Thursday, May 31, 2007

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ

Մի քանի օր առաջ չորս հոգու հետ (բարեկամներ ու ծանօթներ) "Մեղեդի" սրճարանում մինչեւ գիշերուայ ժամը 2։00-ը վիճել ենք։ Վիճաբանութեան նիւթը կարելի է այսպէս անուանել՝ ամուսնական կեանքը ինչքանո՞վ է սահմանափակում անհատի ազատութիւնները։

Երկու ամուսնացածներ (35-40 տարեկան) պնդում էին, որ "ամուսնական կեանքը մեծապէս սահմանափակում է մարդու ազատութիւնները եւ մարդ ինչքան կարող է պիտի ուշ ամուսնանայ"։ Նրանք ասում էին, որ թէեւ շատ շատ են սիրում իրենց կանանց, սակայն մեծապէս փոշմանած են շուտ (28-30 տարեկանում) ամուսնանալու համար։

Մի 34 տարեկան չամուսնացած տղայ ասում էր, որ "մարդ ընդհանրապէս չպիտի ամուսնանայ եւ պիտի վայելի կեանքը"։

Մի 26 տարեկան ուսանող տղայ ասում էր, որ "շուտ ամուսնանալն ու ամուսնական կեանքին հաւատարիմ մնալը` իւրայատուկ է Երրորդ Աշխարհի ժողովրդներին ու որոշ չափով նաեւ աղքատներին"։

Դժգոհ ամուսնացածներն ասում էին, որ այն պայմաններում, երբ ամուրիները կարող են զբաղուել ցանկացած բանով, տուն գնալ կամ չգնալ եւ այլն, մենք պարտաւոր ենք ժամանակին տուն գնալ ու հոգ տանել մեր ընտանիքների մասին։

Այդ ընթացքում յիշեցի եւ զրուցակիցներիս պատմեցի մի հարցախոյզի մասին, որ կարդացել էի տարիներ առաջ Իրանում՝ "ԻՒՆԵՍԿՈՅԻ պատգամը" թերթում։ Հարցախոյզը կատարուել էր Ֆրանսիայի երիտասարդների շրջանակում՝ ամուսնական կեանքի մասին, որի արդիւնքում տիրող կարծիքը մօտաւորապէս հետեւեալն էր՝"Պատկերացնու՞մ էք 30 տարի առաւօտեան քնից արթնանալ ու անկողնում տեսնել միեւնոյն մարդու դէմքը։ Դա անհաւատալի է։ Երեւակայել անգամ չեմ կարող։ Դա մարդու իրաւունքների կոպիտ խախտում է"։

Ամուսնացածներին հարցրեցի, թէ "տղաներ այժմ գիշերուայ ժամը 2-00-ն է եւ ենթադրում եմ, որ տուն գնալու համար այնքան էլ յարմար ժամ չէ, ուրեմն ինչու՞ էք ասում, որ ձեր իրաւունքները ոտնահարուած են, որովհետեւ ամուսնացած մարդը ժամանակին պիտի տուն գնայ։ Նաեւ ձեզ ճանաչելով գիտեմ, որ շաբաթուայ ընթացքում այս ձեր ուշ տուն գնալու միակ դէպքը չէ"։ Սակայն ի զուր, որովհետեւ մեղադրուեցի կեանքը չհասկանալու մէջ։

Ինչեւէ։ Նպատակս այն չէ, որ գրեմ այդ օրուայ խօսակցութիւնն ամբողջութեամբ, այլ նկատի ունենալով, որ շատերն են (ամուսնացած կամ ամուրի) այս նիւթի մասին վէճի բռնւում, փորձել արծարծել հարցը։ Ահա իմ տեսակէտը.-

Պարզից էլ պարզ է, որ ամուսնանալով մարդիկ որոշակի սահմանափակումներ են մտցնում իրենց կեանքում, բայց դա կատարում են գիտակցաբար։ Ի վերջոյ ներկայիս շատ քչերն են զոռով ամուսնանում։ Յետոյ կեանքում ամէն ինչ յարաբերական է։ Ի՞նչ է ազատութիւնը։ Որո՞նք են մարդու իրաւունքները։ Ի՞նչ է նշանակում հաճոյք։ Արդեօք բոլոր մարդիկ միեւնոյն բանի՞ց են հաճոյք տանում, թէ ասենք տարբեր բաներից։ Մէկի համար հաճոյքը մի սրճարանում մի բաժակ սուրճ խմելն է, միւսի համար գիրք կարդալը, երրորդի համար հակառակ սեռի հետ լինելը, չորրորդի համար տեսաերիզ դիտելը, հինգերորդի համար ճամբորդելը, վեցերորդի համար չորացրած թիթեռների հաւաքածոյ ունենալը, եօթերորդի համար մի այլ բան ու այսպէս մինչեւ վերջ։ Ի՞նչ է նշանակում վայելել կեանքը եւ կեանքը վայելելու քանի՞ ձեւ կայ։ Եւ ի վերջոյ մարդիկ իրարից տարբեր են իրենց կրթութեան մակարդակով, դաստիարակութեամբ, նիւթական կարողութեամբ, իմացականութեամբ, ճաշակով, աշխարհահայեացքով, յանձնառութեան գիտակցութեամբ եւ այլն եւ այլն եւ չի կարելի ընդհանրացնել երեւոյթները։

Ո՞վ ասաց, որ ամուրիները ազատ են, վայելում են կեանքը, ինչ ուզում են՝ անում են։ Ինչքան ամուրիներ կան, որոնք շատ ու շատ ամուսնացածներից աւելի շատ հոգս ունեն։ Եւ ի վերջոյ ինչու՞ պիտի նախանձել ամուրիներին։ Կամ գուցէ եթէ նրանք անկեղծանան՝ խոստովանեն, որ նախանձում են ամուսնացածներին։

Ցարդ կանանցից հարցրել էք, թէ նրանք ի՞նչ են մտածում ամուսնանալով իրենց ազատութիւնների ոտնահարման մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Երբ գիշերուայ ժամը 02։00-02։30-ին սրճարանից դուրս էինք գալիս տուն գնալու համար, մէկ էլ մեր ամուրի ընկերները սրճարանի մի այլ սեղանի շուրջ տեսան իրենց ընկերներին՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով շրջապատուած եւ շտապեցին մեզ ցտեսութիւն ասել՝ գնալու վայելելու կեանքը այդ պահից արդէն նոր ընկերների հետ։ Իսկ ես մինչեւ տուն հասնելս շարունակեցի "վայելել" ամուսնացած ընկերներիս տզտզոցները ամուսնական կեանքի "չբարիքների" մասին։

Յ.Գ. (2) Իմ տպաւորութիւնն այն է, որ ամուսնանալով ազատութիւնները ձեռից տալու մասին աւելի շատ խօսում են տղամարդիկ, քան կանայք։ Այդ կապակցութեամբ կարող էք հետաքրքրուել ձեր կանանցից, նշանածներից, ընկերուհիներից ...

Յ.Գ. (3) Այս նիւթը երեկ գիշեր գրեցի։ Հակառակ այն բանի, որ աշխատանքից յետոյ գնացել էի ատամնաբուժի մօտ ու մի քանի ժամ վայելել նրա ձեռքի ողջ հզօրութիւնը ատամներիս վրայ եւ անզգայացման սրսկումների ազդեցութեան տակ էի (թերեւս փիլիսոփայական դեգերումներիս պատճառն էլ հէնց դա էր), բայց գրեցի եւ վերջում երբ սեղմեցի "Տպիր" "Publish" կոճակը , մէկ էլ ամբողջ գրածս՝ թռաւ։

Tuesday, May 29, 2007

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Մայիսի 23-ից 26-ին Կանադայում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական հերթական խորհրդաժողովը։

Խորհրդաժողովին, ցաւօք, չկարողացան մասնակցել մեր բոլոր միութիւնների ներկայացուցիչները։ Պատճառը Կանադա մուտքի արտօանգիր (visa) չստանալն էր, հակառակ այն բանի, որ Կանադայի մեր կառոյցը մեծ ջանք թափեց այդ ուղղութեամբ։ Ի դէպ նշեմ, որ ի շարս միւսների ինձ էլ մուտքի արտօնագիր չտուեցին։

Մերժումների պատճառներից կարելի է գալ այն եզրակացութեան, որ դեսպանատների պաշտօնեաները առաջնորդւում են ոչ թէ մի ընդհանուր կանոնակարգով, այլ ըստ ճաշակի (առնուազն այդպէս է թւում), որովհետեւ տարբեր երկրներում գտնուող դեսպանատները տարբեր պատճառներով ու երբեմն էլ իրարամերժ` մերժեցին մեր ընկերների դիմումները։ Օրինակ, եթէ մի տեղ պատճառաբանեցին, որ դիմորդը ամուսնացած չէ, ուստի չկայ երաշխիք, որ կը վերադառնայ իր բնակած երկիրը, մի այլ տեղ պատճառաբանեցին, որ դիմորդը ուսանող է եւ քանի որ չունի աշխատանք, ուստի չկայ երաշխիք, որ կը վերադառնայ իր բնակած երկիրը, իսկ երրորդի պարագային ասացին, որ ճիշտ է, որ ամուսնացած է ու աշխատում է, բայց նիւթապէս բաւականաչափ ապահովոււած չէ, ուստի չկայ երաշխիք, որ կը վերադառնայ իր բնակած երկիրը։

Մի խօսքով հակառակ առկայ պաշտօնական հրաւէրի ու հակառակ Կանադայի խորհրդարանի պատգամաւորներից մէկի դեսպանատներին գրած նամակի՝ դեսպանատների պաշտօնեաներն առաջնորդուեցին այնպէս ինչպէս ուզում էին։

Այս խորհրդաժողովը կարեւոր էր այն առումով, որ Դաշնակցութեան 30-րդ Ընդհանուր Ժողովից առաջ գումարուող վերջին երիտասարդական համահայկական խորհրդաժողովն էր եւ նկատի ունենալով, որ Ընդհանուր Ժողովի օրակարգում ներառնուած է երիտասարդական եւ ուսանողական հարցերը, հետեւաբար խորհրդաժողովում հնչած առաջարկներն ու տեսակէտները օգտակար կարող են լինել երիտասարդական եւ ուսանողական բնագաւառներում մեր հետագայ անելիքները ճշտելու տեսակէտից։

Իմ տեղեկութիւններով խորհրդաժողովն ունեցել է բարձր մակարդակ եւ խորհրդաժողովին մասնակցած պատասխանատու ընկերները բաւականին գոհ են քննարկումներից։

Բարեւներով՝

Monday, May 28, 2007

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԱՅԻՍԻ 28-Ը

Շնորհաւոր հայոց անկախութեան օր՝ Մայիսի 28-ը։

Յոյսվ եմ գայ այն օրը, երբ մեր երկիրը լինի իրապէս անկախ ու իրապէս ազատ։

Friday, May 25, 2007

MEMORY STICK

Որոշեցի լուսանկարչական տեսախցիկիս համար գնել յիշողութեան քարտ (Memory Stick)։

Հետաքրքրուեցի այդ մասին եւ իմացայ, որ խորհուրդ է տրւում գնել ոչ թէ մէկ մեծ տարողութիւն ունեցող քարտ, այլ երկու-երեք քիչ տարողութիւն ունեցող։ Հիմնաւորումն այն է, որ
մեծ տարողութիւն ունեցող քարտում հնարաւոր է պահել մեծ քանակութեամբ լուսանկարներ եւ եթէ որեւէ պատճառով քարտը փչանայ, փչանալու են բոլոր լուսանկարները, այսինքն ենթադրենք օգտագործում ենք 4 GB-անոց քարտ ու մէկ էլ այն փչացաւ։ Դա նշանակում է փչացան բոլոր լուսանկարները, բայց եթէ օգտագործում ենք 516 MB-անոց քարտ ու դա փչացաւ, նշանակում է փչացան միայն այդ քարտի լուսանկարները (100 հատից մի քիչ աւելի)։ Ուստի մի քանի քարտ օգտագործելու պարագային մենք լուսանկարները կորցնելու վտանգը պակսեցնում ենք։

Յարմար նկատեցի գնել Memory Stick Pro Duo 1 GB։
Սկսեցի փնտրել շուկայում, որովհետեւ փորձառութեամբ գիտէի, որ գնի տարբերութիւն խանութից խանութ լինելու է։

Պարզուեց.-
- Կոմիտասի պողոտայի "Արայ" խանութում այն վաճառում են՝ 22000 դրամ։
- Սայաթ Նովայի պողոտայի "Զիգզագ" խանութում՝ 30000 դրամ։
- Մաշտոց-Ամիրեան խաչմերուկի մօտ գտնուող մի խանութում, որը միաժամանակ թէ ակնոց է վաճառում, թէ լուսանկարչական իրեր եւ թէ տպագրում է լուսանկար՝ 15000 դրամ։
- Սայաթ Նովայի պողոտայի լուսանկարչական մի չերեւացող ու անանուն խանութում (որը քայլելիս պատահաբար նկատեցի)՝ 14000 դրամ։
- Սայաթ Նովայի պողոտայի էլեկտրոտեխնիկա վաճառող "Պլազմա" անունով խանութում՝ 17500 դրամ։

Այսինքն կարելի էր "Զիգզագ"-ից մէկ հատ 1 GB-անոց քարտ գնելու փոխարէն, Սայաթ Նովայի պողոտայի լուսանկարչական չերեւացող ու անանուն այդ խանութից երկու հատ 1 GB-անոց քարտ գնել, եւ աւելին՝ մի երկու շիշ էլ գարեջուր ու մի քիչ էլ հաց ու երշիկ ու գնալ տուն նշելու այդ օրուայ գնումը։

Ես այդ չերեւացող խանութից գնեցի մէկ հատ քարտ։

Վաճառողին հարցրի, որ Memory Stick Duo-ի եւ Memory Stick Pro Duo-ի տարբերութիւնն ի՞նչ է։ Պատասխանեց` "Չգիտեմ"։ Համացանցի միջոցով պատասխանը գտայ։

Լաւ մնացէք։

Ներկայիս $1 US = 348 AMD

Tuesday, May 22, 2007

ԷԼԻ ԱՃԵՑԻՆՔ

Այսօր մեր երկրի տնտեսութիւնը էլի աճ արձանագրեց՝ մէկ ԱՄՆ դոլարը դարձաւ 348 հայկական դրամ ($1 ԱՄՆ = 348 դրամ)։

Իշխանութիւնը պնդում է, որ դրամի արժեւորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ պայմանաւորուած է տնտեսական աննախադէպ աճով` արտահանման ծաւալները շատանում են, ներդրումների ծաւալները նոյնպէս, իսկ հայրենի բնակիչների արտասահմանում ապրող բարեկամներն էլ չեն զրանում օրէցօր աւելի շատ դոլար ուղարկել երկիր (ըստ երեւոյթին նրանք էլ են աճ արձանագրում)։

Մինչեւ այստեղ ամէն ինչ պարզ է, բայց մի հարց կայ մտքումս։

Ազգային Ժողովի ընտրութիւններից մի քիչ շատ առաջ մէկ ԱՄՆ դոլարը դարձաւ 352 դրամ։ Ինչքան մօտեցանք ընտրութիւններին դոլարի արժէքը սկսեց բարձրանալ եւ վերջին օրերին հասաւ 361-363 դրամի։ Ընտրութիւններից անմիջապէս յետոյ կրկին սկսեց դրամի արժեւորման գործընթացն ու ահա այսօր հասանք 348-ի։

Կը ներեն ի հարկէ մեր իշխանաւորները, բայց չգիտեմ ինչպէս ասել, կարո՞ղ է դրամի արժեւորումն ու արժեզրկումը ընտրակաշառքների հետ կապ ունի։

Լաւ մնացէք։

Sunday, May 20, 2007

ՄԻ ԴԻՏՈՐԴԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (4)

"Երեկոյեան ճիշտ ժամը 8։00-ին, ինչպէս օրէնքով սահմանուած է, փակուեց ընտրատեղամասի դուռը։ Ինձ նախապէս զգուշացրել էին, որ պատահում է, երբ ընտրատեղամասի դուռը փակելուց յետոյ ոմանք առաջարկում են փոխարէն անմիջապէս սկսել քուէների հաշուարկը, մի պատառ հասց ուտել եւ յետոյ շարունակել աշխատանքը։ Իսկ մի պատառ հաց նշանակում է` խորոված ու օղի ու գնաց։ Հետեւաբար չպիտի դա թոյլ տալ։

Յանձնաժողովի նախագահը թեթեւակի նման առաջարկ արեց, բայց միանգամից մերժուեց։

Ուստի սկսեցին քուէների հաշուարկը։

Անկեղծ ասած չափազանց ձանձրալի, յոգնեցուցիչ ու պատասխանատու գործ էր, մանաւանդ գիշերուայ այդ պահին։ Դեռ ես առաւօտուայ ժամը 07։55-ին էի գնացել տեղամաս, Յանձնաժողովի անդամները, յատկապէս նախագահը, քանի օր այդ վազքի մէջ էին եղել եւ արդէն դրա նախորդ գիշերը եւ վաղ առաւօտեան սկսել էին աշխատել ու իսկապէս յոգնած էին։ Մանաւանդ մեղքս էր գալիս նախագահից։

Նախ ստուգեցին թէ քանի հոգի են տետրում գրանցուել, յետոյ հաշուեցին քուէաթերթիկների տրցակների մնացորդացը, յետոյ մնացած ծրարները եւ այդ ամբողջի արձանագրութիւնը կազմելուց յետոյ բացեցին քուէատուփը եւ սկսեցին հաշուել քուէները։

Յանձնաժողովի անդամները նստել էին մի սեղանի շուրջ, մնացածը նրանց շուրջ կամ մի այլ սեղանի, ոմանք էլ կանգնել էին նրանց գլխի վերեւում։

Սկսեց հաշուարկը եւ ի զարմաս ամէնի Րաֆֆի Յովհաննիսեանի "Ժառանգութիւն" կուսակցութիւնը սկսեց, մեղմ ասաց, քաղահան անել։ Մարդիկ խառնուեցին իրար։ Եւ սկսեցին անընդհատ հեռակայ կարգով շնորհաւորել Րաֆֆին։ Այդ ընթացքում ինձ մօտեցաւ Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչն ու շնորհաւորեց յաղթանակի համար։ Հարցրի՝ "Ո՞ր յաղթանակի"։ Ասաց՝ "Միթէ՞ դու "Ժառանգութիւն"-ից չես"։ Ասացի՝ "Ոչ, ես որեւէ կուսակցութիւնից չեմ"։

Քիչ յետոյ նոյն մարդը վերադարձաւ ժպիտը դէմքին՝ "Դաշնա՞կ ես"։ Ասացի՝ "Եղբայր, արդէն մի քանի անգամ ասել եմ, որ ես որեւէ կուսակցութիւնից չեմ, դիտորդ եմ"։ Գնաց, չհաւատալով ասածներիս։ Հետագային մտածում էի, որ թերեւս իմ եւ Րաֆֆի Յովհաննիսեանի սփիւռքահայ լինելու հանգամանքն էր այդ մարդուն ու միւսներին բերել այն եզրակացութեան, որ ես "Ժառանգութիւն"-ից եմ։ Ասում եմ միւսներին, որովհետեւ 35-40-ի մօտ մի կին կար, որը եւս մի քանի անգամ բարձրաձայն, մի քանի անգամ էլ աչքով-ունքով ինձ շնորհաւորեց "Ժառանգութեան" յաղթանակի համար։

Տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների պահուածքից, ամենահետաքրքիրը "Հանրապետական" կուսակցութեան ներկայացուցչի պահուածքն էր։ Գիշերուայ ժամը 02-00-ին, 03-00-ին, այդ մարդու բջջային հեռախօսը չէր անջատւում։ Անընդհատ խօսում էր ու անընդհատ զեկուցում հեռախօսագծի միւս կողմին։ Ասում էր, որ ամբողջ Հանրապետութիւնով մէկ մոլեգնում է Րաֆֆի յաղթանակը, որ նա անսպասելի չափերով քուէ է բերել, որ նա առաջին տեղում է եւ այլն եւ այլն։

Աշխատանքն աւարտուեց առաւօտեան ժամը 08։00-ին։ Յոգնած ու սպառուած գնացի տուն ու քնեցի։ Մի քանի ժամ յետոյ հեռուստացոյցով լսեցի, որ Րաֆֆին 5-րդ է եղել, իսկ Հանրապետականն անվիճելի առաջին, մի բան, որ առնուազն այդ ընտրատեղամասում այդպէս չէր։ "Հանրապետական"-ն ու "Դաշնակցութիւնը" իրար շատ շատ մօտ էին` քուէների առումով"։

Saturday, May 19, 2007

ՄԻ ԴԻՏՈՐԴԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (3)

"- Կուսակցութիւններից մէկի ներկայացուցիչը 55-60 տարեկան տղամարդ էր։ Շատ էր խօսում եւ մօտաւորապէս ճանաչում էր ընտրատեղամասի բնակիչներից շատ շատերին։ Ընտրատեղամաս մտաւ կուսակցութիւններից մէկի թեկնածուներից մէկը՝ քուէարկելու։ Վերոյիշեալ 55-60 տարեկան մարդը բարձր ձայնով հարցրեց վերջինին.-"Ինչպէ՞ս եմ կարող ձեզ հետ կապ հաստատել։ Կը տա՞ք ինձ ձեր հեռախօսահամարը։" Թեկնածուն էլ դրանից հպարտանալով, բարձր ձայնով ընտրատեղամասում սկսեց ասել իր հեռախօսահամարը, յատուկ նշելով, որ "Սա իմ ուղիղ գիծն է, կապուէս` ես կը վերցնեմ"։

Ուշ գիշերուան, երբ քուէներն էին հաշւում ու այնպէս ստացուեց, որ իրար յետեւից մի քանի անգամ հանրապետականները քուէ բերեցին, մէկ էլ այն 50-60 տարեկան մարդը իր կողքին նստած Հանրապետական կուսակցութեան ներկայացուցչին կամաց ասաց.- "Այսինչ, չկասկածես, ես միշտ էլ հանրապետական եմ եղել։" Ու վերջինս էլ պատասխանեց.- "Գիտեմ, գիտեմ։" Ապշած էի մնացել թէ ինչպէս մէկ օրուայ ընթացքում մարդը կարողացաւ երեք անգամ փոխել քաղաքական կողմնորոշումը"։

- Ընտրատեղամասում բացի վերոյիշեալ 55-60 տարեկան տղամարդուց, կային երկու այլ անձինք, որոնք մօտաւորապէս բոլոր քուէարկողներին ու նրանց ընտանիքի անդամներին ճանաչում էին։ Էլ երիտասարդ աղջիկներ (Գոհար, պապեդ որտե՞ղ ա) ու տղաներ (Արշակ, քննութիւնդ ի՞նչ արիր) , էլ 4 տարեկան երեխայ, որը մօր հետ եկել էր ընտրատեղամաս (վայ, Տիկօ ինչպէ՞ս ես), էլ 101 տարեկան հիւանդ տղամարդ, որին երկու թեւի տակից բռնելով բերել էին քուէ տալու եւ վերջինս էլ հայհոյում էր, որ "Ինչու՞ էք ինձ տնից դուրս բերել" եւ էլ ում ասես։ Պարզ է, որ եթէ մէկը մի թաղամասում երկար ժամանակ ապրում է, ճանաչում է թաղամասի բնակիչներին, բայց դրան էլ չափ կայ, սրանց պարագան պարզապէս աչք զարնող էր։

- Վերեւից ներքեւ սեւ հագած մի երիտասարդ տղայ կար ընտրատեղամասում։ Ազատօրէն շրջում էր։ Ես, ինչպէս հաւանաբար նաեւ միւսները, մտածում էի, որ նա էլ այդ ընտրատեղամասի անձնակազմից է։ Որոշ ժամանակ անց Յանձնաժողովի քարտուղարը մօտեցաւ այդ տղային եւ հարցրեց.-"Դուք գրանցուա՞ծ էք"։
"Այո։".-պատասխանեց տղան։
"Որպէս ի՞նչ".- Հարցրեց քարտուղարը։"Ես ձեզ չեմ գրանցել"։
"Վատ բան եմ անում օգնում եմ"։ Պատասխանեց տղան։

Պարզուեց, որ տղան ընտրատեղամասի անձնակազմից չէ, սակայն ազատօրէն շրջում է այդտեղ, այս ու այն քուէարկողին համարձակօրէն մօտենալով ու նրա հետ զրուցելով։ Ճանաչողներ գտնուեցին, պարզուեց, որ նա Հանրապետական կուսակցութիւնից էր։

Նրան դուրս հրաւիրեցին ընտրատեղամասից առանց արձանագրութիւն կազմելու։
Մէկ ժամ յետոյ տղան կրկին ընտրատեղամասում էր ու մինչեւ գիշեր այդ սցենարը կրկնուեց 5-6 անգամ։ Այդ կապակցութեամբ մտահոգութիւնս փոխանցեցի եւ Յանձնաժողովի նախագահին եւ քարտուղարին։

Հետաքրքիր էր տղայի ամէն անգամուայ պատասխանը, որից պարզւում էր, որ նա, ըստ երեւոյթին, "չի հասկանում" թէ ինչու նրան շնորհակալութիւն յայտնելու փոխարէն դուրս են հրաւիրում` "Եաաա, վատ եմ անում օգնում եմ, լաւ էլի, էս ինչ մօտեցում ա"։"

Thursday, May 17, 2007

ՄԻ ԴԻՏՈՐԴԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (2)

"Գնացի Յանձնաժողովի գրանցող անդամների գլխի վերեւը կանգնեցի տեսնելու, թէ նրանք ինչ են անում։ Գործընթացը հետեւեալն էր։ Քուէարկողը մօտենում էր սեղանի յետեւում նստած Յանձնաժողովի անդամին եւ յայտնում իր անունն ու հասցէն*։ Գրանցողը պետական մարմիններից ստացած տետրում փնտրում էր յիշեալի հասցէն, գտնում նրա անունը, անձնագրի համարը համեմատում քուէարկողի անձնագրի համարի հետ, անձնագրի նկարը՝ դէմքի, քուէարկողի նշած հասցէն՝ տետրում առկայ հասցէի եւ անձնագրում գրանցուած հասցէի եւ եթէ այս ամբողջը համապատասխանում էին, նրան էր տալիս քուէաթերթիկ ու ծրար եւ պահանջում, որ քուէարկողը իր անուան դիմաց երկու անգամ ստորագրի։

Սակայն պատահում էր այնպէս, որ ընտրատեղամաս էին ներս մտնում միանգամից 20 հոգի։ Մի բան, որ օրէնքով արգելուած է։ Եւ այդ ժխորի մէջ գործն արագացնելու նպատակով յաճախ վերոշարադրուածը ամբողջութեամբ չէր յարգւում։ Այսինքն օրինակ հարցնում էին անունն ու հասցէն, համեմատում տետրի հետ, համեմատում անձնագրի համարն ու տետրում առկայ համարն ու վերջ։ Ես վկայ եմ եղել, որ գրանցողը չի նայել անձնագրի նկարը եւ չի ստուգել անձնագրում գրանցուած հասցէն։ Մի բան, որի մասին զգուշացրեցի Յանձնաժողովի նախագահին։

Հիմա տեսնենք ինչեր պատահեցին։
- Նախ ընտրատեղամասում ներկաներից որոշները փորձեցին կամաց կամաց ինձ մօտենալ։ Ասենք օրինակ "Ախպէր ջան սուրճ կը խմե՞ս" կամ "Օղի կը խմե՞ս, մի բաժակ ընդամէնը"։ Պարզ էր՝ մերժեցի։

- Յետոյ մի երկու փորձ արուեց պարզելու քաղաքական կողմնորոշումս "Ընկեր ջան, ո՞ր կուսակցութիւնից ես"։ Բայց դա էլ ապարդիւն, որովհետեւ ես որեւէ կուսակցութիւնից չէի։

- Օրուայ երկրորդ կէսին մի երիտասարդ տղայ եկաւ քուաէրկելու։ Մէկը յիշեց նրա դէմքն ու հարցրեց` "Տղայ ջան, դու առաւօտ էլ ես եկել քուէ տալու"։ Տղան նախ մերժեց։ Երբ մարդը յամառեց, տղան ընդունեց, որ առաւօտ էլ է եկել, բայց չի քուէարկել, այլ ընդամէնը մօրն է բերել քուէարկելու։ Հարցրեցին, որ "Այսինքն դու այնքան ժամանակ ունես, որ մէկ անգամ մօրդ ես բերում քուաէրկելու, մէկ անգամ էլ ինքդ ես գալիս։ Ինչու՞ հէնց այդ ժամանակ չքուէարկեցիր"։ Մէկ սա ասաց, մէկ նա, միջնորդեցին միւսներն ու ասացին` "Լաւ էլ հարց մի առաջացրէք"։ Հարցը փակուեց։

* Տեղեկացնեմ, որ այս ձեւը կիրառւում է որոշ երկրներում, ինչպէս օրինակ յետ խորհրդային հանրապետութիւններում։ Ամէն մարդ պիտի ունենայ բնակութեան մնայուն հասցէ, որը պիտի գրանցուած լինի պետական մարմինների մօտ եւ անպայման նշուի իր անձնագրում։ Եթէ յիշեալը փոխում է իր բնակութեան հասցէն, ապա պիտի տեղեակ պահի պետական համապատասխան մարմիններին, որոնք էլ իրենց հերթին յիշեալի անձնագրի նախկին հասցէն չեղեալ յայտարարելով, անձնագրում արձանագրում են նոր հասցէն։ Ընտրութիւնների ժամանակ մարդը կարող է քուէարկել միայն այն տեղամասում, որում ընդգրկուած է իր բնակութեան վայրը։

Այս ձեւը օրինակ չի կիրառւում Իրանում։ Ամէն մարդ ունի անձնագիր, որում եւ որեւէ այլ տեղ, չի նշւում յիշեալի բնակութեան մնայուն հասցէն։ Ընտրութիւնների ժամանակ նա կարող է քուէարկել երկրի ցանկացած ընտրատեղամասում։

Monday, May 14, 2007

ՄԻ ԴԻՏՈՐԴԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (1)

Այս եւ յառաջիկայ մի քանի օրերում կայքէջում կը տեղադրեմ Ազգային Ժողովի ընտրութիւններին որպէս դիտորդ մասնակցած ընկերներիցս մէկի տպաւորութիւնները։ Այն տեղադրում եմ այնպէս, ինչպէս ստացել եմ, պահպանելով նաեւ առաջին դէմքով գրելաձեւը։

"Առաւօտեան ժամը 07։55-ին մտայ ընտրատեղամաս՝ համապատասխան լիազօրագիրս ներկայացնելով Յանձնաժողովի նախագահին։ Քիչ յետոյ քարտուղարը գրանցեց ինձ։

08։00-ին բացուեց ընտրատեղամասը։ Հէնց այդ պահից էլ ընտրողներ մտան քուէարկելու։ Սա իմ մէջ կասկած առաջարցրեց։ Մտածեցի, կամ սրանք աշխատողներ են, որ եկել են շուտ քուէարկեն ու աշխատանքի գնան, կամ հաւանական է, որ սրանք այսքան շուտ են եկել քուէարկելու, որպէսզի օրուայ երկրորդ կէսին էլի գան կամ էլ ժամանակ ունենան այլ տեղամասեր գնալու ու քուէարկելու։ Որոշեցի ինչքան էլ դժուար, բայց եւ այնպէս փորձել կարողութեանս սահմաններում յիշել քուէարկողների դէմքերը (պատկերացրէք հազարից աւելի մարդու դէմք)։

Ընտրատեղամասում ճանաչում էի երեք հոգու։ Գրանցուած էին 23 հոգի։ 9 հոգի Յանձնաժողովի անդամ եւ մնացածը մեծամասնականով առաջադրուած թեկնածուների վստահուած անձինք կամ էլ դիտորդներ ու կուսակցութիւնների ներկայացուցիչներ։

Սրահի մի կողմում նստած էին յանձնաժողովի անդամներ, որոնք գրանցում էին քուէարկողներին ու նրանց տալիս քուէթերթիկները։

Նրանց դիմացը, սրահի միւս կողմում, նստել էին վստահուած անձինք ու դիտորդները, որոնցից որոշների առջեւ դրուած էր մի թերթիկ ու դրա վրայ նշում էին անում։ Մօտեցայ նրանց իմանալու համար, որ ինչ են նշան անում։ Պարզուեց, որ նրանք իրենց հետ ունեն թերթիկներ, որոնց վրայ տպագրուած են համարներ (մէկից մինչեւ մի քանի հարիւր կամ մի քանի հազար) ու նրանք իւրաքանչիւր քուէարկողի դիմաց նշան են անում մէկ թիւ։ Դրանով պարզւում է, օրինակ, որ ժամը 11։00-ի դրութեամբ 156 հոգի քուէ են տուել։ Վերջում, եթէ նրանց մօտ առկայ թիւը չհամապատասխանի քուէաթերթիկների ընդհանուր թուին, կը պարզուի, որ խախտում է տեղի ունեցել։ Այսինքն, եթէ նրանց մօտ գրանցուած է 1111 քուէարկող, սակայն քուէատուփից հանւում է 1555 քուէ կամ էլ 800 քուէ, նշանակում է խախտում է տեղի ունեցել։

Այդ ձեւը լաւ էր լցոնումների առաջն առնելու տեսակէտից։ Բայց պարզ էր, որ դա խախտման առաջն առնելու ընդամէնը մի ձեւ է, բայց կան հազար ու մի այլ ձեւեր եւ մի աթոռի վրայ նստելով ու նշան դնելով սրանք չեն կարող 100-ից 100 տոկոս վստահ լինել, որ խախտում տեղի չի ունեցել"։

ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ Ա.Ժ. ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աւարտուեցին Ազգային Ժողովի ընտրութիւնները Հայաստանում։

Նախնական արդիւնքների համաձայն հինգ կուսակցութիւն՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը (%12.7), Բարգաւաճ Հայաստանը (%14.7), Հայաստանի Հանրապետականը (%32.8), Օրինաց Երկիրն (%6.8) ու Ժառանգութիւնը (%5.8) անցնելով %5-ի սահմանը մտան Ա.Ժ.։

Առաջին երեքի խորհրդարան մտնելը պարզ էր, թէեւ ստացած քուէները առանձին վերլուծութեան նիւթ են։

Օրինաց Երկիր եւ Ժառանգութիւն կուսակցութիւններինը մի քիչ զարմանալի։

Առաջինի պարագային զարմանալի է, որովհետեւ ընդամէնը մի քանի օր առաջ էր, որ իշխանութիւնը նախագահ Քոչարեանի շուրթերով Արթուր Բաղդասարեանին դաւաճան որակեց։ Ես անձամբ չեմ լսել, բայց ասում են, որ քուէարկութեան պահին էլ նախագահը մէկ անգամ նորից կոչ է արել ժողովրդին չքուէարկել այն կուսակցութիւնների օգտին, որոնք ծառայում են օտար ուժերին եւ պարզ է, որ խօսքը Արթուր Բաղդասարեանի մասին է եղել։ Դրանով հանդերձ նրանք մտան խորհրդարան։

Այդ քուէն կամ պիտի վերագրել այն բանին, որ Օրինաց Երկիրն ունի ժողովրդականութիւն, այդ էլ այն չափով, որ մարդիկ դաւաճան մարդ են ուղարկում խորհրդարան (չհաւատալով նախագահին) եւ կամ էլ իշխանութիւնը զբաղուած է դերասանութեամբ։

Ժառանգութեան պարագային էլ հակասական բաներ է ասւում։ Մէկ կողմից դա վերագրւում է Րաֆֆի Յովհաննիսեանի նկատմամբ մարդկանց ունեցած դրական վերաբերումին եւ միւս կողմից էլ իշխանութեան բեմադրութեանը։ Այն, որ Րաֆֆի Յովհաննիսեանը, չգիտես ինչու հայրենի ժողովրդի մօտ դրական կերպար է համարւում, փաստ է։ Բայց կայ նաեւ այլ վարկած, ըստ որի իշխանութիւնը Սփիւռքում Դաշնակցութեան հեղինակութիւնն ու ազդեցութիւնը հակակշռելու նպատակով, փորձում է նոր խաղ սկսել Րաֆֆի Յովհաննիսեանի միջոցով։ Կարող է եւ սա է ճիշտ։ Ժամանակը ցոյց կը տայ։

Ինչ վերաբերում է Դաշնակցութեանը, ապա պիտի ասել, որ կառոյցը իսկապէս լաւ աշխատեց եւ այդ առումով պիտի անկեղծ "վարձքներդ կատար" ասել բոլոր ընկերներին։ Շարքերը վերեւից ցած ու հետեւողականօրէն աշխատում էին։ Կարծում եմ յառաջիկայում այս ամբողջի մասին կը կատարուի քննարկում եւ կը տրուի գնահատական։ Մինչեւ այս պահը Գերագոյն Մարմնի կողմից որեւէ յայտարարութիւն ընտրութիւնների կապակցութեամբ չի արուել։ Թէեւ Դաշնակցութեան համար ոչ իշխանութիւն լինելն է ինքնանպատակ, ոչ ընդդիմութիւն լինելը, սակայն յամենայնդէպս անձնական կարծիքս է, որ այն Ազգային Ժողովում, որտեղ համամասնականով ու մեծամասնականով իրար վրայ հանրապետականներն ունեն 60-65 պատգամաւոր, մենք իշխանութեան մէջ անելիք չունենք, որովհետեւ չենք կարող ազդել որոշումների կայացման գործընթացի վրայ, հետեւաբար ինչու պիտի կիսենք պատասխանատւութիւն այն բանի համար, որում մենք դերակատար չենք եւ որոնք չեն բխում մեր ազգային ու ընկերվարական ծրագրերից։ Ինչեւէ վստահաբար վաղը Գերագոյն Մարմինը յայտարարութիւն կանի, որով կիմանանք հայաստանեան կառոյցի դիրքորոշման վերաբերեալ։

Բարգաւաճ Հայաստանի պարագան էլ հետաքրքիր է նրանով, որ կուսակցութիւնը յայտարարում է, որ ունի 370000 անդամ, բայց ընտրութիւններում ստանում է 220000 քուէ։ Այսինքն կուսակցութեան անդամներից 150000 հոգի կուսակցութեան օգտին չեն քուէարկել։ Ուրեմն կամ 370000-ն է ուռճացուած թիւ կամ թիւն իրական է՝ կուսակցական պատկանելիութիւնը՝ ոչ, այսինքն մարդիկ ձաւականօրէն եւ մի ինչ որ ակնկալիքով կամ յանձնարարութեամբ են մտել Բարգաւաճի շարքերը, ի մտի ունենալով, որ պիտի քուէարկել այլ ուժերի օգտին։ Ինչեւէ այստեղ էլ, մեղմ ասած, քցուեց Գագիկ Ծառուկեանը։

Նորընտիր Ազգային Ժողովում փրկուեցինք մի շարք պատգամաւոր-պաշտօնեաներից, յատկապէս նրանցից որոշների, ինչպէս օրինակ Արշակ Սադոյեանի, սեքսուալ ձայնից։

Երեկ գիշեր "ԱԼՄ" հեռուստաալիքով խօսում էր "Ժողովրդական" կուսակցութեան նախագահ եւ "ԱԼՄ հոլդինգ"-ի տնօրէն` Տիգրան Կարապետեանը։ Ասում էր "մի գիւղի բնակիչների 60 հեռուստացոյց եմ նուիրել, այդ գիւղից ստացել եմ 2 քուէ, գոնէ հեռուստացոյց ստացողները քուէ տային"։ Տեղեկացնեմ, որ Տիգրան Կարապետեանը Ազգային Ժողովի անցեալ ընտրութիւնների ժամանակ էլ իւրայինների կողմից քցուեց։ Այն ժամանակ "ԱԼՄ" հեռուստաընկերութեան աշխատակիցներին որպէս վստահուած անձ նշանակել էր ընտրատեղամասերում եւ այդ վստահելիները նոյնիսկ իրենք քուէ չէին տուել, էլ ինչ մնացած հսկէին ընտրութիւնների արդարացիութեանը։ Դրան հետեւեց "ԱԼՄ" հեռուստաընկերութեան աշխատակազմի մեծամասնութեան հեռացումը աշխատանքից։ Եւ այն օրուանից Կարապետեանը կիրառելով նոր մարտավարութիւն հեռուստացոյց ու տնային այլ իրեր էր բաժանում ժողովրդին, մարդկանց՝ յատկապէս մեծահասակներին խմբերով տանում էր Սեւան, էջմիածին, Դիլիջան եւ այլուր անվճար հանգստանալու, իր հեռուստաալիքով կազմակերպում էր "Ադամանդ", "Սուպեր-ադամանդ" եւ նմանատիպ կոչումներով երգի մրցոյթներ, որի ընթացքում շաբաթը մի քանի օր տարբեր գիւղերի բնակիչներ գալիս էին հեռուստաընկերութիւն անվճար կերպով երգելու եւ մրցելու եւ այդ կոչումներին արժանանալու։ Տրամաբանութիւնն էլ այն էր, որ երգարուեստի բնագաւառում հաստատուել է մենաշնորհ եւ այս ձեւով երեւան են գալիս տաղանդները։ Ինչեւէ պարզւում է, որ ոչ ադամանդներն են քուէարկել Կարապետեանի օգտին, ոչ սուպեր-ադամանդները, ոչ հեռուստացոյց ստացողները, ոչ Սեւանում հանգստացածները։ Սա էլ քցուեց։

Այսպիսի հետաքրքիր բաներ շատ կան հայրենի իրականութեան մէջ, որոնց մասին եթէ ուզեմ գրել, պիտի բազմաթիւ գիշերներ լուսացնեմ։ Սակայն մի բան, որին կուզեմ անպայման անդրադառնալ, դա քաղաքական գիտակցութեան այն ողբալի մակարդակն է, ինչ կայ այսօր Հայաստանում։ 3000 կամ 5000 դրամի դիմաց մարդիկ քուէ են վաճառում այս կամ այն կուսակցութեանը կամ մաֆիոզին։ 5000 դրամ այսինքն մօտաւորապէս $13 ԱՄՆ։ Սա առանձին եւ շատ լուրջ վերլուծութեան նիւթ է, որը խօսում է հայրենի բնակչութեան մտածելակերպի, քաղաքական գիտակցութեան, հոգեբանութեան եւ բազմաթիւ այլ կողմերի մասին։ Հասարակագիտութեան տեսանկիւնից չափազանց հետաքրքիր նիւթ ուսումնասիրութեան համար։

Վաղուանից կը տպագրեմ Ազգային Ժողովի ընտրութիւններին որպէս դիտորդ մասնակցած ընկերներիցս մէկի տպաւորութիւնները։

Լաւ մնացէք։

Thursday, May 10, 2007

ԵՐԵՔ ՕՐ ՄԻՆՉԵՒ Ա.Ժ.-Ի ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երեք օր մնաց Ազգային Ժողովի ընտրութիւններին։

Հետաքրքիր բան կատարուեց նախընտրական այս շրջանում։

Դաշնակցութեան հրապարակած նախընտրական ծրագրից յետոյ բոլորը, բայց մանաւանդ իշխանութիւնը, բան ու գործ թողած իջել են հրապարակ ապացուցելու թէ ինչու Դաշնակցութեան արծարծած այս կամ այն գաղափարը անիրատեսական է, ճիշտ չէ, պոպուլիստական է եւ այլն։

Առաջինը դա արեց Հ.Հ. վարչապետ, Հանրապետական կուսակցութեան խորհրդի նախագահ` Սերժ Սարգսեանը, անուն չտալով սակայն Սոցիալական Ապահովութեան հիմնադրամի նախագահից հարցնելով թէ այն, որ որոշ ուժեր յայտարարում են, որ եթէ իշխանութեան գան 2008 թուականի Յունուարի մէկից կենսաթոշակը կը դարձնեն 30000 դրամ եւ նուազագոյն աշխատավարձը 50000, արդեօք հնարաւոր է։ Եւ հիմնադրամի նախագահն էլ Վազգէն Խաչիկեան (նախկինում դաշնակցական, ներկայիս հանրապետական) յայտարարեց, որ դա երեւակայական է։

Մի բանավէճում անկուսակցական Արծուիկ Մինասեանը վերոյիշեալ հարցով, մեղմ ասած, ջախջախեց Խաչիկեանին։

Երեկ Հայաստանի Կենտրոնական Բանկի խորհրդի անդամներն էին իջել հրապարակ Դաշնակցութեան այդ գաղափարը անիրատեսական որակելով։ Ի դէպ նշեմ. որ օրէնքով Կենտրոնական Բանկը քաղաքական քարոզչութեամբ կամ հակաքարոզչութեամբ զբաղուելու իրաւունք չունի եւ կարելի է նրանց դատի տալ։ Իշխանութեան եւ յատկապէս իշխանական կուսակցութիւնների խուճապի մատնուելը սրանով յստակ երեւում է։ Բազմաթիւ կուսակցութիւնների ծրագրերում հազար ու մի բան է ասւում ինչու՞ Կենտրոնական Բանկը կարեւոր չէ համարում նրանց արծարծած գաղափարները քննարկել բայց Դաշնակցութեանը կարեւոր է համարում։ Ինչու՞։ Որովհետեւ պատուէր են կատարում այդ խեղճ պաշտօնեաները։ Իշխանութեան պատուէրը։

Յամենայնդէպս սա մէկ օրինակն է այն բազմաթիւ դէպքերից ինչ պատահաում է այսօր Հայաստանում։ Յատկապէս իշխանութիւնն է խառնուել իրար։ Ճիշտ կարծես այլեւս որեւէ կուսակցութիւն չի մասնակցում ընտրութիւններին։ Կամ էլ` կամ այդ կուսակցութիւնները ծրագիր չունեն կամ էլ ունեն բայց իշխանութիւնը դրանց հետ համամիտ է կամ էլ, ինչ որ աւելի ճիշտ է, Դաշնակցութիւնից բացի ուրիշ որեւէ իրական քաղաքական, գաղափարական ու կազմակերպուած ուժ չեն տեսնում։

2.- Թիւ չորս ընտրատարածքը (Արաբկիր թաղամաս) միակ ընտրատարածքն է, որտեղ Դաշնակցութիւնը մեծամասնականով առաջադրել է թեկնածու՝յանձինս Հրայր Կարապետեանի։ Այստեղ մէկ թեկնածու կայ Հանրապետական կուսակցութիւնից, մէկ թեկնածու՝ Բարգաւաճ Հայաստանից, մէկ ՀՀՇ-ից եւ եւս երկու թեկնածու։ Թէժ պայքար է ընթանում եւ սպասւում է որ Մայիսի 12-ին էլ աւելի շիկանայ պայքարը։

Իսկ ինչ է կատարւում այստեղ։ Թեկնածուներից մէկը Կոմիտասի գողական տղերքից է, որ "շատերին է լաւութիւն արել" եւ "պարզապէս ամօթ է նրան չքուէարկել", իսկ միւսը զբաղուած է փող բաժանելով, մէկն էլ շանս չունենալով յոյսը դրել է բախտի վրայ։ Ահա այս վիճակում մենք գնում ենք ընտրութիւնների։

3.- "Ժ՜՚ղ Քքքքքտիինագգգչչյ ս։՜ֆձդ"
Սա էլ տղայիս տեսակէտը իմ գրածների մասին։ Պարզապէս մեքենագրութեան պահին նա իմ գրկում էր։

Լաւ մնացէք։

Sunday, May 6, 2007

ԳԱՂԹԱԿԱՆԻ ՏՂԱՆ` ՆԱԽԱԳԱՀ

"Կեցցէ Հանրապետութիւնը"։
"Կեցցէ Ֆրանսիան"։

Այս լոզունգները արտայայտում է Ֆրանսիա գաղթած մի ընտանիքի տղան, որն ահա քիչ առաջ ընտրուեց Ֆրանսիայի նախագահ։ Դրանով էլ աւարտեց Նիկոլա Սարկոզին իր առաջին ելոյթը որպէս Ֆրանսիայի նորընտիր նախագահ։ Այսօր երկրորդ փուլի ընտրութիւնների նախնական արդիւնքում նա %53-%47 յարաբերութեամբ յաղթեց ընկերվարական Ռոյալին։

Ճիշտն ասած թէեւ Սարկոզին ընկերվարական չէր ու Հայ Դատի Եւրոպայի գրասենակը պաշտպանում էր Ռոյալին եւ այլն եւ այլն, սակայն խոստովանում եմ, որ ինձ աւելի շատ դուր էին գալիս նրա տեսակէտները, քան Ռոյալի։

Ռոյալի ընտրութիւնրը այլ առումով էր հետաքրքիր։ Նա կը լինէր Ֆրանսիայի առաջին կին նախագահը եւ եթէ Հիլարի Քլինտոնն էլ ընտրուէր ԱՄՆ-ի նախագահ, ապա ինչպէս ասում էր քաղաքական գործիչներից մէկը, հետաքրքիր կը լինէին Ռոյալ-Քլինտոն-Մերքել հանդիպումները, որտեղ երեք գերուժերի կին նախագահները պիտի ընդունէին որոշումներ, որոնք մեծապէս ազդելու էին աշխարհի քաղաքականութեան վրայ։

Մեր մօտ Հայաստանում Ազգային Ժողովի ընտրութիւններին մնաց եօթ օր։

Յաջորդ կիրակի տեղի են ունենալու ընտրութիւնները։ Թէժացել է պայքարը եւ վաղուանից կը փորձեմ աւելի շատ անդրադառնալ մեր ընտրութիւններին։

Լաւ մնացէք։

Friday, May 4, 2007

ՍՐԱՆՑԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱՅ

Միշտ համոզուած եմ եղել, որ մեր պայքարը երեք բանի դէմ է՝ բթամտութեան, խաւարամտութեան եւ ստրկամտութեան։

Բթամիտները նրանք են, ովքեր բութ են։ Ըստ բառարանի՝ ապուշ, տկարամիտ, անխելք, անընդունակ, յիմար։ Սրանք չեն կարողանում հասկանալ երւոյթների իմաստը, ունակ չեն վերլուծելու։ Կարող է էութեամբ վատ մարդիկ չեն, բայց նրանց ուղեղը սահմանափակ կարողութիւն ունի։ Ինչ էլ անես չեն հասկանայ։ Բութ են, էլի, բութ։

Խաւարամիտները նրանք են, ովքեր խարխափում են խաւարի մէջ։ Ըստ բառարանի՝ յետադէմ, տգետ, տխմար, խաւարասէր, խաւարապաշտ։ Սրանք ունեն կաղապարուած մտքեր, քարացած, հին, անհաշտ են լոյսի ու յառաջադիմութեան հետ, չկամեցող են, իրենց հանգիստ են զգում մթութեան մէջ։ Սրանց էլ ինչ անես չեն հասկանայ, որովհետեւ արդէն քարացած են։

Ստրկամիտները նրանք են, ովքեր հնարաւոր է, որ տեսնում են երեւոյթները ու կարողանում են դրանք վերլուծել, սակայն էութեամբ ստրուկ են, պնակալէզ, մանկլաւիկ։ Ըստ բառարանի՝ ծառայամիտ, ստրկահոգի, ստորաքարշ։ Միշտ պիտի մէկից կախ ընկած լինեն ու կապ չունի թէ ումից, յամենայնդէպս մէկին պիտի ծառայութիւն մատուցեն, որպէսզի կարողանան քարշ տալ իրենց գոյութիւնը։ Սրանց էլ ինչ ասես չեն հասկանայ, որովհետեւ միեւնոյնն է` այսպէս թէ այնպէս պիտի ծառայեն մէկին, դա իրենց գոյութեան ձեւն է։ Հետեւաբար անկախ այն բանից, որ իրենք ինչ են մտածում, նրանք պիտի կրկնեն իրենց տէրերի ասածներն ու գովեն նրանց իմաստնութիւնը։

Բթամտութիւնը, խաւարամտութիւնն ու ստրկամտութիւնը տարիք, սեռ ու ազգութիւն չեն ճանաչում։

Առաջին երկուսին միշտ խղճահարութեամբ եմ վերաբերուել, վերջինին՝ զզուանքով։

Մեր պայքարն այս երեք տեսակի մտածողութեան դէմ է։

Thursday, May 3, 2007

ՄՏԱԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Այն, որ մի բան, որն ի դէպ փոքր էլ չէ, վերջին 15 տարուայ ընթացքում փոխուել է հայ իրականութեան մէջ, անժխտելի է։

Եւ այն, որ կան հայ մարդիկ, որոնց թիւը ի դէպ քիչ էլ չէ, որոնք չեն ուզում հաշտուել այդ իրականութեան հետ, էլի անժխտելի է։

Հայաստանն արդէն 15 տարի է ինչ անկախ է։ Սիրենք թէ չսիրենք, լաւ թէ վատ, այսօր սա է, որ կայ։ Եւ չգիտեմ ինչու՞ որոշ հայեր չեն ուզում դա ընդունել, չեն ուզում տեսնել այդ իրականութիւնը։ Այս ընդամէնը 15 տարուայ ընթացքում հազար ու մի բան է անցել մեր երկրի, մեր հայրենաբնակ ժողովրդի ու մեր արտերկրի համայնքների գլխով։

Մնալ 1970-ականների մթնոլորտում` գաղափարներով, մօտեցումներով, կարգախօսներով ու աշխատելաոճով այլեւս անըմբռնելի է։ Անըմբռնելի է ղեկավար դիրքեր գրաւած մարդկանց պարագային։ Անըմբռնելի է յատկապէս երիտասարդութեան պարագային, որը ոչ թէ աւագների ասածներն ու արածները ընդամէնը կրկնողը պիտի լինի ու անցեալի մասին լսածներով (ու ոչ թէ կարդացածով) ապրողը, այլ նոր մօտեցումով հարցերին նայողը։

Այն, որ մենք՝ հայերս, պիտի ձգտենք էլ աւելի անկախ ու էլի աւելի ազատ ու էլ աւելի միացեալ Հայաստան ունենալուն՝ անվիճելի է։ Սակայն անվիճելի է նաեւ այն, որ դրան հասնելու համար պիտի հարցերին նայենք ներկայիս՝ 2007 թուականի, վաղը՝ նոր թուականների չափորոշիչներով։

Պէտք է ձերբազատուել մտակաղապարներից ու հաշտուել նոր իրականութիւնների հետ։

Սթափուել է պէտք։

Tuesday, May 1, 2007

ԱՇԽԱՏԱՒՈՐՆԵՐԻ ՏՕՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐ

Շնորհաւոր Մայիսի 1-ը՝ Աշխատաւորների տօնը։

Յոյսով եմ գայ այն օրը, երբ Մայիսի 1-ը իրօք վերածուի տօնի՝ իւրաքանչիւր աշխատաւորի համար՝ գիւղացուց սկսած մինչեւ ուսուցչի, բանւորից սկսած մինչեւ գրասենեակային պաշտօնեայի եւ բոլոր բոլորի։

Ներկայիս, ցաւօք, թէ միջազգային եւ թէ ազգային մակարդակներում մարդկութիւնը շատ հեռու է տօնական տրամադրութիւններից։ Թէեւ մարդկութեան ցաւն էլ մեր ցաւն է՝ որպէս մարդ, սակայն կենտրոնանալով մեր ազգային հարցերի վրայ պիտի ասեմ, որ աշխատաւորների վիճակը Հայաստանում շատ հեռու է ցանկալի մակարդակից։ Մայիսի 1-ը պետական արձակուրդ է յայտարարուած, հետեւաբար պետական հաստատութիւնները արձակ են, իսկ դրանի՞ց աւելի։

Երեւանում կան ոչ պետական հաստատութիւններ, որոնք աշխատում են, դեռ չեմ խօսում մասնաւոր հաստատութիւնների, խանութների եւ հազար ու մէկ այլ աշխատող կէտերի մասին։

Իսկ արձակուրդից աւելի՞։ Արդեօք պաշտպանուա՞ծ են աշխատաւորների իրաւունքները։ Համոզուած եմ սա շատ աւելի է հետաքրքրում իւրաքանչիւր աշխատաւորի, քան մէկ օր արձակ լինել-չլինելը։

Հայաստանի պարագային տեսականօրէն յաճախ պաշտպանուած են իրաւունքները, իսկ գործնականում, աւաղ, մեր աշխատաւորների զգալի մասը դեռ զուրկ է պաշտպանուածութիւնից։
.- Աշխատանքային պայմանագիր չի կնքւում,
.- Աշխատավարձի բարձրացում տրւում է ըստ քմահաճոյքի,
.- Արձակուրդների պարագան պարզ չէ,
.- Գործատուն ցանկացած պահի կարող է հեռացնել աշխատաւորին,
.- Աշխատաւորները կամ չեն ապահովագրւում գործատուի կողմից կամ էլ եթէ ապահովագրւում են՝ դա իրենց շատ բան չի տալիս,
.- Աշխատաւորը մի փոր հացի համար նուաստացւում է գործատուի կողմից եւ չի էլ գանգատւում, որովհետեւ դա իրեն ոչ մի բան չի տալու,
.- Օրէնքով հնարաւոր է, սակայն գործնականում չկան արհեստակցական միութիւններ եւ այլն եւ այլն։

Վերոյիշեալը վերաբերում է աշխատաւորների զգալի մասին եւ ոչ բոլորին։

Ինչեւէ։

Շնորհաւոր լինի Մայիսի 1-ը՝ Աշխատաւորների տօնը։