ու Youtube-ի) ինչ կարծիք ունեմ եւ այլն։

Այս օրինակները կարող եմ շարունակել։

Հարց է առաջանում՝ հիմա ի՞նչ անենք։ Չօգտուե՞նք հաղորդակցութեան զարգացած միջոցներից։ Ի հարկէ պիտի օգտուենք, բայց պիտի ուշադիր լինենք ու մեղմ ասած՝ շատ չյուզուենք։

Լաւ մնացէք։

No comments: