Wednesday, May 14, 2008

"ԻՇԽԱՆԸ" (2)

“Վէրքը պիտի միանգամից պատճառել, որպէսզի ցաւը կամաց կամաց մոռացուի, եւ բարութիւնը պիտի քիչ քիչ անել, որպէսզի համը յիշողութեան մէջ երկար մնայ”։

"Իշխանը"

Մակիաւելլի

Monday, May 12, 2008

"ԻՇԽԱՆԸ" (1)

“Ճարպիկ տիրակալը չպիտի հաւատարիմ լինի իր խօսքին։ Երբ նրա վնասին է, այլեւս իր հաւատարմութեան մասին խօսք անգամ չի կարող լինել”։

“Իշխանը”

Մակիաւելլի

Wednesday, May 7, 2008

"ՋՐԻ ԱՅՆ ԿՈՂՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ"

“Ջրի այն կողմի ճանապարհորդագրութիւն (կամ գաղթականութեան հասարակագիտութիւն)”։
Գրող՝ Փառուիզ է Ռաջաբի։
Ծաւալ՝ երկու հարիւր ու չեմ յիշում ինչքան։

Գրքի հեղինակը, Փառուիզ է Ռաջաբին, այնքան, ինչքան ես կարողացայ գտնել համացանցում, ձախ մտածողութիւն ու հակաամերիկեան տրամադրութիւններ ունեցող պատմաբան է։

Ի հարկէ գրքում ոչ ձախակողմեան մտքեր են արծարծւում, ոչ էլ ուղղակի հակաամերիկեան գաղափարներ։ Այնտեղ արծարծւում են արեւելքի ու արեւմուտքի, հայրենիքի ու օտարութեան տարբերութիւններն ու հակասութիւնները։

Ռաջաբին իր ընկերոջ կողմից հրաւիրւում է այցելել ԱՄՆ եւ որոշում է ԱՄՆ մուտքի արտօնագիր ստանալ Կանադայում ԱՄՆ-ի դեսպանատնից։ Այդ պատճառով էլ մեկնում է Կանադա, որտեղ մնում է մէկ ամսից աւելի։ ԱՄՆ մուտքի արտօնագիր ստանալու կապակցութեամբ հանդիպելով դժուարութիւնների՝ վերադառնում է Իրան։

“Ջրի այն կողմի ճանապարհորդագրութիւն” վերնագիրն էլ գալիս է այդտեղից։ Սակայն սա սովորական ճանապարհորդագրութիւն չէ, զուտ տեսածները գրանցելու ու նկարագրելու առումով, այլ մեծաւ մասամբ “ինքնութեան” ու “ազգութեան” հարցն է քննարկւում ու վերլուծւում գրքում։

Գիրքն սկսում է հետեւեալ պարբերութեամբ՝ “Տարիներ է, որ “Ջրի այն կողմ” նոր ու տարօրինակ դարձուածքը մտասեւեռմանս առարկան է դարձել։ “Ջուր” այսինքն ովկիանոս եւ “այն կողմ” այսինքն նոր ցամաք։ Այսինքն Ամերիկան, այն էլ Միացեալ Նահանգներ տեսակից։ Այսինքն Կանադան, մտերմիկ ասած։ Մեքսիկան կամ էլ հազար ու մի ուրիշ երկիր նոր ցամաքը բնորոշող այդ դարձուածքում տեղ չունեն։ Հայիտին ու Բոլիւին Ամերիկայում չեն։ Դժբախտ երկրներ են, որ ցանկացած տեղ էլ կարող էին լինել”։

Նա Տորոնտոն կոչում է “հազարատոհմ քաղաք”, քաղաք, որի օդանաւակայանը ներս մտնելիս անցագիրդ ստուգում է մի հնդիկ, սակակառքի վարորդը չինացի է, ոստիկանը սեւամորթ, մի խօսքով հազար տոհմից մարդ կայ այդ քաղաքում։

Հեղինակը հանդէս է գալիս խոր իրանասիրական դիրքերից։

Երկու երկրների միջեւ անընդհատ համեմատութիւնները, Իրանական գեղարուեստական գրականութիւնից մէջբերումները, տեսածները սոսկ չգրանցելն ու վերլուծութիւնները՝ գիրքը դարձնում են օգտաշատ ու հետաքրքիր եւ ըն՚թերցանութիւնը հաճելի, միայն երբեմն հանդիպում ենք գրութիւնների, որոնք հասցէագրուած են Կանադայում հանդիպած այս ու այն մարդուն, այս ու այն ծանօթին, որոնք կրում են անձնական բնոյթ, որը պակսեցնում է գրքի հետաքրքրութիւնից։

Այս ամբողջը, յամենայնդէպս, չի նշանակում, որ ես բաժանում եմ հեղինակի արտայայտած բոլոր մտքերը։

Ցաւօք գիրքը ձեռքիս տակ չունեմ, որպէսզի կարողանամ որոշ մէջբերումներ կատարել։

Լաւ մնացէք։

Monday, May 5, 2008

ԻՐԱՔԻ ՄԱՍԻՆ

Իրաքի պատերազմի, դրա հետեւանքների եւ նպատակների մասին կարժի կարդալ այս յօդուածը։

Լաւ մնացէք։

Friday, May 2, 2008

ԵՍ ՈՒ “ԱՐԵՒԻԿ” ՀԱՄԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ (3)

Կնոջս խնդրեցի նամակները տանի յանձնի համատիրութեանը եւ պահանջի նամակների գրանցման թուերը, խուսափելով հաւանական վէճից։

Եւ ահա ինչպէս ասում են` կենացները քաղցրանում են։

Կինս նամակները Նոր Տարուանից երեք օր առաջ տարաւ համատիրութիւն։ Նստած են համատիրութեան նախագահն ու երեք պաշտօնեայ։ Նամակները կարդում են եւ խառնւում իրար։ Կինս ասում է վատ է զգացել, երբ տեսել է, որ մեծ տարիքի մարդիկ այդպէս խառնուել են իրար։ Հաշուապահն ասել է, որ “մենք տուեալ պաշտօնեային ասել ենք, որ ձեր յիշեցման մէջ գրուած գումարը վրիպման ու սխալի հետեւեանք է։ Իրականում դա այդքան չէ։ Մենք նոր յիշեցում ենք պատրաստել, որն ահա սեղանի վրայ է։ Ու փնտրում, փնտրում ու չի գտնում նոր յիշեցումը։ Ի վերջոյ ասում է, որ ձեր պարտքը այնքան որ յիշում եմ 12000 դրամի սահմաններում է։ Ճշգրիտ չեմ յիշում։ Կրկին պիտի հաշուարկ կատարեմ”։

Կինս պատասխանում է, “խնդրում եմ ինձ տալ նամակներիս գրանցման թուերը եւ նամակներիս պատասխանել գրաւոր”։

Նախագահը դուրս է գնում գրասենեակից։ Միւս պաշտօնեան սկսում է կնոջս համոզել, որ մարդն ասում է սխալուել ենք, դուք ասում էք նամակիս գրանցման թիւը տուէք։ Սխալուել ենք էլի։

Ի վերջոյ կնոջս պնդումներն առ այն, որ նամակները գրանցեն ու գրանցման թուերը տան իրեն` մնում են ապարդիւն։ Նա վերադառնում է տուն։ Գիշերուայ ժամը 10։20 հեռախօսը զանգում է։ Համատիրութեան հաշուապահն է, որ կատարել է նոր հաշուարկ եւ պարզել է, որ մեր պարտքը 10000 դրամ է։

Ուրեմն մինչեւ այստեղ մենք շահեցինք 11200 դրամ ($1 ԱՄՆ = 308 ՀԴ)։

Գա՞նք այն եզրակացութեան, որ մարդիկ քցել բռնել են, որ դեհ պարզամիտ մարդիկ են, օրէնքից էլ անտեղեակ, Նոր Տարին էլ մօտ է, մենք էլ ծախս ունենք, վատ չի լինի մի քսան պարզամիտների այսպիսի նամակներ տանք, Նոր Տարուայ ծախսը դուրս կը գայ։ Այսպէ՞ս եզրակացնենք, թէ՞ մտածենք մարդ են էլի, հաշիւ անելիս, սխալուել են, չէ որ ամէն մարդ էլ կարող է սխալուել։

Երկրորդ ձեւով կը մտածէի, եթէ տարուայ ընթացքում նմանատիպ սխալ հաշուարկներով մարդիկ մեր տան դուռը թակէին մէկ երկու անգամ։

Մինչեւ այսօր մենք ոչ ստացել ենք մեր նամակների գրանցման թուերը, ոչ մեր նամակների գրաւոր պատասխանները, ոչ էլ սկսել է նորոգութիւնը։

Ու ահա մի քանի օր առաջ մէկ էլ շուեցարական ժամացոյցի ճշգրտութեամբ աշխատող ու գումար հաւաքող պաշտօնեան թակում է մեր տան դուռը եւ պահանջում գումար։

Ես տանը չեմ եղել։ Կինս պահանջել է նամակների գրանցման թուերն ու պատասխանները եւ պաշտօնեան էլ զարմացել է, որ միթէ նամակների պատասխանները գրաւ՞որ ենք ուզում։
Չգիտեմ պաշտօնեան իրեն է յիմարի տեղ դրել թէ մեզ։

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։

Նմանատիպ դէպքերը, ցաւօք, շատ շատ են՝ սկսած մեքենան բենզին լցնելիս աշխատաւորի կողմից 20 լիտրի փոխարէն 17 լիտր լցնելուց, մինչեւ եօթ հարիւր գրամ ադամաթուզը մէկ կիլոյի տեղ ծախելուց, մինչեւ …։ Յարմար առիթով կանդրադառնամ ուղղակի մեզ պատահած այլ դէպքերի եւս։

Վերոշարադրուածը գրեցի յուշելու համար Հայաստանում բնակարան ունեցողներին, որ ոչ միայն դէն չքցեն իրենց տարատեսակ ստացականները (գազ, ջուր, աղբահանում, …), այլ ուշադիր լինեն վճարումներ կատարելիս։ Թէեւ ինչ էլ որ անես, վերջը մի տեղ քցուելու ես, ինչպէս ինձ ու շատ շատերին է պատահել անգամներ։

Լաւ մնացէք։

Յ.Գ.(1) Երեկ գնումներ եմ կատարել Կոմիտասի պողոտայում գտնուող “7” անունով մթերային խանութից (սուպեր մարկետ)։ Գնումների դիմաց ինձ տրուել է ստացական։ Դուրս եմ եկել խանութից ու զգում եմ, որ գնածս ապրանքների գինը վճարածիցս աւելի քիչ պիտի լինի։

Նայում եմ ստացականը եւ նկատում, որ մէկ տուփ մրգահիւթի փոխարէն հաշուարկուած է երկու տուփ մրգահիւթ։ Վերադառնում եմ եւ գումարն ստացած աղջկան ասում այդ մասին։ Աղջիկն էլ պատասխանում է, որ “կը ներէք, մեր հաշուիչ մեքենան երբեմն մէկ թիւը երկու է գրանցում”, եւ վերադարձնում է ինձ գումարը։

Աղջիկը վերադարձրեց ինձ իմ գումարը, բայց պատասխանը խորհելու առիթ տուեց։ Եթէ դուք գիտէք, որ ձեր հաշուիչ մեքենան փչացած է ու երբեմն մէկը երկու է գրանցում, ուրեմն ստացականը տպելուց յետոյ բարի եղեք վերջին անգամ ձեր աչքերով նայել ու ստուգել, որ ամէն ինչ ճիշտ է։

Եւ ի վերջոյ՝ ինչպէ՞ս է, որ երբեք չի պատահում, որ հաշուիչ մեքենաները երկուսը մէկ գրանցեն։

Յ.Գ. (2) Երբեմն մտածում եմ` մարդ կեանքը ինչ բաների վրայ է պարտաւորւում վատնել։ Այնքան գործ կայ անելու…

Լաւ մնացէք։

Thursday, May 1, 2008

ՄԱՅԻՍԻ 1

Շնորհաւոր Աշխատանքի ու Աշխատաւորների տօնը։

Թող գայ այն օրը, որ Աշխատանքն ու Աշխատաւորը պաշտպանուած լինեն ցանկացած տեսակի շահագործումից ու ճնշումից։