Tuesday, June 26, 2007

ԹԱՔՆՈՒԱԾ ԽԵՆԹԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Յունիսի 21-ի երեկոյեան կնոջս ու երեխայիս հետ Հանրապետութեան Հրապարակից Աբովեան փողոցով բարձրանում էինք։ Երաժշտութեան ձայն լսեցինք։ "Շարլ Ազնաւուր"-ի հրապարակում տեսանք բազմահարիւր մարդիկ, որոնք ունկնդրում էին Ռոք "Rock" համերգ։ Ելոյթ էր ունենում "Ոստան Հայոց" խումբը (վստահ չեմ անունը ճիշտ եմ ասում)։


Քիչ յետոյ մի այլ խումբ բեմ բարձրացաւ ու սկսեց ելոյթ ունենալ։ Ասացին, որ իրանահայ երիտասարդներ են։

Հանդիպեցի ծանօթ մարդկանց ու հետաքրքրուեցի՝ թէ սա ինչի՞ առիթով է։ Ասացին, որ Ֆրանսիայի դեսպանութեան նախաձեռնութիւնն է։ Ֆրանսիայում կայ աւանդոյթ, ըստ որի ամառուայ ամենաերկար օրը քաղաքներում տարբեր ոճի երաժշտական խմբեր ելոյթ են ունենում եւ այժմ Ֆրանսիայի դեսպանութիւնը նմանատիպ միջոցառում Երեւանում կազմակերպելով ուզում է այդ աւանդոյթը տարածել Հայաստանում։

Տղաս Ռոքի ազդեցութեան տակ՝

40-50 որպէ մնալուց յետոյ շարունակեցինք քայլել ու Աբովեան-Թումանեան խաչմերուկից քիչ վերեւ՝ "Art Bridge" սրաճարանի առջեւ տեսանք մի այլ խումբ, որոնք երգում ու նուագում էին։ Հետաքրքիր էր ջազը դրել էին մայթում ու նուագում էին։ Մի կէս ժամ էլ այդտեղ կանգնեցինք։

Շարունակեցինք քայլել եւ մի հարիւր մետր այն կողմ նկատեցինք երկու տղայի՝ մէկը գիթառով եւ միւսը այլ նուագարանով (անունը հայերէնով չգիտեմ), որոնք նստած էին մի ծառի տակ ու երգում էին։ Ականջիս կպաւ պարսկերէն բառեր։ Մօտեցայ ու տեսայ պարսիկներ են եւ երգում են պարսկերէն։ Քիչ անց բաւականին մարդ էր հաւաքուել։ Ուշադրութիւն դարձրի երգի բառերին ու ինչ տեսնեմ՝ երգում են հայրենիքի ցաւից։ Յետոյ սկսեցին երգել մի երգ, որի բառերը ծայրից ծայր հայհոյանք էր։ Թէ ում էին հայհոյում՝ յայտնի չէր, երգը, ըստ երեւոյթին, հասցէատէր չունէր, վստահ էլ չեմ, որ հաւաքուածները հասկանում էին բառերի իմաստը, որովհետեւ օրինակ ներկաներից մէկն իր կողքինից հարցրեց՝ "սրանք ինչերէ՞ն են երգում"։ Նշանակում է հաւաքուածներից ոչ բոլորն էին իմանում երգերի լեզուն։

Ազատութեան հրապարակում ջոկուեցի կնոջիցս։ Երբ քայլելով գնում էի միանալու ընկերներիս՝ մտածում էի երեւոյթի մասին ու մտքումս եկաւ այն՝ թէ Երեւանը կարելի է համարել թաքնուած խենթերի քաղաք։ Սովորական ժամանակ ամէն ինչ բնականոն հունով է ընթանում, սակայն մէկ էլ քաղաքը լցւում է խենթերով։

Գիշերուայ ժամը մէկ անց կէս երբ տուն հասայ կնոջիցս իմացայ, որ մեր ջոկուելուց յետոյ, երբ նա քայլելով հասել է Կոնսերուատորիայի դիմացի այգին, տեսել է, որ Կոմիտասի արձանի շրջակայքում դասական երաժշտութեան ելոյթ կայ, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր։ Ըստ նրա բաւականին յաջող եւ բարձր մակարդակի։

Իմ կարծիքով գեղեցիկ աւանդութիւն է եւ երեւոյթը ողջունելի է ու դրական։ Առնուազն մենք ընտանեօք հոգեկան բաւարարութիւն ապրեցինք։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Առաջին անգամը չէ, որ Ռոք համերգ եմ լսում։ Մի բան, որ զանազանում է Ռոքի սիրահարներին` օրինակ դասականի սիրահարներից, դա նրանց արտաքինն է։ Ունկնդիրները կամ երկար մազ ունեն՝ պոչ արած (խօսքս տղաների մասին է), կամ ընդհանրապէս մազ չունեն (այսինքն խուզել են), կամ ոտից գլուխ տատու (Tatoo) արած են։ Հագուստներն էլ այլ կերպ է։ Եւ ամէն անգամ այս տիպի ռոքասէրների տեսնելիս մտածում եմ` սրանք հաւանաբար մի բաներ Ռոքի մասին լսել են, բայց թէ ինչ է այն իրականում` չեմ կարծում, որ գիտեն։

Յ.Գ. (2) Խօսքերն աւելորդ են.-

No comments: