Wednesday, March 11, 2009

“ԱՌՈՂՋ ՀԱԳՆԷՔ”

Անցեալ Կիրակի օրը մի տաբատ գնեցի ու այն տարայ կարճացնելու։
Կարանողը մի երիտասարդ աղջիկ էր, ենթադրում եմ հազիւ 20-22 տարեկան։ Սկզբում տարակուսեցի մտածելով սրա գործն է, սրա գործը չէ, տաբատս չփչացնի, բայց ռիսկի դիմեցի։ Աղջիկը աչքերիս առաջ վարպետօրէն մի քանի րոպէում տաբատը կարճացրեց։

Գումարը վճարեցի, ցտեսութիւն ասացի ու ի պատասխան աղջկանից լսեցի մի դարձուածք, որը մինչ այդ չէի լսել՝ “առողջ հագնէք”։

Ճանապարհին մտածեցի այդ արտայայտութեան մասին։ Հետաքրքիր էր։

Յետոյ մի երկու զուգահեռ անցկացրի։

Ճաշարանում հաճախ է պատահել, որ ոչ միայն սեղանակիցները կամ մատուցողները, այլ նոյնիսկ ճաշարան նոր մտնող կամ դուրս գնացող անծանօթները ասել են “բարի ախորժակ”։

Կամ միրգ գնելիս մրգավաճառներն ասում են “անուշ լինի”։

Յամենայնդէպս “բարի ախորժակ”-ն ու “անուշ լինի”-ն արդէն ականջիս ծանօթ են, իսկ “առողջ հագնէք”-ը՝ ոչ։ Ու սա, ի հարկէ, առաջին անգամը չէ, որ տաբատ եմ տալիս կարճացնելու, բայց մինչ այդ նման բան չէր հանդիպել։

Մի երկու Հայաստանցի ընկերներիս հարցրի, նրանք էլ ասացին, որ այդ արտայայտութիւնն առաջին անգամն են լսում։

Ինչեւէ հետաքրքիր էր ու հաճելի։

Այնպէս որ ձեր նոր տաբատները առողջ հագնէք։

1 comment:

Anonymous said...

զարմանում եմ, որ ձեր հայաստանցի ընկերները երբեք չեն լսել:
իհարկե ասում են,
ասում են առողջ հագեք,
կամ ասում են ուրախությամբ,
կամ ' բարով խերով հագնեք...այո ասում են, շատ եմ լսել