Friday, May 30, 2008

ՊՈՒԼՊՈՒԼԱԿՆ ՈՒ ԿԻՆԸ

Այսօր տղայիս հետ Կոմիտասի պողոտայում քայլում էինք։ Հասանք Կոմիտաս-Վաղարշեան խաչմերուկում գտնուող պուլպուլակին։ Տղաս ջուր ուզեց։ Բարձրացրի, որ խմի։ Խմեց մի քիչ։ Ու մէկ էլ կողքիս կանգնած 60-65 տարեկան կինը ինձ սաստիկ յանդիմանեց՝ “Բաւական է ջուր տաք երեխային, չէք տեսնում սառն է, անգինա կը բռնի, եաաա”։

Ես բան չասացի։ Տղայիս իջեցրի ու գնացինք։ Սակայն հոգուս խորքում ուրախ էի։ Այսպիսի երեւոյթներն իմ տպաւորութեամբ զուտ Հայաստանեան երեւոյթներ են։ Ո՞վ հարցրեց կամ խնդրեց այդ կնոջը իմ երեխայի ջուր խմելու մասին տեսակէտ տայ։ Ո՞վ ասաց, որ նա կը հիւանդանայ։ Իսկ հիւանդանալն ի՞նչ կապ ունի այդ կնոջը։ Ենթադրենք ես, որպէս երեխայի հայրը, ուզում եմ, որ իմ երեխան հիւանդանայ, նրան ի՞նչ։

Բայց ես անհանգիստ չեմ։ Ընդհակառակը լաւ է, որ այսպէս է։ Սա դրական երեւոյթ է։ Քանի որ խնդիրը վերաբերում է երեխային* մարդիկ իրենց իրաւունք են տալիս միջամտել, տեսակէտ տալ, նոյնիսկ յանդիմանել, ասենք հօր խելքին չի հասնում, որ երեխան կը հիւանդանայ, չէ որ իր խելքին հասնում է, ուրեմն պիտի զգուշացնի։

Լաւ է, դեռ ամէն բան կորած չէ։

* Ի հարկէ յաճախ ոչ երեխաների պարագային էլ են իրենց իրաւունք վերապահում տեսակէտ տալ, բայց դա արդէն այլ նիւթ է։

No comments: