Wednesday, April 15, 2026

ՄԵՐ ՓՈՂՈՑԻ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

    Մեր փողոցում մի մարդ կայ։ Երբ տնից դուրս գաս՝ իրեն կը տեսնես։ Գրեթէ միշտ փողոցում է։ Մեքենան է մաքրում։ Եղանակը կապ չունի։ Արեւ լինի, թէ ձիւն կամ անձրեւ՝ մաքրում է, երբեմն օրը երկու-երեք անգամ։ Մեքենայ շատ է սիրում։ Մի քանի անգամ հետը զրոյցի եմ բռնուել։ Աւելի ճիշտ՝ ինքն է ինձ հետ զրոյցի բռնուել։

-           Մեքենադ ո՞ր տարուայ է։

-           Մեքենադ չես փոխու՞մ։

-           Ֆառերը (ճրագները) մգացել են, տուր մաքրելու։

-          Շիթը տուր ներկեն, ճաքճքել է։

       Եւ նման բաներ։ Խօսակցութեան նիւթը մեքենան է։ Աշխատանքն ի՞նչ է՝ չգիտեմ, չեմ հարցրել, բայց կարծում եմ չի աշխատում, որովհետեւ գրեթէ յաճախ փողոցում է։ Ի դէպ, առնուազն նման երեք մարդ կայ մեր փողոցում։ Իսկ, որպէսզի չմտածէք այդ երեւոյթը իւրայատուկ է մեր փողոցին՝ ասեմ, որ Երեւանի որ փողոցն ու բակը մտնէք՝ այդպիսի գոնէ մի երկու մարդ կը գտնէք։

        Վերջերս փորձում եմ ինձ հետաքրքրող հարցերին մեր փողոցի այդ մադրու տեսանկիւնից նայել։ Օրինակ, ԱԺ ընտրութիւններ են եւ իմ կարծիքով ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը անպայման պիտի պլատֆորմ ունենան, ծրագիր ունենան եւ դրանք ժողովրդին ներկայացնեն։ Ուրեմն պիտի աշխատեն այդ պլատֆորմն ու ծրագիրը գրելու վրայ, որպէսզի մարդիկ կարդան ու կողմնորոշուեն։

Մարդը մեքենան է մաքրում, ոչ պլատֆորմ է գրում, ոչ էլ կարդում։ Թէեւ չեմ հարցրել, բայց մի քանի անգամուայ խօսակցութեանս տպաւորութիւնն այն է, որ հազիւ դպրոցն է աւարտել, եթէ իհարկէ աւարտել է։

Մտածում եմ՝ քաղաքական ուժերը պիտի անվտանգութեան, առողջապահութեան, գիւղատնտեսութեան, ներքին ու արտաքին քաղաքականութեան, կրթութեան, սփիւռքի հետ փոխյարաբերութիւնների ռազմավարութեան եւ հազար ու մի այլ բանի համար ծրագիր ունենան։ Ինչպէ՞ս են պատկերացնում երկրի ապագան։ Ժողովուրդը դա պիտի իմանայ։ Մեզ այդպէս են ասել։

Մարդը մեքենան է մաքրում։ Եթէ խնդրեմ՝ համարս լաւ մեքենայ կը գտնի։ Ճիշտ է ասում՝ մեքենաս հնացել է, արդէն 14 տարուայ է։ Բայց ինչ անեմ՝ իմ  տնտեսութիւնը, հակառակ երկրի տնտեսութեան, օրէցօր յետ է գնում։

Ընտրութիւններին, որպէս չափահաս մարդ՝ ես մէկ քուէ ունեմ։ Մեր փողոցի այն  մարդն էլ, որպէս չափահաս մարդ, մէկ քուէ։ Փաստօրէն ես որոշում եմ իր ճակատագիրը։ Ինքն էլ՝ իմը։

Մի երկու օր առաջ մտածեցի մեր փողոցի այն մարդու հետ զրոյցի բռնուել, տեսնեմ ընտրութիւնների մասին ինչ է մտածում։ Բարեւեցի։ Կարծում եմ աւելորդ է ասել՝ սկսեցինք խօսել մեքենայից։ Յետոյ ասացի՝ երկրի վիճակը լաւ չի։ Պատասխանեց՝ հա, գիտեմ, այսինչը կը փրկի։ Հարցրեցի՝ վստա՞հ ես։ Պատասխանեց՝ այո, այո, վստահ եմ, այն տարի ես այնինչին քուէ տուեցի՝ չընտրուեց, ափսոս, ընտրուէր՝ կը փրկէր։ Դրանից յետոյ՝ այնինչին, բայց աւերեց։ Այս մէկը կը փրկի, դու էլ զգոյշ եղիր քեզ չխաբեն։ Ասացի, բայց դու ես ասում այնինչին քուէ տուեցիր, աւերեց, ուրեմն խաբեց։ Պատասխանեց՝ հա, ստախօսի ...(գրելու չէ)....... մէկը դուրս եկաւ, բայց այս մէկը նրա նման չտես չի։ Հարցրեցի՝ դու նրա ծրագրերից տեղեա՞կ ես (վատ զգացի պլատֆորմ բառը գործածել)։ Ասաց՝ դրանք սուտ բաներ են, մարդս մարդ լինի, որ ասում եմ զգոյշ եղիր քեզ չխաբեն։

Ցտեսութիւն ասացի եւ մտքերի մէջ ընկած շարժուեցի դէպի տուն։ Մէկ մտածում եմ՝ գնալ, քաղաքական ուժերի պլատֆորմերն ու ծրագրերը կարդալ։ Մէկ էլ մտածում եմ՝ բայց ինչու՞ կարդալ, եթէ տրամաբանութիւնը՝ մարդս մարդ լինի-ն է։ Կարդա՞լ, թէ՞ չկարդալ։ Մա՞րդ են, թէ՞ մարդ չեն։ Ինչպէ՞ս իմանամ՝ ով է մարդ, ով մարդ չի։ Երանի չհարցնէի՝ աւելի խճճուեցի...

 

 

Tuesday, April 14, 2026

ԿԵԱՆՔԻՍ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

Աւարտեցի «Կեանքիս ճամփաներով» գիրքը, որն ինձ նուիրել էր Աշոտ Մկրտչեանը՝ Բենիամին Մկրտչեանի որդին։ Պարզ ու անմիջական լեզուով, տպաւորիչ վաւերագրութիւն։ Այն մասին՝ թէ ինչպէս են որոշ մարդիկ մաքառում մարդ մնալու համար, եւ որոշ մարդիկ գազանանում, այլակերպւում։ Գիրք՝ մարդ արարածի երկու ծայրայեղ տեսակների մասին։ Գիրքը պատկերացում է տալիս նաեւ Խորհրդային Միութեան ժամանակաշրջանում Հայաստանի ժողովրդի ընկերային, տնտեսական ու քաղաքական վիճակի մասին։ Գիրքն ընթերցելու ընթացքում մտածում էի (եւ եմ), որ մարդու ու հայի էութիւնից պարպուած մարդկանց այդ տեսակի ժառանգները ապրում են Հայաստանում, մեր շուրջը եւ .... Խորհուրդ կը տամ կարդալ։


 



 

Monday, February 2, 2026

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

 

Հիւրընկալուել եմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդմանը եւ մտքերի փոխանակութիւն ունեցել Իրանի վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ։
 
Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով.
 
 

Friday, June 28, 2024

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

Հիւրընկալուել եմ «Երկրի հարցը» հաղորդմանը եւ պատասխանել Իրանի կապակցութեամբ մի շարք հարցերի։ 

Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

Պանթյուրքական ուժերի նպատակն Իրանը ներսից պայթեցնելն է.Սարգիս Մկրտչյան

Tuesday, May 7, 2024

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

Ֆէյսբուքը հեռացրել է 2024 թ. Ապրիլի 23-ի Ջահերով երթից առաջ ունեցած իմ ելոյթը։
 
Կեցցէ՛ խօսքի ազատութիւնը
Կեցցէ՛ ժողովրդավարութիւնը
Կեցցէ՛ հանդուրժողականութիւնը
Կեցցէ՛ մարդու իրաւունքները

Wednesday, May 1, 2024

ԱՓԵՂՑՓԵՂԱԲԱՆՈՒԹԻՒՆ

 Յաճախ մտածել եմ, որ մարդիկ ինչու՞ են խօսում մի բանի մասին, որից տեղեակ չեն։ Ինչու՞ են անկապ ու անհիմն բաներ ասում, մանաւանդ այն ոլորտների մասին, որոնցից ընդհանրապէս տեղեակ չեն։ Ինչու՞ են յիմար-յիմար դուրս տալիս։ Աւելի՛ն, ո՛չ միայն խօսում են, այլ ամենավերջին «ճշմարտութիւնը» գիտեն ու չեն զլանում ասել։ Էլ շինարարութեան մասին, էլ մեքենաների մասին, քաղաքականութեան, երկրի կառավարման, ապահովագրութեան, համակարգիչների, տիեզերքի, ովկիանոսների, այս կամ այն մարդու անձնական կեանքի.... բոլոր ոլորտների մասին։  

Եւ պատահում է, որ մի օր, երբեմն փնտրտուքի հետեւանքով, երբեմն ամենայն պատահականութեամբ, մի գիրք կամ ուսումնասիրութիւն է ընկնում ձեռքդ, որտեղ հեղինակը լաւապէս շարադրել է քեզ հետաքրքրող հարցն ու այդ հարցի պատասխանը։ Դա ինձ պատահեց մի քանի օր առաջ։  Ձեռքս ընկաւ Հարրի Ֆրանկֆորտի «On Bullshit»-ը։ Ամերիկացի փիլիսոփայ Ֆրանկֆորտը 1985 թուականին այդ թեմայով դասախօսութիւն է կարդացել, որը յետոյ, Փրինսթոն համալսարանի պնդմամբ վերածել է գրքի։ Այն, որպէս գիրք, առաջին անգամ հրատարակուել է 2005 թ.։

Մտածեցի Bullshit-ը հայերէնով ի՞նչ թարգմանել։

«Անհեթեթաբանութիւն», «Դատարկաբանութիւն», «Զաւզակախօսութիւն».... Կանգ առայ «Ափեղցփեղ»-ի  վրայ։ Թերեւս աւելի լաւ թարգմանութիւն լինի, չեմ պնդում։

Նկատի պէտք է ունենալ, որ Ֆրանկֆորտը դասախօսութիւնը կարդացել է 1985 թուականին, երբ համացանցը նոր էր ստեղծուել եւ համացանցային ընկերային ցանցեր չկային։ Պատկերացրէք ինչ է վիճակը հիմա, երբ տարատեսակ ցանցերը՝ Ֆէյսբուք, Ինստագրամ, Տիկ Տոկ եւ այլն, ցանկացած մարդու թոյլ են տալիս ցանկացած հարցի մասին յայտնել իր տեսակէտը եւ իհարկէ, քիչ չեն, աւելի՛ն, շատ շատ են ափեղցփեղաբանները եւ ափեղցփեղախօսութիւնները։

 Մանաւանդ, որ այդ ամբողջը համեմւում է «խօսքի ազատութեան», «ժողովրդավարութեան» ու գեղեցիկ փաթեթաւորուած նմանատիպ տարազներով։

Լաւ մնացէք։



Tuesday, October 3, 2023

«Անաւարտ պատերազմ. նոր մարտահրաւէրներ» խորագրով կլոր սեղան-քննարկում

 «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի հրաւէրով մասնակցել եմ «Անաւարտ պատերազմ. նոր մարտահրաւէրներ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

 Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

Իրանի լիարժեք հայամետ կեցվածքի համար կան խոչընդոտներ. Սարգիս Մկրտչյան