Tuesday, November 25, 2008

ՀԵՄ-Ի 15-ԱՄԵԱԿ

Երեկ Երեւանի "Տիկնիկային տանը" տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան հիմնադրութեան 15-ամեակին նուիրուած միջոցառում։

Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի անունից ես խօսք ասացի։Ստորեւ իմ խօսքը.-

"Յարգելի՜ ներկաներ,
Սիրելի՜ ընկերներ,

Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի անունից շնորհաւորում եմ Հայաստանի Երիտասարդական Միութեան հիմնադրութեան տասնըհինգ ամեակի կապակցութեամբ։

Հ.Ե.Մ.-ի տասնըհինգ ամեակի կապակցութեամբ պատրաստուած տեսաերիզը խօսում է միութեան անցեալի մասին։ Ես ուզում եմ անդրադառնալ Հ.Ե.Մ.-ի անելիքներին։

Հայաստանի Երիտասարդական Միութեան գլխաւոր գործը, գլխաւոր նպատակն այսօր պիտի լինի արժէքային յեղափոխութիւնը։ Մեզ այսօր անհրաժեշտ է յեղափոխութիւն մեր ժողովրդի մտայնութեան մէջ, յեղափոխութիւն արժէքներում։

Հին, քարացած, վնասակար, վտանգաւոր ու յետադիմական մտքերն ու արժէքները պիտի փոխարինուեն նոր յառաջադիմական արժէքներով։ Դրա ջահակիրը պիտի լինի երիտասարդութիւնը։ Երիտասարդութեան մէջ դաշնակցական երիտասարդները։

Պիտի պայքարել հաշտուողականութեան ու յարմարուողականութեան դէմ։ Պիտի մարդկանց ներշնչել, որ մեր կեանքում փոփոխութիւնը կախուած է ոչ թէ անընդհատ դժգոհելուց, ոչ թէ անընդհատ սրան ու նրան մեղադրելուց ու մեր յոյսը սրա ու նրա վրայ դնելուց, այլեւ մեզանից իւրաքանչիւրի գործից, մեզանից իւրանաքնչիւրի աշխատանքից։

Եթէ ամէն մի քայլափոխի հանդիպում ենք անարդար երեւոյթների, այդտեղ, սիրելի հեմականներ, դուք անելիք ունէք։

Եթէ մեր երիտասարդութեան մեծամասնութիւնը վիճակագրական տուեալների հիմամբ չի մասնակցում քաղաքական ու քաղաքացիական գործունէութեան, այսինքն չի մասնակցում երկրի ու իր անձի ճակատագրի ձեւաւորման գործընթացներին, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ ցեղասպան Թուրքիայի Նախագահն է այցելում Հայաստան ու երիտասարդութեան ու ուսանողութեան ջախջախիչ մեծամասնութիւնը ծպտուն անգամ չի հանում, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ մեր կանանց մէկ քառորդից աւելին ֆիզիքական ու հոգեբանական
բռնութեան է ենթարկւում տղամարդկանց կողմից, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ կաշառքն ու կաշառակերութիւնը ճարպիկութեան նշան են համարւում, դրանք են դառնում արժէք ու մեր ժողովուրդը հաշտւում է դրանց հետ, դուք անելիք ունէք։

Դուք պիտի պայքարէք այդ երեւոյթների դէմ, դուք պիտի նոր արժէքներ մտցնէք մեր ժողովրդի արժէհամակարգում, դուք պիտի ապացուցէք, որ այլ կերպ էլ հնարաւոր է ապրել։

Դուք պիտի պայքարէք սովորամոլութեան դէմ։ Պիտի խուսափէք անընդհատ կրկնուելուց, ուստի եւ տափականալուց։ Պիտի լինէք համարձակ, յանդուգն, խիզախ։

Մեր նպատակը արդարութիւնն է։ Արդարութիւն ե՜ւ երկրի ներսում, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան ցանկացած քաղաքացի իրեն հպարտ զգայ, որ ապրում է իրաւական ու արդար երկրում, եւ արդարութիւն միջազգային մակարդակում՝ հայոց ցեղասպանութեան ճանաչման ու վնասից հատուցման կապակցութեամբ։

Դուք այդ պայքարի ջահակիրը պիտի լինէք։

Տասնըհինգ ամեակի ամենալաւ նուէրը ձեզ, կարծում եմ, ընդամէնը մի քանի օր առաջ Հրազդանում բացուած Երիտասարդական Կենտրոնն է։ Այդ կենտրոնը մեծ հնարաւորութիւն է ընձեռում ընդլայնելու ձեր աշխատանքները, շարունակելու Դաշնակցութեան սուրբ գործը։ Շնորհաւորում եմ ձեզ նաեւ այդ կապակցութեամբ եւ յուշում, որ դուք պիտի խուսափէք ինքներդ ձեր մէջ պարփակուելուց, դուք պիտի բացուէք դէպի հասարակութիւն, դէպի երիտասարդութիւն, տարածէք Դաշնակցութեան գաղափարները, ոգի ու յոյս ներշնչէք երիտասարդութեան եւ հաւաստիացրէք, որ մեր կեանքի փոփոխութեան բանալին մեզանից իւրաքանչիւրի ձեռքում է, մեր միասնութեան մէջ է։

Այսօր դաշնակցական երիտասարդութեան յեղափոխականութիւնը պիտի ուղղուած լինի մտքերն ու արժէքները յեղափոխելուն։

Պինդ մնացէք"։

No comments: