Վերոյիշեալ վերնագրով յօդուածս տպագրուել է Հոկտեմբերի 4-ին http://www.7or.am/ կայքէջում, որից յետոյ Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ում հրատարակուող "Ասպարէզում"` http://www.asbarez.com/։
Ստորեւ այն տպագրում եմ նաեւ այստեղ։
Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան 2-ամեակի կապակցութեամբ Սեպտեմբերի 29-ին մամլոյ ասուլիս էր հրաւիրել նախարար Հրանուշ Յակոբեանը։
Հեռուստաալիքով դիտեցի մամլոյ ասուլիսի լրատւութիւնը, որից յետոյ այցելեցի նախարարութեան՝ "Հայերն այսօր" կայքէջը եւ կարդացի այդ մասին հրատարակուած լրատւութիւնը։ Ցաւօք չգտայ ամբողջ տեքստը։
Հակառակ ոմանց այն կարծիքի, որ Սփիւռքի նախարարութիւնը անհրաժեշտութիւն չէր (ու չէ), անձամբ ես այն համարում եմ անհրաժեշտութիւն եւ կատարուած քայլը՝ դրական։ Խորապէս գիտակցում եմ նաեւ, թէ ինչքան բազմապիսի, բազմաբնոյթ ու բարդ աշխատանքի առջեւ է կանգնած Սփիւռքի նախարարութիւնը։
Սպասելիքներն ու պահանջները շատ են, հնարաւորութիւնները՝ քիչ, եւ շատերն էլ ակնկալիք ունեն, որ ամէն ինչ կատարուի կարճ ժամանակամիջոցում, որն, անշուշտ, հնարաւոր չէ։
Սակայն այս ամբողջը որեւէ մէկին թոյլ չի տալիս հանրութեան գցել մոլորութեան մէջ։ Մանաւանդ՝ ոլորտի պատասխանատու նախարարին։
Ստորեւ ուզում եմ անդրադառնալ ասուլիսի ժամանակ հնչած մի քանի մտքերի։
Նախարարն յայտարարում է. "Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է։ Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն եւ շահոյթ ստանան (մէջբերում ելոյթից)"։ Ճիշտն ասած՝ մի քանի անգամ կարդացի այս երկու նախադասութիւնը ու չկարողացայ կապ գտնել առաջինի եւ երկրորդի միջեւ։ "Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է", եւ որպէս տրամբանական եզրակացութիւն՝ "Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն ու շահոյթ ստանան"։ Այսինքն՝ ով իրեն հայ է զգում, պէտք է գնայ իր հայրենիք՝ Հայաստան, եւ գործ դնի ու շահոյթ ստանայ։ Ուրի՞շ։ Իսկ ո՞վ ասաց, որ սփիւռքահայութիւնը բաղկացած է միայն գործարարներից։ Իսկ ո՞վ ասաց, որ հայրենիքը միայն գործ դնելու ու շահոյթ ստանալու համար է։ Իսկ ո՞վ ասաց, որ նա ով իրեն հայ չի զգում ու հայ չէ, եւ իր հայրենիքն էլ Հայաստանը չէ, չի կարող գալ Հայաստան ու գործ դնել ու շահոյթ ստանալ։ Եւ, ի վերջոյ, ընդհանուր առմամբ ի՞նչ կապ ունի մարդու հայրենիքը գործ դնելու ու շահոյթ ստանալու հետ։
No comments:
Post a Comment