Saturday, October 16, 2010

"ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՇԱՀՈՅԹԸ" (4)

Նախարարն առաջարկում է, որ իւրաքանչիւր սփիւռքահայ եօթ տարին մէկ անգամ այցելի Հայաստան՝ որպէս զբօսաշրջիկ, եւ հաշուել է ու եզրակացրել, որ ոչ աւել, ոչ պակաս՝ ամէն տարի մէկ միլիոն զբօսաշրջիկ կայցելի Հայաստան, որը եկամուտի մեծ աղբիւր է Հայաստանի համար։

Այստեղ եւս երեւան են գալիս մօտեցման երկու սխալ երեսները։ Առաջին, որ սփիւռքահայը կայ-չկայ՝ եկամուտի աղբիւր է, կամ գործարարի ու Հայաստանում ներդրում անողի տեսքով, կամ էլ զբօսաշրջիկի տեսքով։ Կարճ ասած՝ սփիւռքահայը փող է։

Երկրորդ մօտեցումը երեւան է բերում նախարարի՝ երկու տարի աշխատելուց յետոյ տակաւին Սփիւռքը չճանաչելու փաստը։ Սփիւռքահայերը միայն նրանք չեն, ովքեր նախարարին հրաւիրում են շքեղ դահլիճներում ճոխ ընթրիքների։ Նախարարը հաւանաբար չի էլ պատկերացնում, որ Սփիւռքում կան բազմաթիւ հայեր, որոնք օրն ի բուն աշխատում են իրենց ընտանիքի ապրուստը ապահովելու համար, որ կան մարդիկ, որոնք ապրում են աղքատութեան մէջ, որ կան մարդիկ, ովքեր մինչեւ իրենց կողքի քաղաքը չեն կարողանում գնալ, էլ ուր մնաց՝ Հայաստան։ Սփիւռքահայութիւնը միայն հարուստ մարդկանցից բաղկացած խումբ չէ։ Ոլորտի պատասխանատուները լաւ կանեն, որ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում շփուեն սովորական մահկանացուների հետ, որպէսզի ճիշտ պատկերացում կազմեն իրավիճակի մասին։

Կարելի է շարունակել, սակայն բաւարարւում եմ այսքանով՝ նշելով, որ բացարձակապէս այն կարծիքի չեմ, որ Սփիւռքի նախարարութեան առջեւ դրուած խնդիրները հեշտ լուծելի են։ Ոչ։ Սակայն խորապէս այն կարծիքի եմ, որ հասարակութեանը, այս պարագային՝ սփիւռքահայութեանը պիտի ասել իրականութիւնը եւ չփորձել մոլորութեան մէջ գցել։ Համազգային խնդիրները համազգային ուժերով են լուծում պահանջում։

Ի դէպ՝ չպարզուեց, թէ ինչու է ասուլիսը հրաւիրուել Սփիւռքի նախարարութեան "կայացման" 2-ամեակի կապակցութեամբ։ Նախարարութիւնը ի՞նքն է եկել այն եզրակացութեան, որ կայացել է, թէ՞ այդ գնահատականը պիտի տան ուրիշները։ Իսկ ընթերցողներից որեւէ մէկը որեւէ հաստատութեան "կայացման" յոբելեանի մասնակցե՞լ է։

Եւ, ի վերջոյ, "ներկայացնելով 2 տարուայ ընթացքում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը՝ նախարար Յակոբեանը...2011-ը կանխորոշեց դարձնել Սփիւռքի միջազգայնացման ժամանակաշրջան"։ Մէկը կը թարգմանի՞ "Սփիւռքի միջազգայնացում" բառակապակցութիւնը։

Սարգիս Մկրտչեան
2001 թուականից
ընտանեօք Հայաստանում հաստատուած սփիւռքահայ

1 comment:

Anonymous said...

" Նախարարը հաւանաբար չի էլ պատկերացնում, որ Սփիւռքում կան բազմաթիւ հայեր, որոնք օրն ի բուն աշխատում են իրենց ընտանիքի ապրուստը ապահովելու համար, որ կան մարդիկ, որոնք ապրում են աղքատութեան մէջ, որ կան մարդիկ, ովքեր մինչեւ իրենց կողքի քաղաքը չեն կարողանում գնալ, էլ ուր մնաց՝ Հայաստան։ Սփիւռքահայութիւնը միայն հարուստ մարդկանցից բաղկացած խումբ չէ..."

RESPECT!!!!
shnorhakalutyun Paron Mkrtchyan!!!!
lav texn eq drel dranc!!!