Monday, March 31, 2008

ԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԱՅ

Վերջապէս վերադարձայ երկարատեւ ճամբորդութիւնից։
Երեք շաբաթը դարձաւ տաս շաբաթ։
Դարձաւ տաս շաբաթ կամքիցս կախուած ու անկախ պատճառներով։

Չորս տարուց աւելի էր ինչ Իրան չէի ճամբորդել։ Գնացի ու մնացի երկար։ Հիմնականում եղայ Նոր Ջուղայում (Էսֆահան) ու մի քանի օր էլ Թեհրանում։ Շատ բան փոխուած տեսայ։ Այդ մասին հետագայ գրութիւներում։

Այս տաս շաբաթուայ ընթացքում հազար ու մի բան պատահեց թէ անձնական, թէ ազգային, թէ միջազգային ու թէ կուսակցական կեանքում։ Ու պարզուեց, որ այն անյայտ մտաւորականի ասութեամբ, կարծես մեր գրելն ու չգրելը դէպքերի վրայ շատ էլ չեն ազդում*…

Յամենայնդէպս մի բան հաստատ է։ Եօթ տարի ապրեցի Հայաստանում մէկի քթից արիւն չեկաւ, տաս շաբաթ բացակայեցի ու …երկիրը ցնցուեց։

Խորապէս ցաւում եմ այն ինչի համար, որ պատահեց Հայաստանում։ Ափսոս, շատ ափսոս։

Լաւ ու պինդ մնացէք։

Յ.Գ. (1) Թող այդ կէտին ուշադրութիւն դարձնեն շատ շատերը։ Ոմանց թւում է թէ իրենց գրածներն ու ասածներն ու արածները շատ շատ են ազդում դէպքերի վրայ, որ ուղղակի իրենք են առանցքն ու … արեւը իրենց շուրջն է պտտում ու… բայց դա միայն նրանց թւում է։

Յ.Գ. (2) Հասած-չհասած մի վերահաստատւմ կատարեցի` Հայաստանում բոլոր բանալի գործերի բանալին Գագօ անունով մարդկանց ձեռքումն է՝ էլ Դոդի Գագօ, էլ էլեկտրիկ Գագօ, մտածէք էլի կը գտնէք։ Փաստեմ։

Երեկ գիշեր ժամը 9։00-ին հասանք, մտանք տուն ու պարզուեց, որ տանս էլեկտրահոսանքն ու գազը անջատել են։ Գիշերն անցկացրինք մոմի լոյսի տակ։ Առաւօտեան հարեւաններիցս իմացայ մեր շէնքի էլեկտրիկի հեռախօսահամարն ու անունը։ Անունը Գագօ էր։ Զանգեցի։ Հարցրի՝ պարտք ունէ՞մ։ Ասաց՝ չունէք։ Ասացի՝ այդ պարագային ինչու՞ էք անջատել։ Ասաց՝ հիմա կը գամ կը միացնեմ։ Չեկաւ։ Մէկ ժամ յետոյ նորից զանգեցի։ Երկու րոպէից եկաւ ու միացրեց։ Մի խօսքով՝ բանալին Գագոյի ձեռքումն էր, որն օրը Կիրակի եկաւ ու էլեկտրահոսանքը միացրեց։

2 comments:

Anonymous said...

Լավ է ուշ քան երբեք:
Շատ ուրախ եմ, որ վերադարձել եք ընկեր Սաքո եւ հուսով եմ մշտական:

Հայկ

Հ.Գ.
Իրականում Գագոների ձեռքը բանալի կա?

Սարգիս Մկրտչեան՝ said...

Շնորհակալ եմ։

Յ.Գ. Կայ, բայց նրանք դա օգտագործում են ուրիշների պատուէրով։

Լաւ մնայ։