Thursday, May 26, 2011

ՄԻ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (2)

Որոշեցի սեփական տուն գնել։ Փնտրեցի։ Շատ փնտրեցի ու գտայ այն ինչ ուզում էի։

Գնեցի մէկ յարկանի սեփական տուն։ Տան բնակելի տարածքը փոքր էր։ Ի՞նչ անել։ Կառուցել երկրորդ յարկ։

Տունը գնելուց առաջ ինքս ինձ հետ պայմանաւորուեցի՝ զինուել համբերութեամբ եւ պատրաստ լինել ձախից ու աջից գալիք սպասելի ու անսպասելի հարուածներին։ Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ դիտմամբ որոշեցի մտնել այս խաղի մէջ։ Գիտէի, որ Հայաստանում շինարարութիւն անելը հեշտ չի։ Լսել էի բազմաթիւ խոչընդոտների մասին։ Բայց մի քանի պատճառով, օրինակ տուն կառուցելու հաճոյքը, տուն կառուցելու փորձառութիւնը եւ այլն, որոշեցի գնալ այդ քայլին։

Այն ինչ կառուցում եմ շահադիտական նպատակով չէ, ծաւալն էլ մեծ չէ։ Հետեւաբար խնդիրները անհամեմատելիօրէն աւելի քիչ են, քան մեծ շինութիւնների պարագային է, շէնքն էլ դեռ չի աւարտուել։ Բայց եթէ գրեմ այն ամէնի մասին, ինչ դիմագրաւել եմ անցնող մի քանի ամիսների ընթացքում, այն եօթ միլիոն Սփիւռքահայերից մնացած չորս հոգին էլ, որ մտորումների մէջ են ու տատանւում են կայք հաստատել Հայաստանում թէ չհաստատել, վերջնականապէս կը հրաժարուեն կայք հաստատելուց ու նրանց չի օգնի ոչ Նախագահ Սերժ Սարգսեանի խոստումները, ոչ էլ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի "Արի տուն" հրաւէրները։

Անկեղծ լինեմ։ Այն կարծիքի չեմ, որ ուրիշ տեղերում ամէն ինչ լաւ է, Հայաստանում վատ է։ Այն կարծիքի չեմ, որ եթէ մէկը օրինակ Իրանում որոշում է տուն կառուցել ոչ միայն չի հանդիպում արգելքների, այլեւ պետութեան կողմից արժանանում է պարգեւների։ Բացարձակապէս։ Մի ընկեր ունեմ, որը շահադիտական նպատակով երեք բազմայարկ շէնք է կառուցել Իրանում եւ լաւապէս ծանօթ է Հայաստանի պայմաններին։ Նրա խօսքերն եմ ուզում մէջբերել։ "Այնտեղ էլ թղթաբանութիւն կայ, այնտեղ էլ ենք այս գրասենեակից այն գրասենեակ վազում, այնտեղ էլ ենք պաշտօնական մուծումներ անում ու նաեւ կաշառք տալիս, բայց դրանք համեմատելի չեն այն ինչի հետ, որ կատարւում է Հայաստանում"։ Եւ սա միայն մէկի խօսքը չի։ Իսկ յիշեցնեմ, որ Իրանը Երրորդ Աշխարհ է։

Ինձ հետաքրքրում էր այս գործը։ Եւ որովհետեւ սկզբից գիտակցում էի, որ բռնածս գործը հեշտ չի լինելու մինչեւ հիմա դժուարութիւնները տարել եմ համբերութեամբ։ Եւ կարծում եմ կը հաստատէք, որ համբերութիւնն էլ չափ ու սահման ունի։ Երբ ես տուն էի փնտրում գնելու նպատակով մի ծանօթ տղայ կար, որը նոյնպէս տուն էր փնտրում գնելու նպատակով։ Մէկ ամիսը չլրացած գնեց մի բնակարան ու իրեն ազատեց գլխացաւանքից։ Ասաց` "Ես այդ քաշքշուկների համար ջիղ չունեմ"։

Անկախ սեփական տան լաւ ու վատ կողմերից՝ ես ուզում էի ունենալ շէնք կառուցելու փորձառութիւնը։ Եւ պատկերացրէք՝ ճարտարապետ, սէյսմոլոգ, գէոդեզիստ, Քաղաքապետարան, Քաղաքաշինութեան վարչութիւն, պարզ փորձաքննութիւն, տեխհսկում, Քաղաքաշինութեան տեսչութիւն, Քաղաքաշինութեան նախարարութիւն, թաղապետարան, ոստիկանութեան հետաքննութեան բաժին, դատախազութիւն, էլի գրեմ թէ բաւական է... Ու շէնքը դեռ չի աւարտուել ու Աստուած է իմանում էլ ինչ փորձանքենրի եմ ենթարկուելու*։

Մի խօսքով կեանքը հաճելի է։ Չենք ձանձրանում միապաղաղութիւնից։ Ու ամէն առաւօտ որ քնից արթնանում ենք, սպասում ենք տեսնելու օրուայ նորութիւնը, այն է՝ այսօր որտեղից կը զանգեն ու ինչ հարցեր առաջ կը քաշեն։

Ի դէպ բալենիս ծաղկել է...

Պինդ մնացէք։

* Օրինակ փորձառու ընկերներս ասում են քեզ պատրաստիր աւարտականի համար...

No comments: