Showing posts with label ՍՓԻՒՌՔ. Show all posts
Showing posts with label ՍՓԻՒՌՔ. Show all posts

Saturday, October 16, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (4)

Նախարարն առաջարկում է, որ իւրաքանչիւր սփիւռքահայ եօթ տարին մէկ անգամ այցելի Հայաստան՝ որպէս զբօսաշրջիկ, եւ հաշուել է ու եզրակացրել, որ ոչ աւել, ոչ պակաս՝ ամէն տարի մէկ միլիոն զբօսաշրջիկ կայցելի Հայաստան, որը եկամուտի մեծ աղբիւր է Հայաստանի համար։

Այստեղ եւս երեւան են գալիս մօտեցման երկու սխալ երեսները։ Առաջին, որ սփիւռքահայը կայ-չկայ՝ եկամուտի աղբիւր է, կամ գործարարի ու Հայաստանում ներդրում անողի տեսքով, կամ էլ զբօսաշրջիկի տեսքով։ Կարճ ասած՝ սփիւռքահայը փող է։

Երկրորդ մօտեցումը երեւան է բերում նախարարի՝ երկու տարի աշխատելուց յետոյ տակաւին Սփիւռքը չճանաչելու փաստը։ Սփիւռքահայերը միայն նրանք չեն, ովքեր նախարարին հրաւիրում են շքեղ դահլիճներում ճոխ ընթրիքների։ Նախարարը հաւանաբար չի էլ պատկերացնում, որ Սփիւռքում կան բազմաթիւ հայեր, որոնք օրն ի բուն աշխատում են իրենց ընտանիքի ապրուստը ապահովելու համար, որ կան մարդիկ, որոնք ապրում են աղքատութեան մէջ, որ կան մարդիկ, ովքեր մինչեւ իրենց կողքի քաղաքը չեն կարողանում գնալ, էլ ուր մնաց՝ Հայաստան։ Սփիւռքահայութիւնը միայն հարուստ մարդկանցից բաղկացած խումբ չէ։ Ոլորտի պատասխանատուները լաւ կանեն, որ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում շփուեն սովորական մահկանացուների հետ, որպէսզի ճիշտ պատկերացում կազմեն իրավիճակի մասին։

Կարելի է շարունակել, սակայն բաւարարւում եմ այսքանով՝ նշելով, որ բացարձակապէս այն կարծիքի չեմ, որ Սփիւռքի նախարարութեան առջեւ դրուած խնդիրները հեշտ լուծելի են։ Ոչ։ Սակայն խորապէս այն կարծիքի եմ, որ հասարակութեանը, այս պարագային՝ սփիւռքահայութեանը պիտի ասել իրականութիւնը եւ չփորձել մոլորութեան մէջ գցել։ Համազգային խնդիրները համազգային ուժերով են լուծում պահանջում։

Ի դէպ՝ չպարզուեց, թէ ինչու է ասուլիսը հրաւիրուել Սփիւռքի նախարարութեան "կայացման" 2-ամեակի կապակցութեամբ։ Նախարարութիւնը ի՞նքն է եկել այն եզրակացութեան, որ կայացել է, թէ՞ այդ գնահատականը պիտի տան ուրիշները։ Իսկ ընթերցողներից որեւէ մէկը որեւէ հաստատութեան "կայացման" յոբելեանի մասնակցե՞լ է։

Եւ, ի վերջոյ, "ներկայացնելով 2 տարուայ ընթացքում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը՝ նախարար Յակոբեանը...2011-ը կանխորոշեց դարձնել Սփիւռքի միջազգայնացման ժամանակաշրջան"։ Մէկը կը թարգմանի՞ "Սփիւռքի միջազգայնացում" բառակապակցութիւնը։

Սարգիս Մկրտչեան
2001 թուականից
ընտանեօք Հայաստանում հաստատուած սփիւռքահայ

Friday, October 15, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (3)

Միւս կողմից՝ հաւանաբար նախարարը չգիտի կամ էլ, որ աւելի ճիշտ է, չիմանալ է տալիս Հայաստանից արտագաղթող տարեկան տասնեակ հազարաւոր հայաստանահայերի մասին։ Հայաստանահայեր, որոնք ծնուել են Հայաստանում, մեծացել են Հայաստանում, ընտանիք, բարեկամներ, ծանօթներ ու կապեր ունեն Հայաստանում եւ այդուհանդերձ հեռանում են Հայաստանից։ Միայն 2010 թուականի մինչ այս պահը խօսւում է օդային ճանապարհով 61000 հեռացածների մասին։ Հարց է առաջանում՝ եթէ այդքան նպաստաւոր են պայմանները, ապա ինչու՞ են առաջին հերթին հայաստանահայերը լքում Հայաստանը։ Հայաստանից արտագաղթի վերաբերեալ խորհուրդ կը տամ կարդալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարեկան զեկոյցը, որը հրատարակուել է թուականիս Մայիսի 11-ին։

Շահեկան կը լինի կարդալ նաեւ հետեւեալ յօդուածը http:// 7or.am/hy/news/2010-09-29/18038/ ։ Զանց առնելով յօդուածագրի՝ խնդրի քաղաքական կողմի վերլուծութիւնը, պարզապէս ուզում եմ առաջարկել նախարարին, սփիւռքահայերին Հայաստան տեղափոխելու փոխարէն, աւելի արդիւնաւէտ ու ազգանուէր գործ անել՝ հայաստանահայ տաղանդաւոր երաժիշտին ու նրա նմաններին պահել Հայաստանում։

Thursday, October 14, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (2)

Նախարարն յայտարարում է, որ սփիւռքահայերը թող աշխատանք նախաձեռնեն Հայաստանում եւ վստահ լինեն, որ Հայաստանում բոլոր պայմանները այդ առումով յարմար են։ Թող հազար սփիւռքահայ Հայաստանում գործ սկսի եւ բացի հարիւր աշխատատեղ։ Այդ պարագային հարիւր հազար հոգի աշխատանք կունենան (միտք բանին սա է, ուղղակի ասուած բառերը չգտայ)։

Սփիւռքահայի համար նախարարի եւ իշխանութեան որեւէ այլ պաշտօնեայի յայտարարութիւնից անհամեմատելիօրէն աւելի վստահելի աղբիւր է իր նման այլ սփիւռքահայերի փորձը, որոնք հաստատուել են Հայաստանում ու նրանց հետ կիսում են իրենց մտքերն ու ապրումները։

Հետեւաբար Սփիւռքի նախարարը լաւ կանի, Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի հետ ձեւական հանդիպում կազմակերպելու փոխարէն, հետաքրքրուի, թէ Հայաստանի անկախութիւնից յետոյ քանի սփիւռքահայ է հաստատուել Հայաստանում եւ այսօր նրանցից քանիսն է տակաւին ապրում Հայաստանում։ Ինչու՞ են նրանք լքում Հայաստանը։

Խորհրդատրելի է, որ Սփիւռքի նախարարը փորձի ոչ թէ բարեկամի, ծանօթի, ունեցած կապերի ու մանաւանդ կաշառքի օգնութեամբ, այլ ուղղակի յոյսը իր սեփական ուժերի վրայ դնելով, մի "բիզնես" նախաձեռնի Հայաստանում։ Արդիւնքը ուսանելի կը լինի նախարարի, որից յետոյ՝ սփիւռքահայերի համար։ Այո, կան սփիւռքահայեր, որոնք Հայաստանում աշխատանք են նախաձեռնել եւ յաջողել են։ Սակայն, խնդրեմ, մօտեցէք այդ մարդկանց ու հարցրէք իրենց տեսակէտը, տպաւորութիւնը, անցած ուղին։ Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, մատահաշիւ բացառութիւններով, բոլորը պարտաւորուել են մտնել Հայաստանեան շուկայի խաղի կանոնների մէջ, որը, մեղմ ասած, զզուանք է առաջացնում եւ աղաւաղում մարդու բարոյական նկարագիրը։ Չեմ խօսում այն բազմաթիւերի, կրկնում եմ՝ բազմաթիւերի մասին, որոնք գործ են նախաձեռնել ու բառի բուն իմաստով տապալուել են եւ նրանց, ովքեր մէկ-հինգ-տաս տարի ապրել են Հայաստանում եւ ի վերջոյ լքել Հայաստանը։

Որտե՞ղ են այդ յարմար պայմանները, որոնց մասին յայտարարում է նախարարը։

Wednesday, October 13, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (1)

Վերոյիշեալ վերնագրով յօդուածս տպագրուել է Հոկտեմբերի 4-ին http://www.7or.am/ կայքէջում, որից յետոյ Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ում հրատարակուող "Ասպարէզում"` http://www.asbarez.com/։
Ստորեւ այն տպագրում եմ նաեւ այստեղ։

Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան 2-ամեակի կապակցութեամբ Սեպտեմբերի 29-ին մամլոյ ասուլիս էր հրաւիրել նախարար Հրանուշ Յակոբեանը։

Հեռուստաալիքով դիտեցի մամլոյ ասուլիսի լրատւութիւնը, որից յետոյ այցելեցի նախարարութեան՝ "Հայերն այսօր" կայքէջը եւ կարդացի այդ մասին հրատարակուած լրատւութիւնը։ Ցաւօք չգտայ ամբողջ տեքստը։

Հակառակ ոմանց այն կարծիքի, որ Սփիւռքի նախարարութիւնը անհրաժեշտութիւն չէր (ու չէ), անձամբ ես այն համարում եմ անհրաժեշտութիւն եւ կատարուած քայլը՝ դրական։ Խորապէս գիտակցում եմ նաեւ, թէ ինչքան բազմապիսի, բազմաբնոյթ ու բարդ աշխատանքի առջեւ է կանգնած Սփիւռքի նախարարութիւնը։

Սպասելիքներն ու պահանջները շատ են, հնարաւորութիւնները՝ քիչ, եւ շատերն էլ ակնկալիք ունեն, որ ամէն ինչ կատարուի կարճ ժամանակամիջոցում, որն, անշուշտ, հնարաւոր չէ։

Սակայն այս ամբողջը որեւէ մէկին թոյլ չի տալիս հանրութեան գցել մոլորութեան մէջ։ Մանաւանդ՝ ոլորտի պատասխանատու նախարարին։

Ստորեւ ուզում եմ անդրադառնալ ասուլիսի ժամանակ հնչած մի քանի մտքերի։

Նախարարն յայտարարում է. "Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է։ Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն եւ շահոյթ ստանան (մէջբերում ելոյթից)"։ Ճիշտն ասած՝ մի քանի անգամ կարդացի այս երկու նախադասութիւնը ու չկարողացայ կապ գտնել առաջինի եւ երկրորդի միջեւ։ "Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է", եւ որպէս տրամբանական եզրակացութիւն՝ "Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն ու շահոյթ ստանան"։ Այսինքն՝ ով իրեն հայ է զգում, պէտք է գնայ իր հայրենիք՝ Հայաստան, եւ գործ դնի ու շահոյթ ստանայ։ Ուրի՞շ։ Իսկ ո՞վ ասաց, որ սփիւռքահայութիւնը բաղկացած է միայն գործարարներից։ Իսկ ո՞վ ասաց, որ հայրենիքը միայն գործ դնելու ու շահոյթ ստանալու համար է։ Իսկ ո՞վ ասաց, որ նա ով իրեն հայ չի զգում ու հայ չէ, եւ իր հայրենիքն էլ Հայաստանը չէ, չի կարող գալ Հայաստան ու գործ դնել ու շահոյթ ստանալ։ Եւ, ի վերջոյ, ընդհանուր առմամբ ի՞նչ կապ ունի մարդու հայրենիքը գործ դնելու ու շահոյթ ստանալու հետ։

Monday, October 4, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ"

www.7or.am կայքէջում կարող էք կարդալ "Հայրենիքն ու շահոյթը" վերնագրով յօդուածս, որը վերաբերում է Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան 2-ամեակի կապակցութեամբ նախարարի հրաւիրած մամլոյ ասուլիսի ժամանակ հնչած որոշ մտքերի։

Պինդ մնացէք։

Wednesday, March 17, 2010

Monday, January 18, 2010

ԴԱՍ ՏՈՒՈՂԻ ԾԻԾԱՂԵԼԻ ՎԻՃԱԿԸ

Սփիւռքի նախարարի այս արտայայտութիւնը հետաքրքիր է մի քանի առումով։

1.- Սփիւռքի նախարարը չի ասում, որ արձանագրութիւնների կապակցութեամբ բազմահազար Հայաստանահայերի կասկածները որտեղի՞ց են ակունք առնում։

2.- "Սփիւռքահայերը կասկածով են վերաբերւում Հայաստանի պետական մարմինների հաւաստիացումներին"։ Այն տպաւորութիւնն է թողնում, որ Հայաստանահայերը անխտիր հաւատում են Հայաստանի իշխանաւորներին։ Յետոյ ինչու՞ պիտի հաւատան։ Այն, որ օտարներին չպիտի հաւատան՝ պարզ է, իսկ այն, որ իշխանաւորները որեւէ բան չեն արել, որ հաւատք ներշնչեն՝ դա էլ պարզից պարզ է։

3.- Սփիւռքահայերը, ինչպէս մնացած բոլոր հայերը, եւ բոլոր մարդիկ այս աշխարհում ունեն մի բան, որը կոչւում է խելք։ Մարդիկ խելք ունեն, գրել կարդալ գիտեն, ի դէպ անգլերէն եւ կարողանում են արձանագրութիւնները կարդալ, ոչ մի քանի անգամ կատարուած հայերէն թարգմանութեամբ, այլեւ անգլերէն բնագրով ու վերլուծել։ Մարդիկ կարդում են ու իրենց կարդացածն են վերլուծում։ Հետեւաբար հաւաստիացումների պէտք չկայ, պէտք է ճիշտ գրել։ Իսկ եթէ մէկն ուզում է հիմք ընդունել բանաւոր հաւաստիացումները, այլ ոչ արձանագրութիւնները, դա այլ հարց է։

4.- Եւ հակառակ այն բանի, որ Սփիւռքի նախարարը փորձում է դաս տալ Սփիւռքահայերին չընկնելու թրքական լրատուամիջոցների թակարդը, ինքն է յայտնուել այդ վիճակում, ընկնելով թրքական պետական լրատուամիջոցների թակարդը ու սեպ խրելով Հայաստանի ու Սփիւռքի միջեւ։ Նախարարն իր ելոյթով ոչ թէ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ կամրջի դեր է խաղում, այլեւ ազգը յստակօրէն բաժանում է երկու մասի՝ Սփիւռքահայերի, որոնք դէմ են արձանագրութիւններին ու ընկել են թրքական լրատուամիջոցների թակարդը, եւ Հայաստանահայերի, որոնք կողմ են արձանագրութիւններին ու չեն ընկել թրքական լրատուամիջոցների թակարդը։ Նախարարին յիշեցնենք, որ Սփիւռքում էլ կան մարդիկ, որոնք կողմ են արձանագրութիւններին (տեսանիւթերը վերցնել Հ1-ից)։ Եւ Հայաստանում էլ կան բազմահազար մարդիկ, որոնք դէմ են արձանագրութիւններին (Youtube-ով տեսնել Հոկտեմբերի 9-ի ցոյցը Երեւանում)։

Պինդ մնացէք։

Wednesday, March 28, 2007

ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (3)

Շարունակութիւն նախորդ համարից.-

31.- Սոտուի- Բջջային
32.- Պատեզդ- Շէնքի մուտք
33.- Շոչիկ- Հաշուիչ
34.- Պուլտ- Հեռակառավարման վահանակ (Control)
35.- Զդաչի- Վերադարձուող մանր դրամ
36.- Եառմառկա- Տօնավաճառ
37.- Պեռեռիւ- Ճաշի ընդմիջում
38.- Սփասիբա- Շնորհակալութիւն
39.- Պաժալստա- Խնդրեմ
40.- Մոյկա-Մեքենայի լուացման կէտ (Carwash)

41.- Զամոկ-Կողպէք, փական
42.- Պռուժին-Զսպանակ
43.- Ապտեկա- Դեղատուն
44.- Օպտիկա- Ակնոցավաճառանոց
45.- Կառավատ- Մահճակալ
46.- Ռազբոռկա- Երկու կամ աւելի կողմերի միջեւ հաշիւների գողական պարզաբանում
47.- Դաւայ- Արի... (Դաւայ գնանք= Վեր կաց գնանք, Արի գնանք)
48.- Շուստրի- Սրիկայ, աւելորդ ճարպիկ
49.- Խառոշի- Բառացիօրէն՝ լաւ (Գործնականում՝ կիսախուլիգան, կիսագողական մարդ)
50.- Պադալոկ- Առաստաղ

Friday, March 9, 2007

ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (2)

Շարունակութիւն նախորդ համարից.-

11.- Մառոժնի- Պաղպաղակ
12.- Մալադձեձ- Կեցցէ
13.- Բուտկա- Կրպակ
14.- Զաժիգալկա- Լուցիչ, կրակայրիչ
15.- Զակուսկեղէն- Խորտիկներ
16.- Խալադելնիկ- Սառնարան
17.- Գազի պլիտա- Գազօջախ
18.- Կաստռուլյէ- Կաթսայ
19.- Չայնիկ- Թէյնիկ
20.- Պեսոկ- Շաքարաւազ

21.- Պեչենի- Մի տեսակ չոր թխուածք (Biscuit)
22.- Կուխնի- Խոհանոց
23.- Սպալնի- Ննջասենեակ
24.- Զալ- Մեծ սրահ
25.- Պադուալ- Գետնափոր
26.- Աբոյ- Պատի պաստառ
27.- Պիլեսոս- Փոշեծծիչ
28.- Տելեւիզըռ- Հեռուստացոյց
29.- Լուստռա- Ջահ
30.- Աստանոֆկա- Կանգառ

Լաւ մնացէք։

Wednesday, February 28, 2007

ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (1)

- Պռիւէտ ապէր։
- Ինչու՞ ուշացար։
- Պռոպկա էր։
- Խալադենիկում մառոժնի կայ, կուտե՞ս։

Ցանկացած Սփիւռքահայ, որը գալիս է Հայաստան մշատական բնակութեան կամ այցելութեան համար, առաջին իսկ պահից լսելու է նմանատիպ բառեր, որոնք իր համար անհասկանալի են։ Այդ բառերը լայն օգտագործում ունեն, սակայն ցաւօք հայերէն չեն։ Դրանք օտարամուտ բառեր են, մեծաւ մասամբ՝ ռուսերէն։

Թիւրիմացութիւն չառաջացնելու նպատակով անմիջապէս պիտի ասեմ, որ ի հարկէ արտերկրում ապրող հայերն էլ իրենց բնակած վայրի ազդեցութեան ներքոյ, շատ թէ քիչ, օգտագործում են օտարամուտ բառեր։ Դժբախտաբար վերջին տարիներում քիչ չեն այն երիտասարդները, որոնք ոչ թէ անաղարտ հայերէն չեն խօսում, այլ ընդհանրապէս հայերէն չգիտեն։ Նրանց պարագան ամբողջութեամբ այլ է։ Չփորձելով արդարացնել պարագան պիտի ասեմ, որ դրա պատճառը ազգի գոյատեւման ու յարատեւման գրաւականն հանդիսացող հողում` այսինքն հայրենիքիում չապրելն է։

Հայաստանաբնակների պարագային դա բացատրւում է երկար տասնամեակներ Ռուսաստանի (Ցարական թէ Խորհրդային) կազմում լինելու, Ռուսաստանի հետ սերտ կապ ունենալու ու անընդհատ Ռուսաստան ճամբորդելու (ուսման, աշխատանքի թէ այլ), ուստի ռուսերէնի ուժեղ ազդեցութեան պատճառով։

Մինչեւ այստեղ թւում է ամէն ինչ հասկանալի է ու մեր կամքից անկախ՝ բնական։

Խնդիրը սակայն մտահոգիչ է դառնում այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ Հայաստանի անկախութիւնից 15 տարի յետոյ, ոչ միայն չեն պակսում այդ բառերը, այլ ընդհակառակն, իմ տպաւորութեամբ, էլ աւելի թափ է ստանում դրանց օգտագործումը։

Պատճառները մի քանիսն են, որոնց մասին կը գրեմ այլ առիթներով։

Յամենայնդէպս այդ բառերի չիմանալը երբեմն դժուարացնում է հաղորդակցութիւնը։ Որոշ դէպքերում էլ նոյնիսկ իմանալը, սակայն ճիշտ չարտասանելը ազդում է ապրանքների գների վրայ...

Ուստի կարծում եմ անօգուտ չի լինի ծանօթանալ այդ բառերից մի քանիսի հետ՝ հաղորդակցութիւնը հեշտացնելու, բայց ոչ թէ առկայ իրականութեան հետ յարմարուելու նպատակով։ Իրականութիւնը պիտի լինի այն, ինչ ամրագրուած է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնում՝ "Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն՝ հայերէնն է"։

1- Պռիւետ- Բարեւ
2- Պակա- Ցտեսութիւն
3- Մառշուտնի- Երթուղային մեքենայ
4- Պռոպկա- Խցանում (traffic)
5- Պաւառոտ- Շրջադարձ
6- Գայիշնիկ- Ճանապարհային ոստիկան
7- Վաբշչէ- Ընդհանրապէս
8- Վոբշէմ- Ընդհանուր առմամբ
9- Պռոստը- Պարզապէս
10- Մալադձեձ- Կեցցէ

Առայժմ այսքանն անգիր արէք, մնացածը յետոյ։

Բարեւներով՝

Monday, February 26, 2007

"ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ՄԻ ԴՐԷՔ ՀԱՅԻ ՈՒ ՀԱՅԻ ՄԻՋԵՒ "

Այսօր Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը 66 կողմ, 5 դէմ եւ 1 ձեռնպահ քուէներով ընդունեց Երկքաղաքացիութեան մասին օրէնքը։

Յիշեցնենք, որ Ազգային Ժողովն ունի 131 պատգամաւոր եւ եթէ 66 կողմի փոխարէն լինէր 65, օրինագիծը չէր ընդունուի։

59 պատգամաւոր ներկայ չեն եղել Ազգային Ժողովում (131 - 72 = 59)

Ներկայ չեն եղել, որովհետեւ որեւէ լուրջ պատճառով չէի՞ն կարող մասնակցել ժողովին, ասենք օրինակ հիւանդանոցում վիրահատման են ենթարկուած եղել։

Ներկայ չեն եղել, որովհետեւ ընդհանրապէս նրանց չի՞ հետաքրքրում Ազգային Ժողովի աշխատանքներն ու ընդունուող օրինագծերը։

Ներկայ չեն եղել, որովհետեւ դէ՞մ են Երկքաղաքացիութեան մասին օրէնքին եւ չեն ցանկացել քուէարկութեան պահին ներկայ լինել Ազգային Ժողովում։

Առայժմ չգիտենք։
Իսկ ներկաներից "Համաձայնական" կառավարութեանը մաս կազմող ՄԱԿ-ը եւ ցեղակրօն, Նժդեհեան գաղափարախօսութեան հետեւորդ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան որոշ անդամներ դէմ են քուէարկել օրինագծին։

Ընդդիմութիւնը չի մասնակցել քուէարկութեանը, վերջերս ընդդիմութիւն դարձած "Օրինաց Երկիր"-ն էլ նոյնպէս։

Աշխարհին յայտնի է, որ երկքաղաքացիութեան մասին դրոյթը նախ ամրագրուեց Սահմանադրութիւնում, յետոյ էլ օրինագծի նախագիծը ներկայացուեց Ազգային Ժողովին ու հիմա էլ ընդունուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան սկզբունքային ու հետեւողական մօտեցման ու աշխատանքի շնորհիւ։ Վարձքներդ կատար պիտի ասել ընկերներին։

Սակայն քուէարկութեան վերոյիշեալ պատկերը եւ Ազգային Ժողովում հնչած ելոյթներն ու լրատուամիջոցներով արտայայտուած մտքերը իրօք հայ մարդուն ու յատկապէս նրան, ով իր անուան հետեւից քարշ է տալիս Սփիւռք բառը, այսինքն Սփիւռքահայերին լուրջ ու խոր մտածելու տեղ է տալիս։ Մտածել այն մասին, թէ ինչու՞ ոմանք (որոնց թիւը ցաւօք քիչ էլ չէ) տարբերութիւն են դնում հայի ու հայի միջեւ։

Վարձքներդ կատար ընկերներ։

Յ.Գ.1.- Անցեալ շաբաթ կարդացի հարցազրոյց գրող, նկարիչ` Աղասի Այուազեանի հետ, որտեղ նա յորդորում էր "Տարբերութիւն մի դրէք հայի ու հայի միջեւ"։ Ձեւակերպումը տպագրուեց մտքիս մէջ ու այս գրութեանս վերնագիրն էլ հէնց դա է։

Յ.Գ.2.- Հ.Հ.Շ.-ն էլ այսօր մէկ անգամ նորից ու այս անգամ կուսակցութեան փոխնախագահ Անդրանիկ Յովակիմեանի միջոցով յայտարարեց, որ երկքաղաքացիութիւնը վտանգ է Հայաստանի անվտանգութեանը։ Հետաքրքիր զուգորդութեամբ Թուրքիան էլ յայտարարել է, որ Հայաստանի կողմից երկքաղաքացիութեան մասին օրէնքի ընդունումը վտանգ է Թուրքիայի անվտանգութեանը։ Մէկը պիտի հհշականներին յիշեցնի, որ Հայաստանում իրենց ներկայութիւնն է վտանգ Հայաստանի անվտանգութեանը։