Monday, January 24, 2011

ԵՐԿՈՒ ԾԱՅՐԱՅԵՂՈՒԹԻՒՆ (1)

Ընկերներիցս մէկը արտերկրից մի քանի օրով Հայաստան էր գալիս։ Զանգեց ինձ ու խնդրեց բնակարան վարձել իր համար։

Կապուեցի անշարժ գոյքի ծանօթ մի գործակալութիւն։

Ասացին, որ մեր պայմաններին համապատասխանող երկու բնակարան ունեն։

Ասացի՝ պիտի տեսնեմ բնակարանները։

Գործակալը կապուեց բնակարաններից մէկի տիրոջը եւ պայմանաւորուեց ժամը 5:30-ին։

Ասացի՝ յարմար է։

Մի երկու ժամ յետոյ գործակալը կապուեց ու ասաց, որ բնակարանի տէրը կապուել է ու ասել, որ 5:30-ին չի կարող եւ յարմար է ժամը 5:00-ին։ Ասացի՝ խնդիր չի։

Ժամը 5:00-ին մի քանի րոպէ պակաս, ես ու գործակալը շէնքի մօտ էինք։ 5:00-ին բարձրացանք բնակարանի մուտքի մօտ։ Մարդ չկար։ Գործակալը կապուեց տիրոջը։ Ասաց՝ "Հինգ րոպէից կը հասնեմ"։ Անցաւ տաս-տասնըհինգ րոպէ։ Մարդը չեկաւ։ Գործակալը կրկին կապուեց։ "Երկու րոպէից կը հասնեմ"։ Անցաւ եւս տաս րոպէ։ Մարդ չկայ։ Գործակալը էլի կապուեց։ "Արդէն հասնում եմ"։ Մի խօսքով ժամը 5:30-ին մարդը եկաւ։ Ծայրից ծայր մարզահագուստով։ Դժկամութեամբ բարեւ ասաց։ Ոչ մի խօսք այն մասին, որ կէս ժամ ուշացել է, ոչ մի կը ներէք, ոչ մի բառ։ Զգացի մեր պարտականութիւնն է եղել կէս ժամ շուտ գնալն ու մարդուն սպասելը։ Չէ որ ուզում ենք մի քանի հարիւր դոլար վճարել նրան։

Նայում էի բնակարանը, որ մարդն ասաց՝ "Ապէ, մի քանի բան պարզենք"։

.- Պարզենք։

.- Ո՞վ է մնալու։

.- Այսինչը։

.- Ի՞նչ ազգից է։

.- Հայ է։

Յետոյ դարձաւ գործակալին՝ "Գումա՞րն ասել ես"։

.- Այո։

.- Ինչքա՞ն։

.- Ինչքան պայմանաւորուել ենք, այսքան ու ասաց թիւը։

.- Չէ ապէ, էդ թուերը չի։

.- Այսի՞նքն։

.- Էդքանով չեմ տայ։ Ինձ ճիշտ հասկացէք, էս տունը էն տունը չի։

Գործակալն ասաց` "Չեմ հասկանում, մենք ձեզ հետ խօսել ու պայմանաւորուել ենք"։

.- Չէ ապէ, էսքան կըլնի։

Միջամտեցի, ասացի հարց չկայ, ես կը խորհրդակցեմ ընկերոջս հետ ու լուր կը տամ։ Դուրս եկանք տնից։

Արդէն առանց խորհրդակցելու որոշում էի տուել։ Այդ բնակարանը մեզ պէտք չէր։ Պէտք չէր, ոչ միայն գնի պատճառով (որը մի ակնթարթում բարձրացաւ երկու հարիւր ԱՄՆ դոլար), այլեւ բնակարանատիրոջ վերաբերումի ու պահուածքի։ Անցնող տաս տարուայ ընթացքում այդպիսի մարդկանց ու այդպիսի բնակարանատէրերի շատ եմ հանդիպել։


Ի դէպ այս հանդիպումից երկու ժամ առաջ մի այլ նմանատիպ մարդու էի հանդիպել մի այլ հարցի կապակցութեամբ, որի մասին կը գրեմ հետագային։

Լաւ մնացէք։

No comments: