Sunday, June 11, 2017

ՇԷՆՔԻ ՆՈՐԱՑՄԱՆ ՓՈԽԱՐԷՆ



Բարեկամուհիս արտերկրից ժամանել է Հայաստան։

Օդանաւակայանում ճամբրուկներին սպասելիս նրան է մօտեցել օդանաւակայանի աշխատակիցներից մէկը սայլակով և առաջարկել օգնել։ Ընդունել է։ Մարդը ճամբրուկները դրել է սայլակի վրայ ու միասին դուրս են եկել սրահից։

Ես դրսում սպասում էի հիւրիս։ Դիմաւորեցի ու միասին գնացինք մինչև կայանատեղի, որտեղ կայանել էի մեքենաս։

Ճամբրուկները նշեալ մարդու հետ միասին դրեցինք մեքենայիս բեռնախցիկում։

Հարցնում եմ.  «Ինչքա՞ն պէտք է վճարեմ»։

Պատասխանում է. «3000 դրամ պետական մուծումներն են, ինչքան էլ ուզում էք չայվոյ (թէյավճար) տուէք։

Հարցնում եմ. «Ի՞նչ պետական մուծում, ինչու՞ երեք հազար դրամ, այսինչ տաքսի ծառայութիւնը Երևանից մինչև օդանաւակայան բերում է 1700 դրամով, իսկ այս մի կտոր տեղը՝ 3000 դրամ և դեռ չայվոյ էլ պէտք է տալ»։

«Ախպէր ջան, պետական մուծումն է այդքան, ես իմ գրպանը չեմ դնում»։

Հասկանալի է, որ այդ երեք հազար դրամն ամբողջութեամբ այդ մարդու գրպանը չի մտնում։ Մի մասն իրեն, մնացածն էլ տէրերին։

Ասում եմ. «Շատ բարի, ես կը վճարեմ, դուք ինձ պաշտօնական ստացական տուէք»։

«Ինչ ստացական, ախպէր ջան...», լինում է պատասխանը։

Վատ եմ զգում արտասահմանից ժամանած հիւրի մօտ, ով եկել է հայրենիքը տեսնելու, հասած-չհասած վիճել «քցելու» կապակցութեամբ։ Վճարեցի ու մտածում եմ՝ ինչու՞ այսքան փող ծախսել նոր օդանաւակայան կառուցելու կամ ընդհանրապէս շինարարութեան վրայ։ 

Աւելի ճիշտ չի՞ լինի փող ծախսել մարդկանց ուղեղներն ու մշակոյթը վերաշինելու վրայ...Օգուտ կը տա՞յ...

Լաւ մնացէք։

No comments: