Saturday, October 23, 2010

ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԵՍ

Հինգշաբթի առաւօտեան փողոցում քայլում էի։ Բջջային հեռախօսս զանգեց։ Մի աղջիկ, շատ քաղաքավարի բարեւեց եւ հարցրեց, որ Մկրտչեան Սարգսի հետ է խօսում։ Պատասխանեցի այո։ Ասաց, որ Սփիւռքի նախարարութիւնից են զանգում եւ նախարարը ցանկութիւն է յայտնել ձեզ հանդիպել։ "Ինչու՞", հարցրի։ "Ձեր յօդուածի կապակցութեամբ", եղաւ պատասխանը։ Պայմանաւորուեցինք։

Ճաշից յետոյ ժամը հինգին գնացի նախարարութիւն։ Նախ ինձ դիմաւորեց նախարարի մամլոյ քարտուղարը, այսինքն այն աղջիկը, որն առաւօտ զանգել էր ինձ։ Մի քանի րոպէ զրոյցից յետոյ, նա ինձ առաջնորդեց փախնախարարի գրասենեակ, որի հետ եւս մի քանի րոպէ զրոյց ունեցանք եւ ի վերջոյ ինձ առաջնորդեցին նախարարի գրասենեակ։

Քննարկման նիւթը հիմնականում, բնականաբար, յօդուածումս արծարծուած խնդիրներն էին, սակայն խօսեցինք նաեւ այլ հարցերի մասին։

Նախարարը մանրամասնօրէն ներկայացրեց նախարարութեան երկու տարուայ գործունէութիւնը։ Ասաց, որ ինձնից նեղացած չէ, որովհետեւ անձնական վիրաւորանքի չեմ հասել։ Ասաց, որ բազմաթիւ դժուարութիւնների առջեւ են կանգնած, աշխատանքը շատ է, սպասելիքներն էլ նոյնպէս, իսկ հնարաւորութիւնները քիչ։

Ի պատասխան ասացի, որ գնահատում եմ նախարարի այս քայլը։ Շաբաթական բազմաթիւ յօդուածներ են գրւում։ Եթէ նախարարը ուզենայ բոլոր յօդուածագրերին հրաւիրել հանդիպման, էլ աշխատանքի ժամ չի մնայ։ Հետեւաբար կատարածը համարում եմ դրական։ Ներկայացրի ինձ։ Ներկայացրի Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի խնդիրների մի մասը։ Եւ նշեցի, որ պէտք չէ յօդուածում անձնական վիրաւորանք փնտռել, որովհետեւ նման բան չկայ։ Աւելին ես նկարագրով այդ տեսակը չեմ։ Կան համազգային խնդիրներ, կան Հայաստանեան իրականութիւններ ու կան մտահոգութիւններ, որոնց մասին պիտի ասել հասարակութեանը, եւ որոնք, ինչպէս գրել եմ յօդուածում, "համազգային ուժերով են լուծում պահանջում"։

Մտքերի փոխանակութիւն ունեցանք յօդուածումս տեղ գտած որոշ մտքերի վերաբերեալ։

Անկախ այն բանից, որ ով ումից ինչ տպաւորութիւն ստացաւ եւ անկախ այն բանից, որ ով ինչքանով կարողացաւ համոզել միւսին, ես դրական եմ գնահատում նախարարի այս քայլը։

Մնում է երկիրը ծաղկի ու զարգանայ, որպէսզի հայաստանահայերը մնան երկրում եւ սփիւռքահայերն էլ գան ու ... չգնան։

Պինդ մնացէք։

No comments: