Thursday, April 12, 2012

ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Յաջորդ օրը ճաշուայ ժամը 12։30-ին "պասպըռտ սեղանում" էինք։
Մեզնից առաջ մէկ հոգի կար։
Սպասեցինք։ 12։50 հասաւ մեր հերթը։ Ներս մտանք։
Պաշտօնեան հարցրեց ինչ գործով ենք գնացել։ Պատասխանեցինք եւ յանձնեցինք մեր փաստաթղթերը։ Նայեց։ Մի երկու հարց տուեց։ Յետոյ նայեց ժամացոյցին ու ասաց՝ ժամը 13։00-ն է, "պեռեռիւի" ժամանակ է, 14։00-ին եկէք։

"Պեռեռիւ" նշանակում է ընդմիջում։ Այստեղ խօսքը ճաշուայ ընդմիջան մասին է, երբ գրեթէ բոլոր հաստատութիւններում մէկ ժամ չեն աշխատում եւ պաշտօնեաները ճաշում են։

Հարցնում եմ փաստաթղթերը տանենք թէ թողնենք։ "Ինչպէս կուզէք"՝ եղաւ պատասխանը, որն ինձ յուշեց, որ դա նշանակում է՝ մէկ է, նորից հերթ պիտի կանգնես։

Խնդրեցի, որ թոյլ տան կինս անհրաժեշտ փաստաթղթերի տակ ստորագրի, որպէսզի առնուազն նա չվերադառնայ։ Ընդունեցին։ Դրա համար շնորհակալութիւն։

Ճիշտ ժամը 14։00-ին կանգնած եմ տուեալ սենեակի մուտքի առջեւ։ Մէկ հոգի ինձնից առաջ կայ։ Մտածեցի տեսնես խեղճ մարդը քանիսին է եկել, որ առաջինը լինի։ Սպասեցի։ Հասաւ իմ հերթը։ Մօտեցայ պաշտօնեային։ Նայեց փաստաթղթերս։ Ինչ որ պիտի գրէր՝ գրեց, որտեղ պիտի ստորագրէի՝ ստորագրեցի։ Ասաց այժմ այս փաստաթղթերը տար պետի մօտ՝ ստորագրի ու "պեչատի" եւ տար ՕՎԻՐ։

"Պեչատել" նշանակում է կնքել։

Գնացի։ Պետի սենեակի առջեւ կանգնած էին երկու հոգի։ Մտայ հերթի մէջ։ Հասաւ իմ հերթը։ Ներս մտայ։ Մի պաշտօնեայ կար նստած։ Ասաց՝ դուրսը սպասէ՜ք, հա՜։ Դուրս եկայ եւ սպասեցի։ Քիչ յետոյ կանչեց։ Ներս մտայ։ Ի՞նչ գործով էք եկել՝ հարցրեց։ Այս փաստաթղթերը ասացին պետը պիտի ստորագրի ու կնքի։ "Պետը այստեղ չի, գիտէք, վարչութիւն է գնացել", ասաց կինը։

Ի՞նչ պիտի անեմ՝ հարցրեցի, սպասե՞մ, գնա՞մ, գալու՞ է։

"Մօտեցէք ձեզ սպասարկող պաշտօնեային, նա ձեզ կասի"։

Դուրս եկայ սենեակից ու մօտեցայ ինձ սպասարկող պաշտօնեային։ "Ասացին պետը այստեղ չի հետեւաբար չի կարող ստորագրել ու կնքել եւ մօտենամ ձեզ՝ դուք կասէք ինչ անեմ"։

"Գիտէք, պետը գալու է ժամը 5։00-ին*, վաղը շաբաթ է՝ չենք աշխատում, կիրակի էլ չենք աշխատում, իսկ երկուշաբթի մեռելոց է՝ ոչ աշխատանքային է, երեքշաբթի եկէք"։ 

Պինդ մնացէք։

* Տուեալ ծառայութիւնն աշխատում է մինչեւ ժամը 5։00-ը։

No comments: