Showing posts with label ԿԱՅՔ ԷՋ. Show all posts
Showing posts with label ԿԱՅՔ ԷՋ. Show all posts

Wednesday, July 11, 2007

ՎԵՑ ԱՄՍԵԱԿ

Այսօր լրանում է կայք էջիս 6 ամսեակը։
Առաջին գրութիւնը տպագրել եմ 2007 թուականի Յունուարի 11-ին։

Եօթնօրեակ, տասնօրեակ, քառասնօրեակ, 100-րդ օր, տարեդրաձ եւ այլն, լսել եմ, բայց վեց ամսեակ չեմ լսել։ Այնքան որ տեղեակ եմ ամիսների նշումը կատարւում է մէկ տարին չլրացրած մանուկների պարագային, երբ ծնողները ամիս առ ամիս նշում են երեխայի ծնունդը։

Ինչեւէ, այսօր ուզում եմ գրել անցած վեց ամիսների ուղու մասին եւ ներկայացնել որոշ վիճակագրական տուեալներ։

1.- Անցնող ժամանակաընթացքում փորձեցի հնարաւորութեանս սահմաններում խորանալ Weblog-երի տեխնիկական մանրամասնութիւնների մէջ, որպէսզի թէ տեղեկութիւններս շատացնեմ եւ թէ կարողանամ դրանք օգտագործել։ Այդ առումով որոշ յաջողութիւններ ունեցայ։

Օրինակ սկզբում չգիտէի ինչպէս են լուսանկար տեղադրում կայքում։ Սովորեցի։

Յետոյ փնտռեցի եւ իմացայ, թէ ինչպէս են կայք էջում տեղադրում հաշուիչ "Counter" եւ Ապրիլի 23-ին այն տեղադրեցի կայք էջում, որն ինձ հետաքրքիր տեղեկութիւններ տուեց կայք էջն այցելողների մասին։

Վստահ եմ կան շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին չգիտեմ։ Հետեւաբար պիտի շարունակեմ ուսումնասիրութիւններս։

2.- Կայք էջս այցելում են հետեւեալ երկրներից՝ ԱՄՆ (Արեւելեան եւ Արեւմտեան ափ), Հայաստան, Կանադա, Անգլիա, Լիբանան, Բրազիլ, Բելգիա, Իրան, Արգենտինա, Լեհաստան, Մոնակօ, Ճապոնիա, Մեքսիկօ, Իտալիա, Գերմանիա, Յունաստան, Աւստրալիա, Ֆրանսիա եւ այլուր եւ այնպիսի քաղաքներից, որոնց նոյնիսկ անունը չեմ լսել։

Որոշ երկրներից այցելում են կանոնաւոր կերպով, որոշներից էլ երբեմն-երբեմն, իսկ որոշ երկրներից էլ հաւանաբար պատահմամբ են յայտնուել կայք էջում, որովհետեւ մէկ անգամ եկել ու գնացել` էլ յետ չեն եկել։

3.- Եօթանասուն եօթ օրուայ ընթացքում կայք էջս այցելել են 562 անգամ, միջին հաշուով օրը հինգ հոգի եւ օրը 8 էջ։ Օր է եղել, որ այն այցելել են 27 անգամ եւ օրը է եղել` 0 անգամ։ Ներկայիս այցելուների 40 տոկոսը երկուսից տաս եւ տասից աւելի անգամ են այցելել կայք էջս։ Այցելուների 20 տոկոսից աւելին մէկ ժամից աւելի են մնացել կայք էջում։

4.- Անձնական նամակներով, հեռախօսով եւ հանդիպումների ժամանակ այցելուներն իրենց կարծիքն են յայտնում այս կամ այն նիւթի կամ էլ ընդհանրապէս կայք էջիս մասին, բայց "Comment"-ների բաժնում տեսակէտ չեն գրում։ Ինչու՞։ Չգիտեմ։

Բոլոր դէպքերում այցելուների տեսակէտներն ու առաջարկները կարող են ինձ (հաւանաբար նաեւ միւս այցելուներին) օգտակար լինել։

5.- Պիտի փորձեմ կանոնաւոր կերպով շարունակել գրել։ Գրելու նիւթ յաճախ կայ, թէ առօրեայ կեանքում պատահածներ ու նկատածներ, թէ ընդհանրապէս մտորումներ ու ազգային ու միջազգային խնդիրներ։ Գրելու համար պարզապէս ժամանակ է պէտք եւ հանգիստ միտք։ Նախապայմաններ, որոնց սակաւութիւնն օրէցօր աւելի է զգալի դառնում, այդուհանդերձ պիտի փորձեմ շարունակել գրել։

Լաւ մնացէք։

Monday, February 19, 2007

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

1.- Նախ շնորհակալ եմ բոլոր այն ընկերներին, որոնք հեռախօսով, էլեկտրոնային նամակներով կամ էլ անձամբ հանդիպելիս իրենց տեսակէտն են արտայայտել այս կայքէջի կապակցութեամբ։ Երկու խօսքով ասեմ, որ ընդհանուր առմամբ գնահատւում են գրելու ոճը, ընտրուած նիւթերը եւ այլն։ Առաջարկներ կան կայք էջի ձեւաւորումը փոխելու եւ այն աւելի ճոխացնելու մասին։ Ես Weblog-երի տեխնիկական կողմի մասին շատ բան չգիտեմ։ Յամենայնդէպս կը փորձեմ տեղեկութիւններ ձեռք բերել եւ տեսնել ինչ կարելի է անել։ Եթէ յստակ առաջարկներ կան՝ սիրով կը լսեմ։

2.- Որոշներն առաջարկում են գրել ամէն օր։ Անկեղծ ասած, երբ որոշեցի սկսել այս կայք էջը` լաւապէս գիտակցում էի, որ այն ինձնից խլելու է բաւականին ժամանակ։ Որովհետեւ թէ պիտի որոշել ինչի մասին գրել, թէ գրել, թէ ստուգել գրածը, թէ յետոյ միանալ համացանցին ու ահա այս պահից չգիտես ինչ է լինելու (Օրինակ մի երկու օր առաջ փորձեցի միանալ համացանցին ու չեղաւ։ Մտածեցի ժամանակս աւարտուել է։ Երբ միւս օրը կապուեցի սպասարկող ընկերութեանը, պատասխանեցին որ, "Երեկ գիշեր կապը երկու ժամով ընդհատուել էր։" Ի՞նչ անես։) եւ այլն։ Ու քանի որ 24 ժամուայ ընթացքում սա իմ միակ գործը չէ, ուստի դժուարանում եմ ամէն օր գրել։ Ամէն օր գրելը շատ ժամանակ է խլելու եւ չգիտեմ կը կարողանամ դա անել թէ ոչ։

3.- Սոյն կայք էջն ստեղծելու նպատակներից մէկը, ինչպէս գրել եմ առաջին գրութեանս մէջ, մտքերի փոխանակութեան միջավայր առաջացնելն է։ Այն, որ որոշները հեռախօսում են կամ անձամբ հանդիպում եւ արտայայտւում կայքէջի մասին, նշանակում է ընթերցող կայ եւ գրածը ջուրը չի թափւում։ Բայց շատ աւելի լաւ կը լինէր, եթէ կայք էջն այցելուներն իրենց տեսակէտները գրէին արծարուած նիւթերի մասին, որպէսզի կարողանայինք լսել համակարծիք ու տարակարծիք մարդկանց տեսակէտներն ու մտքեր փոխանակել։

4.- Մի երկու ընկեր էլ հարցրել են թէ արդեօք կարելի է այս կայքէջի մասին տեղեակ պահել ուրիշներին։ Պատասխանը յստակ է՝ ի հարկէ, այո։ Սա համացանցային բաց էջ է եւ իմ կողմից որեւէ սահմանափակում չկայ, թէ ով կայցելի այն։

Լաւ մնացէք։

Wednesday, January 17, 2007

ՀԱՅԵՐԷՆ ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ

Ստացել եմ մի քանի նամակ, որոնցում գրողները հարցրել են, թէ ինչպէ՞ս են կարող հայերէն գրել Comment-ի բաժնում։

Պատասխան.
Ընդհանրապէս Unicode-ով հնարաւոր է։

Ես օգտւում եմ Armenian Typewriter Unicode-ից։

Եթէ դա հասանելի չէ, կարելի է գրել լատին տառերով հայերէն։

Ի վերջոյ նաեւ անգլերէն ու պարսկերէն։

Ձեր՝

Thursday, January 11, 2007

ԻՆՉՈՒ ԱՅՍ ԿԱՅՔԸ

Ինչու այս կայքը։

1- Մի ժամանակ չգիտէի ինչ է համացանցը (Internet)։ Չափազանցութիւն չի լինի եթէ ասեմ, որ այսօր այն կեանքիս մի մասնիկն է դարձել։ Ամէն օր համացանցի միջոցով նամակներ եմ ստանում ու դրանց պատասխանում, այցելում եմ բազմաթիւ պաշտօնական ու անպաշտօն կայք էջեր՝ կարդում լուրեր, յօդուածներ, յուշեր, փնտրում եմ ինձ հետաքրքրող նիւթերի մասին տեղեկութիւններ։

2 - Վերջերս մի նիւթի մասին փնտրտուք կատարելիս մէկ էլ ամենայն պատահականութեամբ ծանօթացայ աշխարհի տարբեր երկրներում ապրող մի խումբ պարսիկների հետ, որոնք ունեն իրենց անձնական կայքերը, գրում են հազար ու մի նիւթի մասին ու իրար հետ կապի մէջ են։ Թէեւ նման անձնական կայք ստեղծելու գաղափարն իմ մտքում վաղուց կար, սակայն պիտի խոստովանեմ, որ մեծապէս ազդուեցի նրանցից (մի քիչ էլ նախանձեցի)։ Ոչ ես եմ նրանց ճանաչում, ոչ էլ նրանք ինձ, բայց նրանք որոշիչ դեր խաղացին այս կայքն ստեղծելու գործում։

3- Կարծում եմ ամէն մարդ գոնէ մէկ անգամ իր կեանքում փորձել է օրագիր պահել։ Սա օրագիր չէ դասական առումով, որովհետեւ օրագրում կարող ես գրել այնպիսի բաներ, որոնք չես ուզում բոլորն իմանան, ասենք օրինակ` ում ես սիրում կամ ինչ պատահեց այնինչ օրը այնինչ վայրում կամ ում ինչքան փող ես պարտք տուել եւ ումից ինչքան ես պարտք արել եւ այլն։ Այս կայքն այդպիսին չէ։

Օրագիրը նաեւ, ինչպէս անունից էլ պարզ է, պիտի գրել ամէն օր։ Այս կայքում կը գրեմ ժամանակ առ ժամանակ, առիթ առ առիթ։ Կարծում եմ առիթները քիչ չեն լինի։

4- Այս կայքը տարբեր հարցերի մասին բարձրաձայն կամ աւելի ճիշտը հրապարակային մտածելու փորձ է՝ համացանցի ընձեռած հնարաւորութիւնն օգտագործելով։ Փորձ է գրի առնելու յուշերս, տպաւորութիւններս ու մտքերս։ Գրել այն ինչի մասին, որոնք պատահել ու պատահում են ինձ եւ այն ինչի մասին, որոնք պատահում են մեր շրջապատում, որոնցում մենք դերակատար չենք, բայց որոնք ազդում են մեր կեանքի վրայ։

5- Ի վերջոյ այս կայքը փորձ է ստեղծելու միեւնոյն մտահոգութիւններն ունեցող համակարծիք ու տարակարծիք մարդկանց շրջապատ։ Մի տեսակ մտքերի փոխանակութեան միջավայր, նկատի ունենալով, որ մեր ինքնութիւնը, մեր տեսակէտները ձեւաւորւում են իրար հետ շփուելով, իրարից ազդուելով ու իրար մտքերից ու փորձառութիւնից օգտուելով։

Յոյսով եմ ստացուի։

Բարեւներով՝