Saturday, April 14, 2012

ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ՕՐ ԵՐՐՈՐԴ

Երեքշաբթի առաւօտեան ժամը 9։30-ին "պասպըռտ սեղանում" եմ։

Ներս մտայ համապատասխան պաշտօնեայի գրասենեակ։ Բարեւեցի։ "Եկէք, եկէք", ասաց կինը, որն ինձ լաւ բան չյուշեց։

Մօտեցայ։ Սպասեցի մինչեւ ինձնից առաջ այնտեղ գտնուող այցելուի գործերն աւարտի։

"Գիտէք - ասաց պաշտօնեան - ձեր թղթերը պետը ստորագրել ու կնքել է, բայց թիւրիմացութիւն է եղել, փոխարէն ՕՎԻՐ-ի վրայ մակագրի, մեր վրայ է մակագրել"։

Նայում եմ պաշտօնեային։ Բա չեմ ասում։ Մտածում եմ յետո՞յ։

Պաշտօնեան տեսնելով նայուածքս ասում է՝ հիմա պիտի նոր թերթիկ լրացնենք, դուք ստորագրէք ու տանէք պետի մօտ, որ ստորագրի ու կնքի։

Այսինքն այլ խօսքով մինչեւ հիմա ինչ արել էք ու ինչքան եկել-գնացել էք՝ իզուր։ Ամէն ինչ նոր տողից, սկզբից։

Սպասում եմ։ Լրացնում է թերթիկը։ Տալիս է ինձ։ "Բայց գիտէք պետը խորհրդակցութեան է գնացել, ժամը 11։00-ին կը գայ", ասում է պաշտօնեան։

Սպասում եմ մինչեւ 11։15։ Պետը չի գալիս։

Վերադառնում եմ պաշտօնեայի մօտ։ "Տիկին պետը գալու՞ է"։
- "Այո"։
- "Բայց ասացիք 11։00-ին"։
- "Ինչ ասեմ"։

Թերթիկները թողնում եմ պաշտօնեայի մօտ ու դուրս գալիս շէնքից։

Վերադառնում եմ ճաշից յետոյ եւ ստանում թերթիկները՝ ստորագրած, կնքած ու այս անգամ ճիշտ մակագրուած։

Պինդ մնացէք։

No comments: