Sunday, May 18, 2008

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԸ

Հայաստանի ներքաղաքական դաշտում իրօք զգացւում է երրորդ ուժի բացը։

Անձամբ, չընդունելով Լեւոն Տէր Պետրոսեանի տեսակէտները, յատկապէս արտաքին քաղաքականութեան ոլորտում, պիտի խոստովանեմ, որ իշխանաւորների խօսքերն ու գործերն էլ առ այժմ մեծ հաւատք չեն ներշնչում։

Եւ ահա այստեղ զգալիօրէն դատարկ է տեղը երրորդ ուժի, որը կարող էր յենուելով ժողովրդի վստահութեան վրայ՝ երկուսին էլ յետ մղել ու ստանձնել երկրի ղեկը։

Ինչպէս մէկ անգամ էլ գրել եմ, լիայոյս եմ, որ “Մարտի մէկի” դէպքերը իշխանաւորներին զգաստացնեն, ու նրանք այս անգամ անկեղծօրէն սկսեն մտածել ժողովրդի ու երկրի մասին։

Սակայն մինչ այս պահը ականատեսն ենք քայլերի, որոնք աւելի շատ ձեւեր թափելու են նման, քան իրական խորքային փոփոխութիւններ անելու։

Օրինակ այն, որ Նախագահ Սարգսեանը հեռուստացոյցով Մաքսային ծառայութեան մաքսանենգութեան դէմ պայքարի վարչութեան պետին, մեղմ ասած, ցեխը խրեց, կամ այն, որ վարչապետ Սարգսեանը անընդհատ խօսում է հարկային եւ այլ ոլորտներում լուրջ բարեշրջումներ կատարելու մասին, վստահութիւն ու հաւատք ներշնչելուց առաջ մի պարզ հարց են առաջացնում իմ մտքում։

Նախագահ Սարգսեանը, վարչապետ եղած ժամանակաշրջանում, չգիտէ՞ր մաքսայինում ու հարկայինում առկայ ախտերի մասին։ Եթէ գիտէր, ինչու՞ այն ժամանակ որեւէ քայլ չէր վերցնում։ Եթէ չգիտէր, ապա ի՞նչ վարչապետ, որ չգիտի երկրի վիճակի մասին, երբ ամենավերջին քաղաքացին էլ այդ մասին գիտի։

Աւելին։ Այսօր այնպէս է խօսւում երկրում առկայ բացթողումների մասին, որ ակամայ սկսում եմ մտածել, որ ներկայիս իշխանաւորները երբեւիցէ կապ չեն ունեցել անցնող տաս տարիների իշխանաւորների հետ (դեռ չեմ ասում դրանից առաջուայ) եւ բոլորովին նոր են մտել Հայաստան կամ ամենալաւ դէպքում, նոր են մտել քաղաքական դաշտ։ Չէ որ այս իշխանութիւնը Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան շարունակութիւնն է։ Եթէ նկատում էին այդ թերութիւնները, ապա ինչու՞ անցնող տաս տարիների ընթացքում դրանց դէմ չէին պայքարում։ Եթէ չէին նկատում, ուրեմն օտարուած են եղել երկրից ու ժողովրդից, որի համար պատասխանատու են։

Ինչ վերաբերում է Լեւոն Տէր Պետրոսեանի գործունէութեանը, ապա մեր ազգը արդէն առիթն ունեցել է այն տեսնելու ու դրա “բարիքները” վայլելելու։

Այսպիսի քաղաքական դաշտում էլ իրապէս բաց է տեղը երրորդ ուժի։ Ուժ, որը կարող էր ձեւաւորուել ու հրապարակ իջնել շատ աւելի վաղ, քան Լեւոն Տէր Պետրոսեանի հրապարակ իջնելը, կամ առնուազն վերջին նախագահական ընտրութիւններից առաջ։

Չկայ այդ ուժը։

Այդ բացը լրացնելուն է ձգտում Րաֆֆի Յովհաննիսեանը իր “Ժառանգութիւն” կուսակցութեամբ։ Անձամբ չեմ բաժանում Րաֆֆի Յովհաննիսեանի որոշ մտքերն ու գործերը, սակայն չեմ էլ կարող չխոստովանել, որ նրանք աշխատում են գրագետ։ Ենթադրում եմ, որ պայքարի համահաւասար պայմաններում, այդ գրագետ խաղը նրանց բերելու է նորանոր եւ աւելի մեծ յաջողութիւններ։

Ազգային մտածողութիւն ունեցող, արեւելքից ու արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից նիւթապէս ու այլ առումնրով չկախուած, այլ խօսքով անկախ ուժի տեղը իրօք դատարկ է հայրենի քաղաքական դաշտում։

Մինչ այդ պահը՝ պինդ մնացէք։

No comments: