Հայաստանում բնակարան (Appartment, յարկաբաժին) ունեցողները, ինչպէս շատ երկրներում, շէնքի պահպանման համար պիտի ամսեկան վճարում կատարեն։ Վճարումները կատարւում են “համատիրութիւններին”։
Պահպանում նշանակում է կտուրի, մուտքի աստիճանների եւ ընդհանրապէս աստիճանների, միջանցքների, վերելակի եւ շէնքի բոլոր բնակիչներին պատկանող, այսինքն համայնական վայրերի ու իրերի նորոգութիւն եւ այս ամբողջի պահպանում, որպէսզի դրանք աւերակի չվերածուեն եւ բնակիչներն ապրեն մարդավայել պայմաններում։
Հայաստանում նորակառոյց շէնքերի պարագային համատիրութեանը վճարուող գումարի չափը շէնքից շէնք տարբերում է։ Ես օրինակ երկու նորակառոյց շէնք գիտեմ, որոնցից մէկի սպասարկման ամսեկան վարձը 20000 դրամ է, միւսինը 25000 դրամ ($1 ԱՄՆ = 305 ՀԴ)։ Այս շէնքերն ունեն շուրջօրեայ պահակ, այսինքն անծանօթ մէկը չի կարող գլուխը բռնել ու մտնել շէնք, ունեն մաքրարարներ, որոնք ամէն օր մաքրում են միջանցքներն ու աստիճանները եւ այլն։ Սպասարկման վարձը շատ է, փոխարէնը պայմանները յարմար։
Հին շէնքերի պարագային այդ գումարը անհամեմատելիօրէն աւելի քիչ է։ Օրինակ ես իմ բնակարանի համար վճարում եմ ամսեկան 1300 դրամ, որի 300 դրամը աղբահանման համար է։ Մի կողմից պարզ է, որ այդքան քիչ վարձով, եթէ նոյնիսկ բոլոր բնակարանատէրերը վճարումները կատարեն, հնարաւոր չէ շուրջօրեայ պահակ պահել, սակայն միւս կողմից էլ կամ պիտի ընդհանրապէս վճարում չկատարել կամ էլ համատիրութիւններն առնուազն շէնքի պահպանման տարրական աշխատանքները պիտի կատարեն։
Մեր շէնքի ամէն մի մուտքում առկայ է 15 յարկաբաժին։ Իմ տեղեկութեամբ մեր մուտքի 15 բնակարանատէրերից այդ վճարումը կատարում են ընդամէնը երեքը (ներառեալ ես)։ Միւսները չեն վճարում։ Անձամբ ականատեսն եմ եղել, թէ ինչպէս են համատիրութեան պաշտօնեային տնից գռեհիկ կերպով դուրս վռնդել, որի համար վատ եմ զգացել։
Համաձայն Հայաստանի Հանրապետութեան “Բազմաբնակարան շէնքերի կառավարման մասին” օրէնքի այդ վճարումը պիտի կատարել պատկան համատիրութեանը, պարզ է հին շէնքերի պարագային ոչ վերոշարադրուածը կատարելու, օրինակ պահակ պահելու համար, սակայն առնուազն նորոգութիւնները կատարելու եւ շէնքը բարւօք վիճակում պահելու համար։ Օրէնքը նման պահանջ ու պարտաւորութիւն ունի։
No comments:
Post a Comment