Thursday, October 14, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (2)

Նախարարն յայտարարում է, որ սփիւռքահայերը թող աշխատանք նախաձեռնեն Հայաստանում եւ վստահ լինեն, որ Հայաստանում բոլոր պայմանները այդ առումով յարմար են։ Թող հազար սփիւռքահայ Հայաստանում գործ սկսի եւ բացի հարիւր աշխատատեղ։ Այդ պարագային հարիւր հազար հոգի աշխատանք կունենան (միտք բանին սա է, ուղղակի ասուած բառերը չգտայ)։

Սփիւռքահայի համար նախարարի եւ իշխանութեան որեւէ այլ պաշտօնեայի յայտարարութիւնից անհամեմատելիօրէն աւելի վստահելի աղբիւր է իր նման այլ սփիւռքահայերի փորձը, որոնք հաստատուել են Հայաստանում ու նրանց հետ կիսում են իրենց մտքերն ու ապրումները։

Հետեւաբար Սփիւռքի նախարարը լաւ կանի, Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի հետ ձեւական հանդիպում կազմակերպելու փոխարէն, հետաքրքրուի, թէ Հայաստանի անկախութիւնից յետոյ քանի սփիւռքահայ է հաստատուել Հայաստանում եւ այսօր նրանցից քանիսն է տակաւին ապրում Հայաստանում։ Ինչու՞ են նրանք լքում Հայաստանը։

Խորհրդատրելի է, որ Սփիւռքի նախարարը փորձի ոչ թէ բարեկամի, ծանօթի, ունեցած կապերի ու մանաւանդ կաշառքի օգնութեամբ, այլ ուղղակի յոյսը իր սեփական ուժերի վրայ դնելով, մի "բիզնես" նախաձեռնի Հայաստանում։ Արդիւնքը ուսանելի կը լինի նախարարի, որից յետոյ՝ սփիւռքահայերի համար։ Այո, կան սփիւռքահայեր, որոնք Հայաստանում աշխատանք են նախաձեռնել եւ յաջողել են։ Սակայն, խնդրեմ, մօտեցէք այդ մարդկանց ու հարցրէք իրենց տեսակէտը, տպաւորութիւնը, անցած ուղին։ Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, մատահաշիւ բացառութիւններով, բոլորը պարտաւորուել են մտնել Հայաստանեան շուկայի խաղի կանոնների մէջ, որը, մեղմ ասած, զզուանք է առաջացնում եւ աղաւաղում մարդու բարոյական նկարագիրը։ Չեմ խօսում այն բազմաթիւերի, կրկնում եմ՝ բազմաթիւերի մասին, որոնք գործ են նախաձեռնել ու բառի բուն իմաստով տապալուել են եւ նրանց, ովքեր մէկ-հինգ-տաս տարի ապրել են Հայաստանում եւ ի վերջոյ լքել Հայաստանը։

Որտե՞ղ են այդ յարմար պայմանները, որոնց մասին յայտարարում է նախարարը։

No comments: