Monday, March 16, 2015

ՑԱՒԱԶՐԿԻՉԸ, ԲՈՒԺՔՈ՛ՅՐ, ՑԱՒԱԶՐԿԻՉԸ

Ջերմութիւն, դողոց, հազ, գլխապտոյտ, սրտխառնուք...

Մի խօսքով կինս մի կերպ ինձ հասցնում է պոլիկլինիկա։

Բժշկուհին զննեց։ Ասաց, որ ռուսական վիրուս է...Այս մէկը չէի լսել։ Դեղեր նշանակեց։

- Անտիբիոտիկ պէտք է սրսկել։ Եթէ չէք կարող սրսկել, բուժքոյրի հետ պայմանաւորուէք, կը գայ՝ տանը կը սրսկի։

Ասացի, որ նկատի ունենալով, որ շատ վատ եմ զգում, եթէ հնարաւոր է մէկը հէնց հիմա սրսկենք։

- Ի հարկէ հնարաւոր է,- պատասխանեց բժշկուհին։

Բուժքոյրն ասաց, որ յետևենք իրեն։ Մէկ հարկ ցած իջանք։ Իրօք վատ էի զգում, չէի կարողանում կանգնած մնալ։ Բացեց մի սենեակի դուռ։ Ներս մտանք։ Հարկը, ընդորում նաև այդ սենեակը նորոգում էին։ Փոշու տակ էր։ Սենեակում, բացի մի հին պահարանից, որևէ այլ իր չկար։ Դատարկ էր։ Կինս հարցրեց, թէ ու՞ր պէտք է պառկի ամուսինս։

- Կանգնած կը սրսկեմ,- եղաւ պատասխանը։

Կրկնե՞մ։ Ջերմութիւն, դող, հազ, գլխապտոյտ, սարսափելի վիճակ։

Բուժքոյրն այդ փոշոտ պահարանի վրայ դրեց դեղերը, անտիբիոտիկը խառնեց, պատրաստեց ու... Ասեղը սրսկեց։ Անտանելի ցաւ անցաւ մարմնովս։ Գոռացի այնպէս, որ երկու-երեք հարկի էլ բժիշկ ու էլ հիւանդ ու էլ աշխատող հաւաքուեցին մեր սենեակի մուտքի առջև։ Զգացի ոտս թուլացել է։ Ընկնում էի։ Բայց որտե՞ղ ընկնեմ, ոչ նստելու տեղ կայ, ոչ պառկելու։ Անտանելի ցաւ...

Թէ վեցերորդ հարկից ինչպէս հասայ փողոցում կայանած մեր մեքենային՝ չեմ յիշում։ Մշուշի մէջ յիշում եմ միայն ճանապարհին խղճահարութեամբ ինձ նայող մարդկանց դէմքերը։

Տուն հասանք ու ... պարզուեց նաև, որ բուժքոյրը, անտիբիոտիկը սրսկելու համար պատրաստելիս ոչ թէ մի քիչ ջուր և մի քիչ ցաւազրկիչ է խառնել, այնպէս ինչպէս հարկն է, այլ երկու բաժին ջուր...առանց ցաւազրկիչի...

Ջերմութիւն, դող, հազ, գլխապտոյտ, սրտխառնուք, վեցը յարկ, նորոգութիւն, փոշի, անմահճակալ, անտիբիոտիկ, անցաւազրկիչ...

Բուժքոյր, գոնէ ցաւազրկիչը...

Լաւ մնացէք։

No comments: