Tuesday, May 31, 2011

ՍԱՐՍԱՓԵԼԻ Է

Ուղղակի սարսափելի է։

Կարդացէ՜ք այս յօդուածը։

Հայաստանի Հանրապետութիւնում ինչպէս կարելի է լինել պատասխանատու մարդ ու գիշերը հանգիստ քնել... Անընդհատ խօսել հայրենասիրութիւնից ու կիրառուող ճիշտ քաղաքականութիւնից ու տնտեսական զարգացումից ու .... Ապրել շքեղ տներում ու քշել թանկարժէք մեքանաներ ու ... այդ մարդկանց մէկ անգամուայ հացի սեղանի թափթփածն ու մնացածը մի քանի ընտանիքի մէկ օր կուշտ կը պահի...

Վերանկախացումից 20 տարի անցաւ...

Ուղղակի զզուանքդ է գալիս։

Thursday, May 26, 2011

ՄԻ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (2)

Որոշեցի սեփական տուն գնել։ Փնտրեցի։ Շատ փնտրեցի ու գտայ այն ինչ ուզում էի։

Գնեցի մէկ յարկանի սեփական տուն։ Տան բնակելի տարածքը փոքր էր։ Ի՞նչ անել։ Կառուցել երկրորդ յարկ։

Տունը գնելուց առաջ ինքս ինձ հետ պայմանաւորուեցի՝ զինուել համբերութեամբ եւ պատրաստ լինել ձախից ու աջից գալիք սպասելի ու անսպասելի հարուածներին։ Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ դիտմամբ որոշեցի մտնել այս խաղի մէջ։ Գիտէի, որ Հայաստանում շինարարութիւն անելը հեշտ չի։ Լսել էի բազմաթիւ խոչընդոտների մասին։ Բայց մի քանի պատճառով, օրինակ տուն կառուցելու հաճոյքը, տուն կառուցելու փորձառութիւնը եւ այլն, որոշեցի գնալ այդ քայլին։

Այն ինչ կառուցում եմ շահադիտական նպատակով չէ, ծաւալն էլ մեծ չէ։ Հետեւաբար խնդիրները անհամեմատելիօրէն աւելի քիչ են, քան մեծ շինութիւնների պարագային է, շէնքն էլ դեռ չի աւարտուել։ Բայց եթէ գրեմ այն ամէնի մասին, ինչ դիմագրաւել եմ անցնող մի քանի ամիսների ընթացքում, այն եօթ միլիոն Սփիւռքահայերից մնացած չորս հոգին էլ, որ մտորումների մէջ են ու տատանւում են կայք հաստատել Հայաստանում թէ չհաստատել, վերջնականապէս կը հրաժարուեն կայք հաստատելուց ու նրանց չի օգնի ոչ Նախագահ Սերժ Սարգսեանի խոստումները, ոչ էլ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի "Արի տուն" հրաւէրները։

Անկեղծ լինեմ։ Այն կարծիքի չեմ, որ ուրիշ տեղերում ամէն ինչ լաւ է, Հայաստանում վատ է։ Այն կարծիքի չեմ, որ եթէ մէկը օրինակ Իրանում որոշում է տուն կառուցել ոչ միայն չի հանդիպում արգելքների, այլեւ պետութեան կողմից արժանանում է պարգեւների։ Բացարձակապէս։ Մի ընկեր ունեմ, որը շահադիտական նպատակով երեք բազմայարկ շէնք է կառուցել Իրանում եւ լաւապէս ծանօթ է Հայաստանի պայմաններին։ Նրա խօսքերն եմ ուզում մէջբերել։ "Այնտեղ էլ թղթաբանութիւն կայ, այնտեղ էլ ենք այս գրասենեակից այն գրասենեակ վազում, այնտեղ էլ ենք պաշտօնական մուծումներ անում ու նաեւ կաշառք տալիս, բայց դրանք համեմատելի չեն այն ինչի հետ, որ կատարւում է Հայաստանում"։ Եւ սա միայն մէկի խօսքը չի։ Իսկ յիշեցնեմ, որ Իրանը Երրորդ Աշխարհ է։

Ինձ հետաքրքրում էր այս գործը։ Եւ որովհետեւ սկզբից գիտակցում էի, որ բռնածս գործը հեշտ չի լինելու մինչեւ հիմա դժուարութիւնները տարել եմ համբերութեամբ։ Եւ կարծում եմ կը հաստատէք, որ համբերութիւնն էլ չափ ու սահման ունի։ Երբ ես տուն էի փնտրում գնելու նպատակով մի ծանօթ տղայ կար, որը նոյնպէս տուն էր փնտրում գնելու նպատակով։ Մէկ ամիսը չլրացած գնեց մի բնակարան ու իրեն ազատեց գլխացաւանքից։ Ասաց` "Ես այդ քաշքշուկների համար ջիղ չունեմ"։

Անկախ սեփական տան լաւ ու վատ կողմերից՝ ես ուզում էի ունենալ շէնք կառուցելու փորձառութիւնը։ Եւ պատկերացրէք՝ ճարտարապետ, սէյսմոլոգ, գէոդեզիստ, Քաղաքապետարան, Քաղաքաշինութեան վարչութիւն, պարզ փորձաքննութիւն, տեխհսկում, Քաղաքաշինութեան տեսչութիւն, Քաղաքաշինութեան նախարարութիւն, թաղապետարան, ոստիկանութեան հետաքննութեան բաժին, դատախազութիւն, էլի գրեմ թէ բաւական է... Ու շէնքը դեռ չի աւարտուել ու Աստուած է իմանում էլ ինչ փորձանքենրի եմ ենթարկուելու*։

Մի խօսքով կեանքը հաճելի է։ Չենք ձանձրանում միապաղաղութիւնից։ Ու ամէն առաւօտ որ քնից արթնանում ենք, սպասում ենք տեսնելու օրուայ նորութիւնը, այն է՝ այսօր որտեղից կը զանգեն ու ինչ հարցեր առաջ կը քաշեն։

Ի դէպ բալենիս ծաղկել է...

Պինդ մնացէք։

* Օրինակ փորձառու ընկերներս ասում են քեզ պատրաստիր աւարտականի համար...

Tuesday, May 24, 2011

ՄԻ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (1)

Մօտ մէկ տարի առաջ որոշեցի բնակարան գնել Երեւանում։ Ի՞նչ գնեմ, ի՞նչ չգնեմ՝ նորակառոյց բնակարան, հնակառոյց բնակարան, սեփական տուն։ Սկսեցի ուսումնասիրել շուկան։

Հնակառոյց բնակարաններին մօտ չգնացի։ Գնով շատ չէին զիջում նորակառոյցներին։ Յետոյ այդ շէնքերից շատերը իրենց կեանքն ադրէն արել են։ Լաւ շէնքեր կան, ինչպէս օրինակ Ստալինեան կոչուած որոշ շէնքեր, բայց մտածեցի կենտրոնանամ նորի վրայ, ի վերջոյ ամէն մի նոր բանի մէջ, նոր շունչ կայ։ Նաեւ երկար տարիներ ապրելով հնակառոյց բնակարաններում լաւապէս գիտէի դրանց խնդիրները՝ մի օր վերեւի հարեւանն է քեզ ջրում, մի օր դու ես ցածի հարեւանին ջրում, շէնքի մուտքն է կեղտոտ, աստիճանավանդակներում էլեկտրահոսանքի լարերն են իրար վրայ կուտակուած, որը եւ տգեղ է եւ վտանգաւոր եւ ...

Ուսումնասիրեցի նորակառոյց բնակարանները եւ եկայ հետեւեալ եզրակացութեան՝ գները աստղաբաշխան, որակը հարցական, խնդիրներն էլ անմահական։

Հայաստանում անշարժ գոյքի գների կապակցութեամբ ընդհանուր առմամբ ասեմ այնքանը, որ կարծես ոչ ճգնաժամ է եղել, ոչ պահանջարկն է պակսել, ոչ երկրի տնտեսութիւնն է վատ վիճակում։ Այն որ գները իջել են ճգնաժամ կոչեցեալից առաջուանից՝ յստակ է, բայց այն որ գները չեն իջել այնքան ինչքան այլ երկրներում (օրինակ Իրանում կամ ԱՄՆ-ում) եւ նաեւ չեն իջել համապատասխան Հայաստանի իրականութեան՝ դա էլ հաստատ է։

Հետաքրքիրն այն է, որ նշածս երկու երկրների համեմատ Հայաստանում գները տրամաբանօրէն էլ աւելի պիտի իջնէին, որովհետեւ Երեւանում միանգամից մի քանի տարում մեծաքանակ բնակարաններ կառուցեցին, որի պահանջարկը չկար, տնտեսութիւնը շատ վատ վիճակում է, առկայ է արտագաղթ, որի հետեւանքով շատ շատերը վաճառող են, բազմաթիւ մարդիկ իրենց բնակարանը կամ տունը վարկի դիմաց գրաւ են դրել ու չեն կարողացել վարկը փակել եւ նրանց բնակարաններն էլ դրամատների միջոցով է վաճառքի հանուած։ Սակայն գները ըստ իս այդպէս էլ չհասան իրականին եւ արհեստականօրէն բարձր մնացին։

Նորակառոյց բնակարանների որակը շէնքից շէնք տարբեր է։ Յամենայնդէպս այն ինչ Հայաստանում կոչւում է "էլիտար" այդ բառի բուն իմաստից մղոններ հեռու է։ Բոլոր շէնքերը չեն, որոնց կառուցման ժամանակ յարգուել են անհրաժեշտ չափանիշները։

Իսկ խնդիրներից են օրինակ այն, որ որպէս շէնքի պահպանման ծախս ամսեկան պիտի վճարումներ կատարել, որը տատանւում է 5000 դրամից մինչեւ 48000 դրամ (այնքան ինչքան ես գիտեմ)։ Միջինը վերցնենք 20000 դրամ։ Ամիսը 20000 դրամ պիտի մուծել որոշակի սպասարկման համար, որից զերծ են հին շէնքերը։ Այս գումարը ինքը մի տեսակ վարձով ապրելու նման է։ Դու ունէս սեփական բնակարան, բայց ամիսը 20000 դրամ պիտի վճարես։ Այսինքն այլ խօսքով վարձով ես ապրում։

Իսկ սա չէ հիմնական խնդիրը։ Որովհետեւ եթէ այդ գումարի վճարումը մի կերպ բացատրում է մատուցուող սպասարկման դիմաց, ապա գլխաւոր խնդիրն առաջանում է այնտեղից, որ այդ գումարը բոլորը չեն տալիս։

Օրինակ իմ սփիւռքահայ ընկերներից մէկը բնակարան ունի մի նորակառոյց շէնքում։ Շէնքը ունէր պահակութիւն։ Պահակներին ազատեցին աշխատանքից։ Շէնքում ապրող Հայաստանահայերը ասում են` մենք այստեղ ապրում ենք ու պահակի կարիք չունենք։ Սփիւռքահայերն էլ ասում են` մենք այստեղ չենք ապրում ու պահակի կարիք ունենք, որ մեր բացակայութեան ժամանակ հսկի բնակարաններին, որպէսզի գողը չտանի, պատահար չառաջանայ եւ այլն։

Մէկ այլ շէնքում վերելակի սպասարկման գումար չեն տալիս առաջինից չորրորդ յարկերի բնակիչները։ Մնացած բնակիչներն ասում են, որ վերելակը շէնքինն է, իսկ շէնքը բոլորինն է եւ սպասարկման վարձ պիտի վճարեն բոլորը եւ ... կարճ ասած շէնքի շահագործումից մի քիչ անցած-չանցած "էլիտար" շէնքում սկսում է վէճ ու վիճաբանութիւն "էլիտար" մարդկանց միջեւ։

Ես շեղուեցի իմ նիւթից։

Յեամենայնդէպս նշեմ, որ վերոշարադրուածն իմ անձնական կարծիքն է եւ այդ ամբողջով հանդերձ եթէ ես պարտաւորուեմ բնակարան գնել առաջին հերթին կը նախըտրեմ նորակառոյց շէնքում եւ երկրորդ հերթին հնակառոյց լաւ շէնքերում։ Այս ձեւակերպումը թող պարզից էլ պարզ չթուայ։ Ինչու՞։ Որովհետեւ ես սփիւռքահայ մարդ եմ ճանաչում, որը բացառում է նորակառոյց շէնքում բնակարան գնելն ու ապրելը։ Ըստ նրա կարծիքի հին շէնքերը անհամեմատելիօրէն աւելի լաւն են, քան նորերը, որոնք կառուցուել են զուտ շահադիտական նպատակով եւ ...

Վերադառնանք մեր նիւթին։

Լաւ մնացէք։

Saturday, May 21, 2011

Tintin

Սա էլ աչքալուսանք Թինթին սիրողներին։

http://www.imdb.com/video/imdb/vi140942617/

Շուտով կը թողարկուի Սպիլբերգի պատրաստած ֆիլմը։
Ֆիլմը դեռ չթողարկուած քննադատութիւններ կան։ Ոմանք այն կարծիքի են, որ երանի Սպիլբերգը Թինթինի հետ գործ չունենար ու այս ֆիլմը չպատրաստէր։ Ոմանք էլ հակառակն են ասում։

Ես սպասում եմ ֆիլմին։ Գովազդը ուժեղ է ու ազդեցիկ։ Երաժշտութիւնը Թինթինավայել։ Միայն ամենավերջում Թինթինի դէմքը դուրս չեկաւ։ Գրքում ուրիշ է։

Լաւ մնացէք։

Thursday, May 12, 2011

ՎԵՐԵԼԱԿՆ ՈՒ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԸ

Բնակարանը, որում ներկայիս ապրում եմ պանելային շէնքում է։ Երկու տարուց աւելի է ինչ ապրում եմ այս բնակարանում։ Չէի ուզում վարձել, որովհետեւ պանելային շէնքերի պահպանման կապակցութեամբ լաւ կարծիքի չէի։ Օրինակ իմ բարեկամներից մէկը բնակարան էր գնել մի պանելային շէնքի չորրորդ յարկում։ Աղբը ժամանակին չէին տանում եւ ես անձամբ եմ ականատես եղել երրորդ-չորրորդ յարկերում այս կողմ, այն կողմ վազող կռիսների։ Վերելակը մի օր աշխատում էր, մի օր ոչ։ Վերելակում ոմանք իրենց մարմնի արտադրանքն էին թափում եւ այլն։ Մի խօսքով լաւ կարծիքի չէի։

Բնակարանը, որում ներկայիս ապրում եմ, վարձեցի, որովհետեւ կինս հաւանեց, անշարժ գոյքի գործակալ կինը ստիպեց, երդուեց, զանգեց ու նորից զանգեց։ Բնակարանատէրը ճանապարհային ոստիկան է։ Հետաքրքիր էր անշարժ գոյքի գործակալի խօսքը։ Ասում էր "Սարգիս ջան, ճիշտ է ոստիկան է, բայց հաւատացնում եմ լաւ մարդ է"։

Մի խօսքով վարձեցի։ Վարձեցի ու շատ գոհ եմ։ Բնակարանատէրը իրօք հոյակապ մարդ է։ Իսկ շէնքը չունի այն խնդիրները, որ վերեւում նշեցի։ Աղբը տանում են ժամանակին։ Վերելակը շատ լաւ աշխատում է եւ դեռ որեւէ մէկն էլ իր մարմնի տարատեսակ արտադրանքը վերելակում չի թափել։ Կարճ ասած գոհ եմ։

Բայց այս ամբողջից յետոյ մի հարցի պատասխանը չեմ գտնում։ Մօտաւորապէս երբ Սփիւռքից հիւր ունենք կամ վերելակը չի աշխատում կամ վերելակի դուռը չի բացւում ու մարդիկ մնում են վերելակի մէջ։ Հիւրերը ի վերջոյ տուն են մտնում եւ մենք պարտաւոր ենք կէս ժամ բացատրել ու երդուել, որ սա բացառութիւն է ու վերելակը բնականոն աշխատում է, որ սա պատահականութիւն է։ Հիւրերն էլ հաւատում են կամ ձեւացնում են, որ հաւատում են։ Բայց երբ հիւրասիրութիւնն աւարտւում է ու հիւրերը գնում են, ընկնում եմ մտքերի մէջ՝ ինչու՞ վերելակը Սփիւռքահայ հիւրերի պարագային չի աշխատում։

Վերելակը ամէն մի երկրում ու ամէն մի շէնքում էլ կարող է չաշխատել, փչանալ, բայց որ հայրենիքում է վերելակը փչացած լինում ... Արի ու համոզիր, որ պատահականութիւն է։

Լաւ մնացէք։